Արցախը Հայաստանից հստակ դիրքորոշում է ակնկալում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում

  • 14:08 15.08.2023

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն արդեն մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու Արցախում տիրող իրավիճակին և Բերձորի միջանցքի շրջափակմանը նվիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստին։

ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցչի նամակում հիմնականում ներկայացվել են շրջափակման մարդասիրական հետեւանքները՝ առանց քաղաքական ու իրավական պահանջների։ Սա շատ փորձագետների առիթ տվեց թերահավատորեն վերաբերվել նիստի արդյունքներին: Վերլուծաբաններն ասում են, որ ամեն ինչ կախված է հայկական կողմի դիրքորոշումից։

Ի պատասխան Step1.am-ի հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի Արցախը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հայաստանի դիրքորոշումից, Արցախի նախագահի խորհրդական Արտակ Բեգլարյանն ասաց.

«Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը պատշաճ կերպով կներկայացնի իրավիճակը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և կանի հնարավոր ամեն ինչ՝ այլ երկրների հետ միասին, որ ընդունվի մի այնպիսի բանաձև, որը կսահմանի գործնական քայլեր և միջոցներ՝ ստիպելու Ադրբեջանին բացել միջանցքը։ Մենք Երեւանին տվել ենք սրա համար անհրաժեշտ բոլոր տվյալները»,- ասաց Արտակ Բեգլարյանը։