Օգոստոսի 17-ին Բերձորի (Լաչինի) միջանցքում տեղակայված ապօրինի անցակետի մոտակայքում ադրբեջանական կողմը կտրել է օպտիկամանրաթելային մալուխը՝ խափանելով Արցախի ինտերնետ կապը:
Step1.am հարցերին պատասխանում է Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը։
– Ադրբեջանի կողմից ինտերնետ կապի խաթարումը ևս մեկ անգամ ոտնահարում է արցախցիների իրավունքները, ինչպե՞ս կարող եք մեկնաբանել:
– Երեկ՝ օգոստոսի 17-ին Ադրբեջանի կողմից կտրվել է համացանցի մալուխը, որն ապահովում էր կայուն համացանցի առկայությունն Արցախում: Մենք ունենք նաև ապացույցներ, որ այդ ամենը դիտավորյալ է իրականացվել:
Փաստորեն, արդեն մեկ օր է, ինչ Արցախը զրկված է կայուն համացանցից, և այժմ համացանցը միայն ռադիոկապի միջոցով է հասանելի։ Հաշվի առնելով, որ Շուշիի հատվածում այն ևս խլացվում է Ադրբեջանի կողմից, կապը չափազանց անկայուն է և թույլ:
Մալուխի վերանորոգման մասով բանակցություններ են տարվում, այդ թվում նաև ռուս խաղաղապահների միջամտությամբ, սակայն դեռևս անարդյունք:
Պետք է փաստել, որ համացանցը այն միակ ենթակառուցվածքներից է, որ Արցախը կապում է արտաքին աշխարհի և Հայաստանի հետ: Այս քայլով Ադրբեջանը նախ զրկում է արցախցիներին տեղեկատվություն փնտրելու, ստանալու և տրամադրելու իրավունքից, որն արձանագրված է միջազգային փաստաթղթերով: Ադրբեջանը նաև նպատակ է հետապնդում խլացնել արցախցիների ձայնը, արտաքին աշխարհի համար անհասանելի դարձնել Արցախում տիրող հումանիտար ճգնաժամի հետևանքները, ինչպես նաև նպատակ է հետապնդում շարունակել ցեղասպան գործողությունները Արցախի դեմ:
-Մենք նաև տեղեկացված ենք, որ համացանցի խափանումը տեղի է ունեցել ցեղասպանության կանխարգելման թեմայով մամուլի ասուլիսից րոպեներ առաջ:
-Այո՛, դա իսկապես այդպես է, ես և ևս մեկ բնակիչ պետք է մասնակցեինք այդ ասուլիսին, սակայն րոպեներ առաջ համացանցը խափանվում է, և մենք կարողանում ենք ասուլիսին միանալ 40 րոպե ուշացումով: Բայց պետք է նշեմ, որ այնուամենայնիվ այն ուղերձներն, որոնք նախատեսվում էին մամուլի ասուլիսի ժամանակ հնչեցնել, այդպես էլ չհնչեցվին համացանցի անընդհատ անջատումների, կապի թույլ լինելու պատճառով:
Ասուլիսին մասնակցում էին շուրջ 130 միջազգային լրագրողներ, որտեղ ես, Արցախի ԱԳՆ նախարարը, միջազգային քրեական դատարանի հիմնադիր, դատախազ Լուիս Օկամպոն և արցախցի Ալվինա Ներսիսյանը ներկայացված էին որպես բանախոսներ: Ասուլիսը հրատապ էր և կոչված էր Արցախում շարունակվող ցեղասպանական քաղաքականության շարունակման վերաբերյալ տեղեկություններր հաղորդել: Ընդ որում ընտրվել էին բանախոսներ, որոնք պետք է ներկայացնեին իրավիճակը և՛ մարդկային տեսանկյունից, և՛ իրավաբանական, և՛ քաղաքական հստակ գնահատական կհնչեցնեին: Բայց պետք է արձանագրենք, որ համացանցի խաթարումը թույլ չտվեց իրականացնել այս ամենը:
Փաստորեն, խաթարելով համացանցի առկայությունը, Ադրբեջանը փորձում է ոչ միայն սեղմել օղակը Արցախի շուրջ, այլև լրիվությամբ կտրում է կապը Արցախի և աշխարհի միջև, ինչը հնարավորություն է տալիս Ադրբեջանին ավելի ուժեղացնել ճնշումը և խորացնել ճգնաժամը Արցախում:
Ի հավելումն վերոնշյալի՝ նման քայլով Ադրբեջանը խորացնում է արցախցիների հոգեբանական տառապանքները, քանի որ բաժանված ընտանիքների շփում հաստատելու միակ հիմնական միջոցը համացանցն էր: