Արթուր Օսիպյանը Ստեփանակերտի օդանավակայանում. Ռուսաստանը դառնում է ցեղասպանության մեղսակից

  • 22:41 15.08.2023

Հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը ուղիղ եթեր է դուրս եկել Ստեփանակերտի օդանավակայանի տարածքից, որտեղ դիմել է ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Լենցովին։

«Ռուսական զորախմբի խաղաղապահները պետք է պաշտպանեին Արցախի անվտանգությունը, սակայն նրանց տեղակայումից ի վեր տեղի ունեցան օկուպացիոն նոր ակտեր, սպանություններ, իսկ Լաչինի միջանցքի շրջափակումը մեր ժողովրդին կանգնեցրեց ցեղասպանության վտանգի առաջ։

Մարդիկ, որոնց առաջարկում են գնալ Երևան բուժվելու, հրաժարվում են, քանի որ խաղաղապահների ներկայությամբ մարդկանց առևանգում են Կարմիր խաչի մեքենայից։

Այն խախտումները, որոնք հակառակորդն իրեն թույլ է տվել, տեղի են ունենում խաղաղապահ զորախմբի թողտվությամբ։

Ասացեք ձեր գլխավոր հրամանատար Պուտինին, որ հետագա բոլոր մահերը, աներևակայելի հետևանքները կլինեն նրա խղճի վրա։ Նա իր խոսքն չպահեց։

Օգոստոսի 4-ին մենք առաջարկեցինք օգնել ձեզ ապաշրջափակել միջանցքը։ Բայց դուք հրաժարվեցիք ապահովել խաղաղ երթի անվտանգությունը, թեև նոյեմբերի 9-ի փաստաթղթի համաձայն՝ Ռուսաստանը պետք է վերահսկի հրադադարը և Լաչինի միջանցքը։ Բայց դուք զինված ադրբեջանցիներին բաց եք թողել այնտեղ, և մեզանից պահանջում եք, որ մենք անցնենք այս միջանցքով առանց զենքի, և հրաժարվում եք ուղեկցել նույնիսկ խաղաղ շարասյունը։

Մեր պահանջն է՝ դադարեցնել անիմաստ հայտարարությունները, թե իբր նոյեմբերի 9-ի հայտարարությունը չի նախատեսում խաղաղ երթերի ուղեկցում։ Եթե ​​դուք հրաժարվում եք խաղաղ երթի անվտանգությունն ապահովել, եթե չեք կատարում եռակողմ հայտարարությանը, եթե աչք եք փակում Ալիևի ցեղասպան քաղաքականության վրա, ապա Ռուսաստանի Դաշնությունը դառնում է ցեղասպանության մեղսակից»,- ասաց Օսիպյանը։

Նա բոլորին հորդորեց հավաքվել օդանավակայանում և վերջապես լուծել բոլոր հարցերը։

Step1.am-ի հետ զրույցում Արթուր Օսիպյանն ասաց, որ իրենք պահանջելու են, որ խաղաղապահները ապահովեն իրենց երթը դեպի Հաքարիի կամուրջ։