Ով է հանձնել Բերձորն ու Աղավնոն․ նոր մանրամասներ

  • 11:21 07.08.2023

Աղավնոյի վերջին օրը

Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներից հետո, իբր Արցախի ղեկավարությունը Հայաստանի հետ չյժի համաձայնացրել Բերձորի միջանցքի երթուղին փոփոխությունը, եւ դա հանգեցրել է շրջափակման, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պարզաբանումներ է տվել։

Արայիկ Հարությունյանը նշեց, որ ժամկետների շուրջ բանակցություններ էին տարվում, նոր երթուղու մասին լրացուցիչ պայմանագիր պետք է կնքվեր, բայց ինչ-ինչ պատճառներով այն չի ստորագրվել։

«Ես նամակ ունեմ ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատարից, որ օգոստոսի 5-ին ռուս խաղաղապահները ստիպված կլինեն լքել նախկին երթուղին և իրենց անցակետերը տեղափոխել նոր երթուղի»,- ասաց Հարությունյանը։ «Մեր միակ խնդիրը մեր հայրենակիցների կյանքը փրկելն էր։ Պատկերացնու՞մ եք՝ ինչ կլիներ, եթե ադրբեջանական բանակը մտներ Բերձոր, Աղավնո, ու այնտեղ մնային մեր մի քանի հարյուր հայրենակիցներ» – ասաց նա։

Հարությունյանը խոստովանում է, որ երթուղու փոփոխությունը կատարվել է ռուսների ճնշման ներքո, որոնք, փաստորեն, սպառնում էին մարդկանց թողնել ճակատագրի եւ թշնամու քմահաճույքին։ Ռուսների հետ եռակողմ հայտարարություն ստորագրած Արցախին մեղադրող Փաշինյանը ռուսների շանտաժից հետո չհայտարարեց եռակողմ համաձայնագրերից դուրս գալու մասին։ Ավելին, Հայաստանի ղեկավարությունը արդյունավետ միջոցներ չձեռնարկեց Կոռնիձորի մոտ ադրբեջանական ապօրինի անցակետի տեղադրումը կանխելու համար, արդյունավետ դիմադրություն չցուցաբերեց Տեղի մերձակայքում սահմանների կոնֆիգուրացիան փոխելուն։

Արցախի ղեկավարությունը եւս մեկ տարի առաջ բարձրաձայն չէր ասում, որ երթուղին փոխվում է ռուսների ճնշման տակ, եւ դա հղի էր միջանցքի ամբողջական փակմամբ։ Այդ մասին դեռ այն ժամանակ զգուշացնում էին փորձագետները, սակայն անվտանգությունն ու իրավունքները ռուսներին կուրորեն պատվիրակելու քաղաքականությունն ամեն անգամ բերում էր նոր կորուստների։

Չնայած բոլորը սա հասկանում էին։ Պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ նոր երթուղու երկայնքով էլեկտրաէներգիայի, գազի և այլ ենթակառուցվածքներ չեն անցկացվել, Հարությունյանն ասաց, որ ադրբեջանցիներին չի հետաքրքրում, թե ինչ տարածքով են նրանք անցնելու, մեկ է՝ պիտի փակեին։ Իսկ շրջափակումը կապված չէ երթուղու փոփոխության հետ։

Բա ինչի՞ հետ էր կապված շրջափակումը: Արցախի ղեկավարությունն արդեն բացահայտ ասում է, որ խնդիրների լուծման միակ ճանապարհը՝ խնդրի միջազգայնացումն է, վերադարձը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին և նրա առաջարկած սկզբունքներին։ Բայց հայտարարություններից բացի, անհրաժեշտ են նաև կոնկրետ քայլեր, օրինակ՝ դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին բարեկամ երկրներից մեկի միջոցով՝ պահանջելով միջազգային խաղաղապահ ուժեր տեղակայել Արցախում։ Դիմել Հայաստանին վերամիավորման 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը կիրառելու պահանջով։

Միաժամանակ, Հարությունյանը հորդորել է Հայաստանի ղեկավարությանը չձեռնարկել գործողություններ կամ հայտարարություններ, որոնք կասկածի տակ են դնում կամ սահմանափակում Արցախի ինքնորոշման իրավունքը։

Սեպարատ եռակողմ ձևաչափն ակնհայտորեն սպառված է (Հարությունյանը նույնիսկ ասաց, որ Ալիևը ցանկանում է չեղարկել եռակողմ հայտարարությունը), և անհրաժեշտ է միջազգային ձևաչափ՝ ՄԱԿ-ի խաղաղապահներ, որոնք կգործեն միջազգային մանդատի համաձայն և չեն թողնի մարդկանց թշնամու քմահաճույքին։

Հարությունյանն ասաց, որ ժողովուրդն իրեն մանդատ է տվել շարունակելու հանուն ինքնորոշման պայքարը, իսկ այն, որ մարդիկ պատրաստ են դիմանալ շրջափակման դժվարություններին, հուշում է, որ իրենք դա ընկալում են որպես պայքարի մի մաս։

f