Սավադյան. Հադրութ՝ տարաձայնությունների ու դավաճանությունների զոհ

  • 19:57 15.08.2023

«Հաղթանակներ ստեղծելու համար պետք է ազգովի պայքարել, պայքարել ոչ թե խոսքով ու կեղծ կարգախոսներով, այլ որդեգրելով 90-ականների միասնությունն ու վճռականությունը։ Ծնունդդ շնորհավոր, ի՛մ անկրկնելի Հադրութ, տարաձայնությունների ու դավաճանությունների զոհ։ Շնորհավո՛ր տոնդ, հերոսական ուղի բռնած, բայց դավաճանաբար ցրված զորամաս, խոնարհվում եմ քո հերոսների առաջ»,- Հադրութի և Առաջին պաշտպանականի օրվա կապակցությամբ գրել է Հադրութի  քաղաքապետ Վահան Սավադյանը։

Հադրութ քաղաքը և Հարդութի շրջանը 2020 թվականի 44-օրյա պատերազմի արդյունքում օկուպացվել են Ադրբեջանի կողմից։ Մոտ 15 հազար մարդ դարձել են  ներքին տեղահանվածներ։

Step1.am-ի հետ զրույցում Հադրութի քաղաքապետը նշել է, որ Հադրութի բնակիչների մեծ մասը վարձու բնակարանների և աշխատանքի բացակայության պատճառով չի վերադարձել Արցախ, սակայն «մենք չենք կորցնում հույսը, որ կլինի Հադրութի և շրջանի դեօկուպացիան, նրա բնակիչներից յուրաքանչյուրը պատրաստ է վերադառնալ հայրենի քաղաք, և դրանք միայն խոսքեր չեն: Ես դա լսում եմ ամեն անգամ հանդիպումների ժամանակ, հադրութցիների հետ զրույցներում»:

Վահան Սավադյանն ասաց, որ Հադրութ քաղաքի բնակչության մոտ 40 տոկոսն ապրում է Արցախում։ «Արցախում նրանց վիճակը մի քանի անգամ ավելի վատ է, քան սովորական ստեփանակերտցիների, քանի որ տանտերերի և հյուրանոցատերերի քմահաճույքով ստիպված են անընդհատ փոխել բնակարանները։ Երկրորդ խնդիրը հոգեբանական է՝ մարդիկ կորցրել են ամեն ինչ, վերադարձել են Արցախ՝ հույսով, որ ամեն ինչ լավ կլինի, բայց, ցավոք, մեծ խնդիրների առաջ են կանգնել։ Շրջափակման պատճառով դադարեցվել է իրենց տները հարկադիր լքած մարդկանց համար բնակարանաշինության ծրագիրը՝ շինանյութ չկա, իսկ հադրութցիներից շատերը դարձել են գործազուրկ։ Այս տարիների ընթացքում բնակարան է ստացել միայն 24 ընտանիք՝ չհաշված զոհվածների ընտանիքները։ Ցավոք սրտի, հիմա քաղաքապետարանը բյուջե չունի, եթե ֆինանսապես օգնում ենք, ապա բարերարների միջոցով, բայց նրանք հաճախ չեն գալիս»։