Թշնամու կողմից մեր դեմ տարվող հիբրիդային պատերազմի ձևերից մեկն էլ մեր տեղանունների մահմեդականացումն է, որը իրականացվում է հիմնականում բառացի թարգմանությամբ, կամ ալու-ելու վերջավորության ավելացմամբ։ Այդ գործըթացը նոր չէ, այն իրականացվում էր նաև խորհրդային տարիներին և ցավալիորեն հայերիս մոտ էլ գործածական էր դառնում հենց մահմեդական տարբերակը։ Այսօր Ադրբեջանը ջանք չի խնայում Ստեփանակերտը Խանքենդի տարբերակով /որպես ադրբեջանական/ գործածության մեջ դնելու նաև միջազգային հարթակում։ Արցախում տեղանունների ուսումնասիրությամբ զբաղվող Սլավա Սարգսյանի հետ անդրադարձանք “Խանքենդի” տեղանվան ծագումնաբանությանը։
Պարոն Սարգսյան ինչու՞ Խանքենդի և ինչպե՞ս առաջացավ այս թյուրիմացությունը, որից օգտվում է մեր թշնամին։
«Խանքյանդի» (Խանքենդի) անվան հետ կապված կարող եմ ամենայն պատասխանատվությամբ իրազեկել, որ այն փաստորեն հայեցի «Հանիշեն» Հանաշեն, Հանաշին, ավելի ուշ, ռուսների՝ Արցախում հաստատվելուց հետո՝ Խանաշին անվան օտարահունչ անվանումն է և որն անմիջականորեն առնչվում է մոտակա լեռնային այն բարձունքի անվան հետ, որի վրա տեղակայված է ներկայիս Շուշի քաղաքը: Հնում այդ լեռնային բարձունքը կրում էր «Հան» անվանումը: Իսկ ինչպե՞ս է այդ անվանումը խեղաթյուրվել՝ Հանիշեն-Հանիգյուղը դարձել Խանքենդի: Շատ պարզ տարբերակով: Հատկապես ռուսների՝ Արցախում հաստատվելուց հետո, ռուսական այբուբենում «Հ» տառի բացակայության պայմաններում, կատարվել է «Հ-Խ» անցում, որը մասամբ բնորոշ է եղել նաև հայերին, իսկ հայկական «շեն»-ը թարգմանվել-դարձվել է «քենդ», մի երևույթ, որը մեծ տարածում էր գտել Արցախում, հատկապես խանական տիրապետության ժամանակներից սկսած: Այսօր էլ Արցախում առկա են մի շարք տեղանվանումներ կամ գյուղանուներ, երբ դրանք հայերենից թարգմանվել-մահմեդականացվել են և շրջանառվելով թուրքերի կողմից՝ դիտարկվում են որպես թուրքական ծագմամբ անվանումներ: Օրինակ, Մյուրիշենը դարձվել է Մյուրիքենդ, Բերդաշենը՝ Կարաքենդ, Երիցուշենը՝ Քեշիշքենդ, Մխիթարաշենը՝ Մուխտարքենդ և այլն։
Որ «Խանքենդի» տեղանվան մեջ «խան»-ը «խան-տիրակալ» հասկացության հետ մի որևէ կապ չունի, դա նկատելի է նաև Արցախում գտնվող մի շարք լեռնային այլ բարձունքների անվանումներից, որոնք նույնպես կրում են «Հան» անվանումը, բայց Խանքենդիի տարբերակով դարձյալ ներկայացվում են վերափոխված տարբերակով՝ «Խան»: Օրինակ, «Բովուրհան» (Bovurhan) նշանավոր լեռնանունը դարձել է «Բովուրխան» (Բոգուրխան), որն ունի «սուրբ լեռ»: Կամ Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքը պատմական աղբյուրներում հանդես էր գալիս դարձյալ Հանիշեն, Հանաշեն, Հոնաշեն տարբերակներով, տարբեր հրապարակումներում (ներառյալ ռուսական այլևայլ գրվածքներում, այդ թվում ՝ ռուս-պարսկական պատերազմների առիթով), ներկայանում է «Խանաշին» ձևով, որը դարձյալ չի կարող անձնավորվել և կապ ունենալ «խան-տիրակալ» հասկացության հետ և զուտ «Հան-Խան» անցման հետևանք է: Այսպիսով, «Խանքենդի» ձևախեղված անվանումը երբևէ առնչություն չի ունեցել «խան-տիրակալ» հասկացության հետ, այն մտացածին է և հիմնազուրկ: Պարզ է, որ այդ անունով բնակավայր ի սկզբանե չի էլ եղել:
Պարոն Սարգսյան յուրաքանչյուր վարկած հաստատվում է ծանրակշիռ հիմնավորումներով ու փաստերով։ Արդյո՞ք Ձեր տեսակետը հիմնավորված է։
Այն, որ այդ շինծու անվանումը կապ չունի խանի հետ և չի եղել խանապատկան կամ մի որևէ խանի սեփականություն, այդ մասին վկայում է նաև պատմական մի հավաստի վավերագիր, որտեղ Արցախի խանապատկան բոլոր 28 գյուղերի կամ բնակավայրերի շարքում Խանքենդին չկա: Վավերագրում գրված է․
«Ибрахим Халил-хан обратился к 18-ти видным предствителям Карабаха с настоятельной просьбой засвидетельствовать принадлежность указанных сел и владений ему, Ибрахим Халил-хану, полученных им по наследству и купленных за наличные деньги. Փաստթուղթը 1988 թվականին հրապարակվել էИзвестия Ан Аз. ССР, Серия истории, философии и права, թիվ 3 համարում։
Բացի այդ Ստեփանակերտի նախանվանն անդրադարձել է նաև անգլիացի ճանապարհորդ կոմս Ջորջ Թոմաս Կեպպելը (1799-1891), ով 1824 թ. իր ճանապարհորդությունների շրջանակներում գտնվելով Արցախում, այն դիտարկել է ոչ թե Խանքենդի, այլ «Խանախին» անունով։
Ակնհայտ է, որ այստեղ տեղի է ունեցել «Խանաշին-Խանախին» անցում՝ հարմարեցված նշված ճանապարհորդի լեզվի արտահայտչականությանը: Համենայնդեպս հեղինակը «Խանքենդի» անունով բնակավայր չի հիշատակում, որը վկայում է, որ այդ անվամբ բնակավայր ի սկզբանե՝ ծագումնաբանորեն չի եղել և խան-տիրակալ հասկացության հետ կապ չունի:
Step1.am
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: