Արցախյան կարգավորման երկու առանցքային փոփոխություն մեկ ամսում

  • 09:50 14.08.2023

Համաշխարհային լրատվամիջոցները գրում են, որ ղարաբաղյան կարգավորումը «խրվում է» անվտանգության միջազգային երաշխիքների հարցի մեջ. այլ կերպ ասած՝ հայկական կողմը պահանջում է ՄԱԿ-ի մանդատով խաղաղապահներ և մեխանիզմներ, իսկ Բաքուն համառորեն հրաժարվում է։

Իրավիճակը դիտարկվում է որպես փակուղի, քանի որ միջազգային ուժերի բացակայությունը և ուժի կիրառումը կհանգեցնեն Արցախից հայերի բռնի արտագաղթի կամ ռազմական դիմադրության, ինչն անցանկալի է, իսկ Ալիևի «նահանջը», ըստ Բաքվի ընդդիմադիրների, կարող է “նախադեպ” դառնալ Ադրբեջանում։

«Նրա [Ալիևի] խնդիրն է՝ ստիպել բոլորին հնազանդվել իրեն, բայց կա մի տարածաշրջան, որը իրեն չի ենթարկվում, սրանք այլ փորձ ունեցող մարդիկ են», – ասում է ընդդիմության առաջնորդ Արիֆ Յունուսը:

Ալիևն իսկապես վախենում է, որ իր նահանջը գործընթացներ կառաջացնի հենց Ադրբեջանում, թեև, ինչպես նշվում է, այնտեղի ընդդիմությունը Ղարաբաղի հարցում սատարում է Ալիևին։ Բայց կան ազգային փոքրամասնություններ, կան իրանական և այլ գործոններ, որոնց մասին Ալիևը քաջատեղյակ է։

Այս ֆոնին Արցախում տիրող իրավիճակի և Բերձորի միջանցքի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղղված Հայաստանի դիմումը, որն արդեն ողջունվել է Արցախի նախագահի և ԱԳՆ-ի կողմից, չնայած ապաքաղաքական բովանդակությանը և պահանջներին, դարձավ իրավիճակի փոփոխության արձանագրում։

Ի՞նչ կտա մեզ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղղված դիմումը և ի՞նչ է փոխվել վերջին մեկ ամսվա ընթացքում արցախյան կարգավորման շուրջ։ Թերևս տեսողականորեն դա այնքան էլ նկատելի չէ, բայց երկու կարևոր հարցում շրջադարձ եղավ։

1․ Հայ-ռուս-ադրբեջանական եռակողմ ձևաչափը, որը ձևավորվեց 2020 թվականի պատերազմի ժամանակ և դրանից հետո, նպատակ ուներ ստիպել ճանաչել հակամարտության ուժային «լուծումը» և ահաբեկչական պատերազմի արդյունքը։ Տեղեկատվական ողջ աուրան՝ ուղեկցվող ուժային գործողություններով՝ տարածքների օկուպացիա, զինված սադրանքներ, շրջափակում, կապի անջատում, նպատակ ուներ ստիպել հայկական կողմին հաշտվել ուժային լուծման արդյունքների հետ։ Դրան պետք է նպաստեին ռուսական կողմի խաղաքարտերը բացահայտած Լավրովի «բացահայտումները» և «Թուրքիայի արդյունավետ դերակատարության» մասին Պետդեպարտամենտի հայտարարությունը։

Դրան գումարվեց Փաշինյանի քաղաքականությունը, որը բանավոր ճանաչեց Արցախը որպես «Ադրբեջանի մաս»՝ դատապարտելով նրան արյունալի «ինտեգրման», ինչպես նաև պաշտոնական Երևանի փաստացի հրաժարումը Արցախի անվտանգության երաշխավորի սահմանադրական առաքելությունից։

Բաքուն չի թաքցնում, որ «հակամարտությունը լուծեց ուժով», ինչը Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների ուղղակի խախտում է։ Այս հարցը վաղ թե ուշ կքննարկվի միջազգային ատյաններում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կամ Հաագայում։

Աշխարհը հասկանում է, որ եթե Բաքվին հաջողվի «ավարտել» ուժային կարգավորումը, ապա դա նախադեպ կդառնա ամբողջ աշխարհում հակամարտությունների նման լուծման համար, և միջազգային հանրությունը դա չի կարող թույլ տալ։ Ուստի «խաղաղ» մեթոդներ են պետք, որոնց Ալիեւը պատրաստ չէ։

