Օգոստոսի 17-ին Հայաստանում Չինաստանի չխոսկան դեսպան Ֆան Յոնգը հանդիպել է լրագրողների հետ եւ հայտարարել, որ «մենք պատրաստ ենք համագործակցել Հայաստանի հետ ավանդական և ոչ ավանդական հակամարտությունները լուծելու և Հարավային Կովկասում խաղաղության հասնելու համար»։
Ֆան Յոնգը հիշեցրել է, որ Չինաստանը և Հայաստանը հնագույն քաղաքակրթություններ են և ունեն համանման հայացքներ՝ պատրաստակամություն հայտնելով համագործակցել Երևանի հետ՝ ուղղված գլոբալ զարգացմանը։
«Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունները սկսվել են հազարավոր տարիներ առաջ»,- ընդգծել է դիվանագետը։
Չինաստանը լուրջ արդյունքների է հասել անվտանգության ոլորտում և հանդիսանում է ՄԱԿ-ի երկրորդ խաղաղապահ ուժը, որը ակտիվորեն հանդես է գալիս երկխոսության օգտին։ Դիվանագետը հիշեցրել է, որ Պեկինի միջնորդությամբ Սաուդյան Արաբիան և Իրանը վերականգնել են դիվանագիտական հարաբերությունները։ Նրա խոսքով, նշված բոլոր ուղղությունները ենթադրում են հարաբերությունների զարգացում նաև Հայաստանի հետ։
Նա հույս է հայտնել, որ համապատասխան կողմերի ներգրավմամբ Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան ամրապնդել երկխոսությունը, հաղորդակցությունը և համառորեն մոտենալ խնդիրների լուծմանը։
Հայաստանում Չինաստանի դեսպանատան ռազմական կցորդ Ան Ցիանգը նշել է, որ Չինաստանը և Հայաստանը կարող են «համագործակցել միջազգային խաղաղապահության, հումանիտար ականազերծման, ռազմական կրթության, ռազմական բարեփոխումների և տեխնոլոգիաների ոլորտում»։
Չինաստանը գլոբալ մակարդակաում մրցում է Հնդկաստանի հետ։
Ինչպես գրում է Eurasianet-ը, Ղարաբաղը դառնում է Քաշմիրի հակամարտության երկարացում Պակիստանի և Հնդկաստանի համար, երկուսն էլ այժմ զենք են մատակարարում հիմնական պատերազմող կողմերին՝ Հայաստանին և Ադրբեջանին։
Պակիստանի աջակցությունն Ադրբեջանին սերտորեն կապված է Բաքվի գլխավոր հովանավոր Թուրքիայի հետ Իսլամաբադի սերտ ռազմավարական հարաբերությունների հետ: Թեև պաշտոնապես հաստատված չէ, պակիստանցի ռազմական խորհրդականները, ինչպես հաղորդվում է, ներգրավված են եղել Երկրորդ Ղարաբաղյան պատերազմում, գրում է թերթը:
2022 թվականի աշնանը Հնդկաստանն ուժեղացրեց իր աջակցությունը Հայաստանին՝ տրամադրելով 245 միլիոն դոլար արժողությամբ հնդկական հրետանային համակարգեր, հակատանկային հրթիռներ և զինամթերք։
Ղարաբաղյան հակամարտությանը միջամտելու Հնդկաստանի որոշումը պայմանավորված է «Իսլամի հետ ունեցած սեփական բարդ պատմությամբ», գրում է թերթը։ Հնդկաստանի ղեկավարները, վախենալով թուրք-մահմեդականների ազդեցության աճից, անհրաժեշտ են գտել ակտիվացնել համագործակցությունը Հայաստանի հետ։
Հունիսի վերջին ադրբեջանական լրատվական գործակալությունը հրապարակեց մի զեկույց, որտեղ պնդում էր, որ հնդիկներին հավաքագրում են Ղարաբաղում որպես վարձկաններ կռվելու համար: Աշխարհաքաղաքական նոր կոնֆիգուրացիան վկայում է ավանդական միջնորդների ազդեցության թուլացման մասին, ինչպիսիք են ԵԱՀԿ-ն, ՆԱՏՕ-ն և ՀԱՊԿ-ը»,–գրում է թերթը։
Հայաստանի նկատմամբ Իրանի քաղաքական դիրքորոշումը հաշվի է առնվում այլ երկրների կողմից, ինչը բխում է նրանց հռետորաբանությունից, ասել է Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը։ Ըստ ամենայնի, նա նկատի ուներ Էրդողանի այն հայտարարությունը, թե Զանգեզուրի միջանցքին դեմ է ոչ թե Հայաստանը, այլ Իրանը։
Նա կրկնեց Թեհրանի պաշտոնական դիրքորոշումը, որ Իրանը չի ճանաչում տարածաշրջանում սահմանների և քարտեզների փոփոխությունները, և դա վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլև Հարավային Կովկասի մյուս երկրներին։
«Սյունիքի մարզը ռազմավարական նշանակության շատ կարևոր մարզ է»,- ասաց հյուպատոսը։ Եթե Իրանը 100-200 տարվա հարաբերություններ ունի այլ երկրների հետ, ապա Հայաստանի հետ բարեկամությունը խորանում է հազարամյակների մեջ, նշել է նա։
Իրանցի դիվանագետը հույս է հայտնել, որ տարածաշրջանում ոչ մի երկիր ռազմական գործողություններ չի սկսի իր սահմաններից դուրս։
Նաիրա Հայրումյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: