Սխտորաշեն գյուղի պատմության մի հետաքրքիր դրվագ

  • 22:02 15.08.2023

Սխտորաշեն գյուղը գտնվում է Մարտունու շրջանում, Կարմիր շուկայից հյուսիս արևմուտք, այժմ անմարդաբնակ, իսկ ահա 1915 թվականի մարդահամարի տվյալներով գյուղն ուներ 900 շունչ։

Անմարդաբնակ այս գյուղի բնակիչների նախնիները այստեղ են տեղափոխվել Հին Սխտորաշենից, որը գտնվում էր ներկայիս գյուղից դեպի արևելք։ Հին գյուղատեղիի տարածքում այժմ պահպանված է հին գերեզմանոցը, տների և այլ կառույցների հետքերը և միանավ եկեղեցին:  Ըստ եկեղեցու բարավորի վրա պահպանված արձանագրության` եկեղեցին կառուցվել է 1731 թվականին («Թվին ։ՌՃՁ։»), իսկ գերեզմանատան տապանագրերից մի քանիսն ունեն ավելի վաղ շրջանի թվագրություններ:

Ս. Աստվածածին եկեղեցին գտնվում է Հին Սխտորաշենի տարածքում, նշանավոր Սոսենուց արևելք: Դահլիճն ունի միանավ հորինվածք (չափերը՝ 13.7×7× 6մ): Կառուցված է հիմնականում խառն անտաշ կրաքարերով: Շքամուտքը, սրահի արտաքին անկյունները, լուսամուտների, խորշերի և մկրտության ավազանի պարակալները շարված են մեծ սրբատաշ քարերով։ Պատերի հաստությունը մինչև 1մ է:

Մուտքը բացվում է հարավ-արևմտյան կողմից (չափերը՝ 130×75սմ): Այն կառուցված է սրբատաշ կրաքարերով, որոնք զարդանախշված են:

Այստեղ՝ աջ կողմում՝ երկու քարերի վրա առկա է մի կցկտուր արձանագրություն, որն ըստ էության մուտքի հետ որևէ առնչություն չունի: Եկեղեցու արևելյան, արևմտյան ու հարավային կողմերից բացվում են մեկական լուսամուտներ, որոնց շրջանակները դարձյալ սրբատաշ քարից են: Սրբատաշ քարերով են կառուցված նաև կիսակլոր խորանի երկու կողմերին բացված մեկական խորշ- պատուհաններն ու մկրտության ավազանը, որի ներսում առկա է պատին ագուցված մի գեղազարդ խաչքար:

Ընդ-որում, հարկ է նշել, որ մկրտության ավազանն արձանագրված է, «… նեի իւ/ր ծնօղ/ացն՝ հ/այր իմ/ Ոհանէն, մայր իմ Ադիխանեն, կող/ակիցն իմ Մարուն, Տ[է] ր Բողոսին. օվ որ կ/արդայ՝ մէկ բերար ողորմեայ ասի»։ Ինչպես տեսնում ենք արձանագրությունը թերի է պահպանված, իսկ շրջակայքում ընկած սալը չգտնվեց։

Արձանագրության ամբողջական տեքստին  հանդիպում ենք Աբրահամ Կիսիբեկյանի « Հուշեր » գրքի առաջին հատորում,  որը կասկածի տեղիք չի տալիս, քանի որ շարունակությունը համընկնում է արձանագրության առկա հատվածին։ ՅԻՇԱՏԱԿ Է ՍԲ ԵԳԵՂԵՑԻՍ ԳԻՍՈՒՆԵԻ ԻՒՐ ԾՆՈՂ/ԱՑՆ ՀԱՅՐ ԻՄ ՈՀԱՆԷՆ ՄԱՅՐ ԻՄ ԱԴԻԽԱՆԷՆ ԿՈՂ/ԿԻՑՆ ԻՄ ՄԱՐՈՒՆ Տ[Է]Ր ԲՈՂՈՍԻՆ ՕՎ Կ/ԱՐԴԱՅ ՄԷԿ ԲԵՐԱՆ ՈՂՈՐՄԵԱՅ ԱՍԻ։

Ըստ Կիսիբեկյանի ՝ Հին Սխտորաշենի գերեզմանատանը  կա մամռածածկ մի փոքրիկ գերեզմանաքար, որի վրա արձանագրված է <<Վարանդու քլիդ Գեսիբեկ>>, որը հավանական է նույն եկեղեցին կառուցող Գիսունն է։

<<Վարանդու քլիդ Գեսիբեկ>>, դարձվածքը երկար տարիներ հոլովվում էր մեծահասակ գյուղացիների կողմից։ Դե իսկ Հին ու Նոր Սխտորաշենների զարդը շարունակում է մնալ երկհազարամյա Սոսենին կամ Տնջրին։

f