Բաքվի համար անհնար չէ, բայց այժմ ավելի դժվար է ուժ կիրառել։ Բոլորը հույս ունեին, որ արցախահայությունն ինքնուրույն կհեռանա հայրենիքից։ Բայց դա տեղի չունեցավ։ Այժմ հայերը պահանջում են հարգել իրենց հիմնարար միջազգային իրավունքները, և աստիճանաբար հակամարտության վեկտորը «ուժի իրավունքով» լուծելու սկզբունքից փոխվում է «միջազգային իրավունքի ուժի»։

Ալիեւն այստեղ անզոր է։

Ընդամենը մեկ ամիս առաջ այս ձևակերպումները համարվում էին մարգինալ, նաեւ այն պատճառով, որ ռուսամետ հայկական մամուլը ծաղրում կամ անլուրջ էր վերաբերվում դրանց։ Այժմ արդիական են դարձել միջազգային միջնորդությանն ու միջազգային իրավունքին հղումները։ Բացի այդ, Բաքվի և Անկարայի համառ «խնդրանքները» Երևանին՝ ստորագրելու «խաղաղության պայմանագիր», որը կճանաչի Թուրքիայի և Ադրբեջանի սահմանները /այսինքն՝ հիմա ճանաչված չեն/, հանգեցրին այն գիտակցմանն, որ իրավունքը հայկական կողմին է։

Այս առումով փոխվում են «խաղաղության օրակարգի» մասին պատկերացումները. նախկինում պարտադրված թեզը, որ խաղաղությունը հնարավոր է միայն ուժի սպառնալիքի ներքո սեփական իրավունքներից հրաժարվելու դեպքում, փոխվել է գիտակցումով, որ խաղաղությունը հնարավոր է միայն այն դեպքում, եթե իրավունքները փոխադարձաբար հարգվեն:

2․ Փոխվում է քաղաքական վեկտորը։ Արցախի ղեկավարությունը դադարեցրել է նամակներ գրել Պուտինին, ՄԱԿ-ի մանդատ մուրալ ռուս խաղաղապահների համար և հայտարարում է միջազգային ձևաչափի անհրաժեշտության մասին՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի շրջանակներում։ Պարզ դարձավ, որ ռուսական միջնորդությունն ունի լեգիտիմ այլընտրանք՝ միջազգային միջնորդությունը։

Ղարաբաղի Խորհրդարանի, նախագահի, ԱԳՆ-ի վերջին հայտարարությունները վկայում են այն մասին, որ Ղարաբաղում գերիշխող է դառնում կարգավորման միջազգայնացման մասին կարծիքը։ Արդիականացվել են ոչ ֆորմալ շարժումները, որոնք պնդում են անկախ գործողությունների և պետության սահմանադրական իրավունքի վրա։ Այս շարժումները հայտարարեցին ղարաբաղցիների պատրաստակամության մասին՝ շարունակելու դիմադրույունը և իրացնելու ինքնորոշման իրավունքը։ Այս ֆոնին նմանատիպ հայտարարություններով սկսեցին հանդես գալ նաեւ պետական ​​մարմինները։

Ադրբեջանում միայն ծույլերը չեն բարձրաձայնել Հայաստանի՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելու մասին, և բոլորն իրենց պարտքն են համարում նշել, որ Հայաստանին չի հաջողվի։ Թեկուզ ընդունում են, որ նման քայլն իրենց համար մեծ խնդիր է։ Խնդիր է, քանի որ պարզ բառերը՝ սա մեր հողն է, և մենք տեր ենք այստեղ, իսկ դուք՝ հյուրեր, կարող են ամեն ինչ իր տեղը դնել։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Հայաստանի դիմումի հավանական արդյունքները, Ռուսաստանի պահվածքը (որը 2020 թվականի սեպտեմբերից ի վեր առնվազն երեք անգամ խաթարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Արցախի վերաբերյալ քննարկումներն ու բանաձևերը), պաշտոնական Երևանի պահվածքը (որն առաջ է քաշում մարդասիրական, այլ ոչ թե քաղաքական և իրավական պահանջներ, առանց Ռուսաստանի մասին հիշատակելու) դժվար չէ կանխատեսել։ Ներկայիս պայմաններում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կարող է ընդունել միայն բանաձեւ, որով կոչ կանի Բաքվին ապաշրջափակել միջանցքը՝ առանց հարկադրանքի կամ ճնշման միջոցներ առաջարկելու։

Բայց սա միայն առաջին քայլն է։ Եթե ​​հայկական կողմին հաջողվի թոթափել սեփական իրավունքները պաշտպանելու հարցում վախը, ապա ամեն ինչ կստացվի։

Նաիրա Հայրումյան

f