Արցախի առողջապահության նախարարության խնդրանքով ԿԽՄԿ-ն սկսել է Ստեփանակերտից Հայաստան տարհանել «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հեմոդիալիզ ստացող հիվանդներին։ Բայց հիվանդները, հեռանալով, ստիպված են լքել իրենց երեխաներին, ծնողներին, հարազատներին՝ հույս ունենալով, որ շրջափակումը կվերջանա և իրենց բաժանված ընտանիքները կմիավորվեն։
Արցախի Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հեմոդիալիզով հիվանդներին տարհանում են Արցախից՝ մահացու ելքից խուսափելու համար՝ տոտալ շրջափակման հետևանքով առաջացած անհրաժեշտ բժշկական պարագաների աճող պակասի պատճառով։
Ընդհանուր առմամբ, հեմոդիալիզ անցնող 41 հիվանդից 29-ն արդեն ուղարկվել է Հայաստանի բուժհաստատություններ բուժումը շարունակելու համար, իսկ 10 հիվանդ կտրականապես հրաժարվել է Երեւան գնալ։ Հիմնական դեղերի և սարքավորումների սահմանափակ հասանելիության պատճառով, նույնիսկ խիստ խնայողության պայմաններում, դրանք կհերիքեն երկու շաբաթ։
Այնուամենայնիվ, կա եւս մեկ խնդիր. Հայաստան գնալուց հրաժարված հիվանդներն այս որոշումը կայացրել են մի քանի պատճառներով, եւ իմնական պատճառը ընտանիքից բաժանվելուց հրաժարվելն է։ Չէ՞ որ հեմոդիալիզը ցմահ պրոցեդուրա է, իսկ բուժման մեկնողներն այստեղ են թողում իրենց ընտանիքներն ու երեխաներին ու չեն կարող վերադառնալ, քանի դեռ Քաշաթաղի (Լաչին) միջանցքը արգելափակված է։
Մարտակերտի շրջանից Սեւակ Ավանեսյանը 2004 թվականից տառապում է երիկամային անբավարարությամբ։ Շրջափակման՝ տրանսպորտի և դեղերի բացակայության պատճառով Արցախում նրա բուժումը խնդրահարույց է դարձել։ Առողջապահության նախարարությունը նրան ուղարկել է Երևան՝ բուժվելու, նրա հետ գնում է կինը՝ խնամելու։ Իսկ երկու որդիները՝ ութ և չորս տարեկան, մնացել են նրա ծնողների խնամքին։ Ավանեսյանի կինն ասում է, որ ամուսնու կյանքը գոնե հանուն երեխաների պետք է փրկել, իսկ կինն իսկապես հույս ունի, որ միջանցքը կբացեն, ինքն ու ամուսինը կվերադառնան տուն եւ կգրկեն երեխաներին ու հարազատներին։
Տիկին Նինան ամուսնուն ուղեկցում է Երևան։ Երեխաներին թողել են հարազատների խնամքին. «Մենք ստիպված ենք գնալ, քանի որ ամուսնու վիճակը գնալով վատանում է։ Առողջապահության նախարարությունից պնդում էին, որ ամուսնուս կյանքին վտանգ է սպառնում, ուղղակի ելք չունենք։ Քանի որ Երեւանում հարազատներ չունենք, որոնք կարողանային խնամել ամուսնուս, ստիպված եմ նրա հետ գնալ։ Ես չեմ ուզում, որ սա ամիսներով ձգձգվի. մեր երեխաները այստեղ են մնալու: Բայց մենք հեռանում ենք այն հույսով, որ Արցախի շրջափակումը կվերջանա, ինչպես նախկինում, կներկրվեն անհրաժեշտ դեղերն ու սարքավորումները, և բոլոր հիվանդները կվերադառնան բուժվեն, իսկ ընտանիքները կմիանան»:
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: