30 տարի առաջ այս օրը որոշվեց Հադրութի լինել-չլինելու հարցը։
Երկու անտառային բլուրներից ադրբեջանցիներով շրջապատված քաղաքում այդ օրը շատ խաղաղ բնակիչներ կային։
1992 թվականի օգոստոսի 15-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը լայնածավալ հարձակման է անցել։ Ադրբեջանցիների թիվը մի քանի անգամ գերազանցում էր մեր տղաների թվին։
Այդ օրը Հադրութի վրա ավելի քան 1200 հրթիռ ու արկ է ընկել՝ չհաշված օդային ռումբերը։ Քաղաքի բնակչությունը չի կարողացել նույնիսկ «քիթը հանել» նկուղներից։
Թեժ մարտեր են մղվել Խորհատ բլրի վրա և Մելիքաշեն գյուղի մոտ գտնվող դիրքերում։ Մեր տղաների փոքրաթիվ ջոկատները կռվել են մի քանի անգամ գերազանցող ադրբեջանական ստորաբաժանումների դեմ։ Հադրութը որոշեց մնալ ու ապրել այն պայմաններում, երբ օկուպացված էր Արցախի տարածքի 60%-ը (Մարտակերտի շրջան)։
Ցավոք, ոչ բոլոր տղաներն են վերադարձել… Փա՛ռք նրանց քաջարի հոգիներին։ Փա՛ռք մեր ողջ մնացածներին ու մոռացված նախկին զինվորներին ու հրամանատարներին։
Ցավոք, արդեն երրորդ տարին է, ինչ հադրութցիները նշում են Քաղաքի օրը Արցախի և Հայաստանի տարբեր վայրերում, որտեղ ապաստան են գտել 2020 թվականի պատերազմի հետևանքով շրջանի օկուպացիայից հետո։
Հադրութի իսկական պաշտպանները երբեք չեն պարծենում ու այսօր էլ ի ցույց չեն դնում իրենց սխրանքը։ Նրանք ապրում են բարձր արժանապատվության զգացումով, որ կատարել են իրենց պարտքը սերունդների հանդեպ, ոչինչ չեն խնայել, որպեսզի Հադրութն ու ողջ Արցախը կարողանան ազատ ապրել։ Ցավոք սրտի, կային ուժեր, որոնք ավերեցին մեր քաղաքը։
Ավաղ, հենց այս օրերին, երբ Արցախը բաժանված է Թուրքիայի և Ռուսաստանի միջև, շատերը սկսում են գիտակցել Հադրութի դերը հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ։ Բացի այն, որ Հադրութը ազատության խորհրդանիշ էր, Արցախյան ազգային-ազատագրական շարժման նախաձեռնող, ՄԻԱՑՈՒՄԻ գաղափարախոս, Հադրութի շրջանը նաև Արցախի հացի մատակարարն էր։
Անվերջ հացահատիկի արտերը, բերրի այգիներն ու բազմաթիվ ջերմոցային տնտեսությունները, անասնաբուծական ֆերմաները, մեղվանոցները ապահովում էին Արցախի գրեթե ողջ պարենը:
Կգա ժամանակը, և իրական պատմությունը կհասնի գալիք սերունդներին: Ես գիտեմ, որ Արցախի ժողովուրդն ապրելու է ուժեղ, զարգացած, քաղաքակիրթ երկրում, որտեղ կգերակայեն օրենքը և արդարությունը։
Շնորհավո՛ր տոնդ, մեր հայրենի Հադրութ!!! Մենք անպայման կվերադառնանք և կվերադարձնենք Ազատության խորհրդանիշի քո վաղեմի փառքը։
Մարգարիտա Քարամյան