Հացով ծաղկեփունջը վաճառքի ենթակա չէ

  • 18:27 10.08.2023

«Ամենավերջին ծաղկեփունջս հացով պատրաստածն  էր, բայց այն վաճառքի ենթակա չէր: Այն համարում եմ այս շրջափակման խորհրդանիշը: 12 ժամ հացի հերթում կանգնելուց հետո միայն հասկացա դրա արժեքը: Ամենածանր զգացումներն ապրեցի այդ ծաղկեփունջը պատրաստելիս»:

Ստեփանակերտում ապրող 26-ամյա Ասյա Բաբայանը մեկն է այն 120 000 արցախցիներից, որոնք ապրում են շրջափակման հարուցած հումանիտար ճգնաժամի պայմաններում: Կենսախինդ, առույգ, ժպտերես Ասյայի առավոտները սկսվում էին Ստեփանակերտի խանութներում շրջելով: Լեփ-լեցուն տոպրակներով տուն էր վերադառնում և ժամերով նստում իր դիզայներական սենյակում: Նրա աշխատանքի նպատակը մարդկանց դրական հույզեր պարգևելն է: Դիզայներական աշխատանքի հանդեպ սերը ժառանգել է մայրիկից: Համացանցը պրպտելուց հետո հասկացել է , որ իրեն հետաքրքիր է ուտելիքի դիզայնավորումը և որոշել է այն մատուցել նոր ձևով: Արցախում մենակ ինքն է զբաղվում «Համեղ ծաղկեփնջերի» պատրաստմամբ: Զգացմունքների մասին որոշել է խոսել համեղ լեզվով:

Հիմա փոխվել է Ասյայի օրակարգը:  Խանութների դատարկությունը ստիպում է վերանայել ծաղկեփնջերի բաղադրությունը: Այստեղ էլ օգնության է գալիս կրեատիվությունը, չեղած տեղը մի բան ստեղծելու արցախցու հնարամտությունը: Ինչ կարելի է նվիրել գրաֆիկով էլեկտրականություն ունեցող արցախցուն, եթե ոչ շիկացման լամպերով ծաղկեփունջ: Ձվի պակասության և խանութների մոտ հերթերից հետո անմիջապես պատրաստեց ձվով ծաղկեփունջ:

Որոշել է առաջնորդվել երկու ՈՒ-երի կանոնով՝ ուրախանում է ինքը, ուրախանում է գնորդը: Աշխատանքի մեջ նախընտրում է  չկրկնօրինակել ուրիշներին, նույնիսկ՝ ինքն իրեն: Արդեն 5 տարի է , ինչ ստեփանակերտցիները վայելում են Ասյայի ծաղկեփնջերի համային բազմազանությունը: Առաջին ծաղկեփունջը պատրաստել էր մանդարինով՝ մի քանի ժամվա ընթացքում: Հիմա ավելի արագ է կարողանում, հմտացել է: Ասյայի երևակայությունը սահմաններ չի ճանաչում: Մինչ շրջափակումը ծաղկեփնջեր էր պատրաստում ամենատարբեր մթերքներից և ուտելիքներից՝ միրգ, բանջարեղեն, քաղցրեղեն, նաև՝ շաուրմա, խորոված կարտոֆիլ, տոլմա:

Շրջափակումը սկսելուն պես փոխվել է նաև ծաղկեփնջերի «համը»: «Երբևէ չէի մտածի, որ ծաղկեփունջ կպատրաստեմ աղով, վալերիանկայով, տալոններով, ձեթով և հիգիենայի պարագաներով : Հայրենակիցներիս հույզերն այդ ծաղկեփնջերը ստանալիս ինձ բավականություն են պատճառում»,- թախիծով նշում է Ասյան:

Այնուհետև հիշում է ձմեռային ամիսները, երբ հղի կնոջ ծաղկեփնջի համար գոնե մի հատիկ կիվի կամ նարինջ էր փնտրում քաղաքում և չէր կարողանում գտնել: Չգիտի, թե ինչ տեսք կունենան ծաղկեփնջերը գալիք ձմռանը․․․

Շրջափակման ընթացքում ամենակարևոր ձեռքբերումներից մեկը լավ մարդկանց հետ ծանոթությունն է համարում: Պատահում է, որ զանգում են Ճարտարից և խնդրում, որ իրենց աճեցրած լոլիկները հայտնվեն Ասյայի ծաղկեփնջում: Երեկոյան զբոսանքի ժամանակ անծանոթ մարդիկ ուղղակի գրկում են և ասում, որ շարունակի աշխատանքը: Ֆեյսբուքյան աշխատանքային էջը, որը բացել է ընկերների խորհրդով, շատ  հետևորդներ ունի: Այնտեղ կիսվում է օրվա ընթացքում իր հետ պատահած միայն դրական իրադարձություններով, ասում և ստանում է քաջալերական խոսքեր: Ասյան հույս ունի, որ ամեն ինչ մի օր կվերջանա, իսկ իր ծաղկեփնջերը նորից կլինեն համեղ ՝նույնիսկ առաջվանից ավելի:

Տաթեւ Ազիզյան

f