Միրա Բաբայանը ծնվել և ողջ կյանքն ապրել է Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքում։
Միրան մեծացել է աշխատավոր ընտանիքում եւ կրթություն է ստացել որպես բուժքույր։ Աշխատանքի է անցել Հադրութի շրջանային հիվանդանոցի մանկական բաժանմունքում, իսկ վերջին 50 տարիներին աշխատել է Հադրութի ժանտախտի դեմ պայքարի բաժանմունքում՝ որպես բիոլաբորանտ։
Միրան պատմում է, որ 1931 թվականին Հադրութում ժանտախտ է եղել. մահացել են Հադրութի հիվանդանոցի գրեթե բոլոր բժիշկներն ու բուժքույրերը։ Բայց մարդկանց կազմակերպվածությունն ու օրինապաշտությունը թույլ տվեցին կարճ ժամանակում սահմանել խիստ կարանտին և դադարեցնել համաճարակը։ Դրանից հետո Հադրութում ստեղծվեց ժանտախտի դեմ պայքարի կայան, որն ամեն օր համաճարակաբանական հսկողություն էր իրականացնում բոլոր տարածքներում՝ մինչև Արաքս գետը։
Մինչ դեռ կյանքը Ադրբեջանի իշխանության տակ գնալով ավելի ու ավելի անտանելի էր դառնում։ Լեռնային Ղարաբաղի հայությանը ճնշող քաղաքականությունը, որն իրականացվում էր Բաքվի իշխանությունների կողմից, ստիպեց մարդկանց ոտքի կանգնել եւ ազգային-ազատագրական պայքար մղել։
Միրայի ամուսինը՝ Ռոբերտը, եղել է ազատամարտի առաջնագծում։ Հենց նա էր, ով գիշերը Հադրութի կենտրոնում բարձրացրել և կախել է Հայաստանի դրոշը 200-ամյա սոսիի վրա։ Թե ինչպես է նա բարձրացել հարթ ու սայթաքուն ծառը եւ կախել դրոշը, անպատկերացնելի է։ Դրոշը կարողացել են հեռացնել միայն Ստեփանակերտից ժամանած հրշեջ մեքենայի սանդուղքի օգնությամբ։
Խորհրդային Միության իշխանությունը, Ադրբեջանի հետ միասին, արցախահայության խաղաղ պայքարին պատասխանեց Սումգայիթում, ապա Բաքվում եւ այլ հայաշատ շրջաններում կոտորածով, իսկ 1992-ին սարսափը տարածվեց բուն Արցախի տարածք։
Միրան պատմում է, որ 1992 թվականի ձմռանից Հադրութը սկսել է հրետակոծվել՝ սկզբում «Ալազանի» արկերով, հետո հաուբիցներից, տանկերից, իսկ հունիսին Հադրութը խոցվել է քառասունփողանի «Գրադ» կայանից։ Պատերազմի ամբողջ ընթացքում հարևանները հավաքվում էին Միրայի տան նկուղում, որի մեջ տղամարդիկ փայտե տախտակամածներ էին կառուցել, որոնք ծառայում էին որպես մախճակալ՝ երեխաներին քնեցնլու համար։ Մեծահասակները կարող էին հանգստանալ միայն այն ժամանակ, երբ հրետակոծություն չկար։ Մառանի դռներին մի փոքրիկ զանգ են կախել, որի միջոցով նրանց զգուշացնեում էին հրետակոծության սկզբի մասին։
Նկուղում երեխաներին որքան հնարավոր է զբաղեցնում էին, որպեսզի չվախենան, չզգան, որ պատերազմ է ընթանում։
Հունիսյան հրետակոծության ժամանակ Միրայի կրտսեր դուստրը վիրավորվել է «Գրադ» արկի բեկորից։ Հիվանդանոցում նրան առաջարկել են ուղղաթիռով տանել Երեւան, սակայն Մարինան հրաժարվել է ու մնացել ընտանիքի հետ։
Իսկ 1992-ի աշնանը եկավ «սեւ լուրը»՝ զոհվեց Միրայի միակ որդին՝ Սերգեյը։ Հանգիստ, զուսպ, բարեկիրթ Սերգեյը պաշտպանեց իր հողը պատերազմով եկող թշնամիներից:
Որդու մահից հետո Բաբայանների կյանքը կանգ է առել. Սերգեյի հայրը՝ Ռոբերտը, մարեց, դարձավ ավելի լուռ, մռայլ։ Իսկ 1993 թվականի օգոստոսին նա ընկերոջ հետ զոհվեց հակատանկային ականի պայթելու հետետանքով։
Սերյոժկան (ինչպես նրան բոլորն էին անվանում) և Ռոբերտը թաղված են Հադրութի քաղաքային գերեզմանատանը, իրենց պապերի և նախապապերի կողքին։
Միրան ցավում է ոչ միայն հայրենի Հադրութի համար, այլ նաև այն պատճառով, որ իր որդու և ամուսնու միշտ խնամված գերեզմանները մնացել են անխնամ։ Նա հաճախ էր այցելում նրանց, բայց արդեն գրեթե երեք տարի է, ինչ շփվում է միայն հեռախոսում մնացած կամ Երևանում ապրող հարազատների մոտ մնացած նրանց լուսանկարների հետ։
Ադրբեջանցիների հետ կյանքը Միրան չի պատկերացնում. «Ապրել էլի 70 տարի, ինչպե՞ս կարող ես վերադառնալ անցյալ, որտեղ ապրել ես բանտում»,- ասում է Միրան։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: