Լուսանկարը՝ “Кавказский узел” կայքից
Ռուսական Sputnik Արմենիա գործակալությանը տված հարցազրույցում քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն ասել է, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների դեմ գործողությունները՝ հերթական փորձն են վարկաբեկելու Ռուսաստանի Դաշնության ներկայությունը և, հաշվի առնելով վերջին իրադարձությունները, հարթեցնելու բացասական տեղեկատվական ֆոնը Հայաստանում եվրոպացի դիտորդների շուրջ։
Մաթևոսյանը համոզված է, որ ռուս խաղաղապահների վրա տեղեկատվական հարձակումը ձեռնտու է առաջին հերթին Ադրբեջանին և Արևմուտքին։ Ոմանք, արևմտյան կուրատորների առաջարկով, սադրանքներ են կազմակերպում խաղաղապահների դեմ, ասում է քաղաքագետը՝ հիշեցնելով Օսիպյանի՝ Բերձորի միջանցքը ապաշրջափակելու համար երթ կազմակերպելու մտադրության մասին։ Հիշեցնենք, որ երեկ ռուս խաղաղապահները ուժով ապաշրջափակել էին Ստեփանակերտի օդանավակայանի տարածքում գտնվող իրենց բազա տանող ճանապարհը, որը փակել էր Միջանցքի ապաշրջափակման շըաբը։
«Կատարվող ամեն ինչի ֆոնին (հանկարծ!) համացանցում հայտնվում է ինչ-որ փաստաթուղթ, որն իբր առաջարկել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հուլիսի 25-ին Մոսկվայում ու որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հետագա «ինտեգրմանը» Ադրբեջանին։ Եվ դա տեղադրում է սորոսական ակտիվիստ, Հակաճգնաժամային խորհրդի նախագահ (ԼՂ ղեկավարի կից գործող) Տիգրան Պետրոսյանը»,- ասում է քաղաքագետը։
Ըստ Մաթևոսյանի, թեև փաստաթուղթը վերագրվում է ռուս նախարարին, սակայն այնտեղ ուրվագծված կետերն ավելի համահունչ են արևմտյան քաղաքական գործիչների լեքսիկոնին և դիրքորոշմանը։
Փաստորեն, ռուսական թերթը միանում է Բաքվի «մենակատարներին», ովքեր սարսափած գրում են, որ Ղարաբաղում դժգոհ են խաղաղապահների առաքելությունից։ Բաքուն և Մոսկվան ամեն ինչ անում են, որպեսզի ռուս խաղաղապահները մնան, և կարգավորումը տեղի ունենա «Լավրովի պլանով»։
Ի դեպ, ինքը՝ Լավրովը, կասկած չի հայտնել հրապարակված փաստաթղթի իսկության վերաբերյալ։ Երեկ ՄԱԿ ԱԽ նիստում ՌԴ ներկայացուցիչը բառացիորեն կրկնել է այդ առաջարկը։ Բայց «հավատարիմ» Մաթևոսյանը չի էլի “հավատում”։