Դավիթ Իշխանյանի՝ Արցախի Ազգային ժողովի նախագահ ընտրվելուց հետո նկատելիորեն ակտիվացել է հայկական սփյուռքը և ՀՅԴ-ին “առընթեր” միջազգային լոբբինգը։ ԱՄՆ-ում ակտիվացել են ի պաշտպանություն Արցախի իրավունքների բողոքի ցույցեր, ՀՅԴ-ն չի թաքցնում, որ ՄՔԴ նախկին դատախազ Օկամպոն Արցախի շրջափակման հարցում իր կարևոր կարծիքը հայտնել է ոչ առանց ՀՅԴ լոբբինգի, իսկ Իշխանյանին ուղղված ԱՄՆ սենատորների ու համաշխարհային մակարդակի այլ գործիչների շնորհավորանքները վկայում են, որ ՀՅԴ-ն ակտիվացել է։
Իշխանյանի ընտրության առնչությամբ «Ապառաժ» թերթը հարցազրույց է հրապարակել «գլխավոր դաշնակցական»՝ Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատրյանի հետ, ով հայտարարել է, որ Արցախի երեք նախագահներ, այդ թվում՝ ներկայիս, դիմել են ՀՅԴ-ին՝ կուսակցության եւ սփյուռքի ջանքերն ակտիվացնելու խնդրանքով։ Երկար մտորումներից հետո նրանք ընդունեցին առաջարկը, բայց պայմանով, որ ՀՅԴ-ն ավելի մեծ ազդեցություն կունենա քաղաքական գործընթացների վրա, և Արցախի խորհրդարանը հնարավորություն կստանա դառնալու հիմնարար խնդիրներ որոշող մարմին։ Այս խնդիրները վերաբերում են ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, սահմանների փոփոխությանը և բանակցություններին, այդ թվում՝ պատվիրակությունների կազմին։
Ավելի լայն լիազորություններով օժտված Դաշնակցության գլխավորած խորհրդարանն ի՞նչ գաղափարներ է կյանքի կոչելու:
Դավիթ Իշխանյանի խոսքով, «մեր ջանքերն ուղղված են լինելու 1988 թվականին ընդունված ազգային-ազատագրական պայքարի առաջին իսկ օրերից ձևակերպված կարևոր ռազմավարական նպատակի իրականացմանը»։ Իշխանյանը վստահեցրեց, որ «քանի դեռ Լեռնային Ղարաբաղը «ոչ» է ասելու բոլոր այն առաջարկներին, որոնք հարվածում են որդեգրած ռազմավարական նպատակին, պետք է արձանագրել, որ ոչինչ ավարտված չէ»։
1988-ին հայ ժողովուրդն իր եռամիասնության մեջ հռչակեց «միացումը»։ 1989 թվականի դեկտեմբերի 1-ին Հայաստանի և Արցախի խորհրդարանները վերամիավորման մասին համատեղ որոշում ընդունեցին, որը, սակայն, այդպես էլ չկատարվեց։
Ստեփանակերտում և Երևանում պարբերաբար իշխանության, երբեմն ընդդիմության մեջ գտնվող Դաշնակցությունը չբարձրացրեց միացման հարցը և չպահանջեց 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշման կատարումը՝ որպես հայկական բոլոր խնդիրների լուծման միակ ռազմավարություն։ ՀՅԴ-ն չպահանջեց վերանայել 1921 թվականի ռուս-թուրքական արատավոր պայմանագրերը, որոնց առավելագույն ժամկետը լրացել էր։
Դաշնակցությունը գործել է տարածաշրջանում ռուսական քաղաքականության ծիրում, որը «միացումն» իր համար աղետ է համարում։ Ռուսական քաղաքականությունն այս տարիների ընթացքում չեզոքացրեց միացումի գաղափարը։ 2020 թվականի գարնանը, երբ Արցախում պետք է անցկացվեին նախագահական ընտրություններ, ռուս փորձագետները միաձայն ասում էին՝ ամեն ինչ, բայց ոչ միացում։ Արդյունքը եղավ 2020 թվականի պատերազմը, Արցախի տարածքների օկուպացումը, բնակչության տեղահանությունը, ռուսական զորքերի մուտքը, շրջափակումն ու Հայաստանի գլխին կախված մասնատման ու պետականության կորստի վտանգը։
Միևնույն ժամանակ, Հայաստանում իրականացվել և իրականացվում է «ապադաշնակցականացման» արշավ. ՀՅԴ-ի հետ առնչվող կազմակերպությունների գործողությունները թե՛ քաղաքական լոբբինգի, թե՛ տնտեսության և այլ ոլորտներում բացահայտ չեզոքացվում են Հայաստանի ղեկավարության կողմից։ Նույնսկ Մակրոնի հայտարարությունները, թե «ամբողջ խնդիրը Փաշինյանի մեջ է», Հայաստանի իշխանությունները վերագրեցին Դաշնակցությանը։
Միևնույն ժամանակ, Էրդողանն ու Ալիևը բազմիցս ասել են, որ Փաշինյանի հետ բոլոր խնդիրները վաղուց կլուծեին, եթե չլինեին Իրանը և հայկական սփյուռքը։ Հայկական սփյուռքի զգալի մասը ՀՅԴ-ն է, և բոլորը պետք է հաշվի առնեն դա։ Սակայն Բաքվում Դաշնակցությունը մինչ հիմա համարվում է ցարական գաղտնի ոստիկանության ստեղծած կուսակցություններից, որոնք վարում էին Ռուսաստանի քաղաքականությունը տարածաշրջանում։
«Մեր անհանգիստ օրերին Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը վերականգնելու հրատապ անհրաժեշտություն կա։ Համոզված եմ, որ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հնարավորություն և ներուժ ունի նոր շունչ և եռանդ հաղորդելու այս կարևոր առաքելությանը»,- ասաց Դավիթ Իշխանյանը։
Կասկածից վեր է, որ ռուս-թուրքական նպատակներին ամբողջությամբ ստորադասված Հայաստանի ղեկավարության ներկայիս արատավոր կուրսը պետք է կոտրվի։ Ավելին, ԱՄՆ-ն էլ Թուրքիային է առաջարկում որպես «այլընտրանք» Ռուսաստանին։ Բայց այս “կոնսենսուսը” խաթարելու միայն մեկ ճանապարհ կա՝ միացումն ու ռուս-թուրքական պայմանավորվածություններից դուրս տարածաշրջանում սահմանների նոր ճարտարապետության կառուցման պահանջը։ ՀՅԴ-ն ազգային պայքարի նպատակ կհռչակի՞ միացումն ու կհայտարարի՞, որ ռուս-թուրքական պայմանագրերն իրենց սպառել են։
Նաիրա Հայրումյան