Step1.am-ի հարցերին պատասխանել է Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը։
Պարոն Ստեփանյան, ինչպե՞ս եք գնահատում Արցախի շրջափակման հարցով ՄԱԿ ԱԽ-ի նիստի արդյունքները։
-Ընդհանուր առմամբ դրական եմ գնահատում ՄԱԿ ԱԽ-ի քննարկումները: Հատկապես կային պետություններ, որոնց ելույթները ամբողջությամբ արտահայտել են իրավիճակը Արցախում: Խոսքը Ֆրանսիայի, Մալթայի, ինչպես նաև Եվրոպական միության ներկայացուցչի մասին է, որի ելույթը բավականին ռելևանտ էր:
Պետք է նաև ի գիտություն ընդունել, օրինակ, հենց ՄԱԿ-ի ներկայացուցչի ելույթը, որը հիմնված էր բացառապես Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից տրամադրված տեղեկությունների վրա։ Նա նաև նշել է, որ անկողմնակալ տեղեկության աղբյուր չունի: Սա նաև ՄԱԿ-ի բացթողումն է, որ 8 ամիս շարունակվող շրջափակման պարագայում կառույցը մատը մատին չի տվել անկողմնակալ աղբյուր գտնելու համար:
Իմ ակնկալիքը եղել է այն, որ կլինեին ավելի թիրախային կոչեր, պահանջներ, քան պրոտոկոլային բառապաշար, բայց որոշ պետությունների պարագայում փաստորեն տեսանք միայն երկրորդը: Ես դեռևս հույս ունեմ, որ այս ամենը կտեսնենք բանաձևի տեսքով:
ՀՀ-ի պահով պետք է նշեմ, որ ընդունելի էին ներկայացված պահանջները՝ հումանիտար աղետ, ցեղասպանության վտանգ, բայց իմ կարծիքով, պակասում էր շեշտադրումը Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցի վրա:
-Դուք նշել եք ՄԱԿ-ի գործունեության մասին: Ըստ ձեզ, ինչպիսի՞ն պետք է լինեն միջազգային հանրության, կազմակերպությունների գործողությունները միջազգային իրավունքի համատեքստում:
-Բացարձակ ճշմարտությունն այն է, որ պետք է փաստահավաք խումբ ուղարկել Արցախ, որպեսզի տեղում ծանոթանան իրավիճակի հետ: Եվ, տեսեք, նրանք պնդում են, որ չեն ստանում հավաստի տեղեկություններ Արցախում տիրող իրավիճակի մասին: Միակ կառույցը, որի միջոցով տեղեկություն են ստանում ԿԽ միջազգային կոմիտեն է: Ե՛վ Հայաստանում, և՛ Ադրբեջանում առկա է ՄԱԿ-ի գրասենյակներ, և իմ կարծիքով, թեկուզ խառը դելեգանտներով հնարավոր էր փաստահավաք խումբ ուղարկել տեղում իրավիճակը գնահատելու համար: Խոսքը իհարկե չի վերաբերվում այդ կառույցների հայ և ադրբեջանցի աշխատողներին, այլ՝ միջազգային դելեգանտներին:
Շրջափակման առաջին ամիսներին, երբ ես դեռ Երևանում էի, հանդիպումների ժամանակ նշում էի, որ ավելի ճիշտ է՝ փատահավաք խումբ գա և տեղում ծանոթանա իրավիճակին: Ինչպես տեսնում ենք, արդեն 8 ամիս է, չնայած մեր հորդորներին, խնդրանքներին, այդ խումբը չկա:
Ես գիտեմ, որ հիմական խոչընդոտը Ադրբեջանն է: Օրեր առաջ ԵԱՀԿ-ի նախագահը հայտարարություն է տարածել, որ իր օգնականին հանձնարարել էր այցելել Բերձորի (Լաչինի) միջանցք և իրեն զեկուցել իրավիճակը: Հարց է ծագում, թե ի՞նչ պետք է զեկուցի միջանցքի տարածքից: Այստեղ երևում են միջազգային հանրության երկակի ստանդարտները:
-Արդյո՞ք պետք է ինչ- որ փոփոխություն սպասել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստից հետո։
– Կարծում եմ, որ դա եզակի չի լինելու: Այսինքն, եթե չեմ սխալվում, ԱՄՆ-ի ներկայացուցչի կողմից նշվել է, որ ԱԽ-ն պետք է հետևի իրադարձությունների զարգացմանը, այսինքն իր ուշադրության կենտրոնում պահի Արցախում տիրող իրավիճակը: Կարծում եմ՝ այդպես էլ կլինի:
Ինչպես արդեն նշել եմ, ես դեռ հույս ունեմ, որ այս նիստը ամրագրվելու է որոշակի փաստաթղթի տեսքով, և առկա բոլոր պրոցեսները պետք է բխեն այդ տրամաբանությունից: Այլընտրանք չկա, քան պարտադրել Ադրբեջանին բացել միջանցքը, ինչը տեսանելի էր նաև ԱԽ-ում հնչեցված հասցեական կոչերից:
-Իսկ կան արդյո՞ք նախադեպեր, երբ Հաագայի դատարանի, ՄԱԿ ԱԽ-ի որոշումները չեն կատարվել։
-Իհարկե կան, և բավականին շատ: Հենց դրա համար ՄԱԿ-ն՝ իր Կանոնադրության 7-րդ գլխի համաձայն իրավունք ունի կիրառելու, կոնսոլիդացնելու միջազգային զորքեր, այդ թվում օդային, ցամաքային զորքեր և հարկադրանքի այլ միջոցներ՝ իր կայացրած որոշումները կյանքի կոչելու համար:
ՄԱԿ ԱԽ-ի կողմից ընդունված բոլոր փաստաթղթերը, որոնք իրենց մեջ որոշում են պարունակում, պարտադիր են իրականացման համար: Եթե կոչեր, հորդորներ են պարունակում, ապա դա պարտադիր կատարման չէ: Կարծում եմ, իրավիճակի կրիտիկականին մոտենալուն զուգահեռ ՄԱԿ-ի արձագանքը համապատասխան է լինելու:
-Իսկ կարող եք նշել, ո՞ր պետությունն էր, որը չի իրականացրել ՄԱԿ-ի պահանջները։
-Եթե չեմ սխալվում, Դարֆուրի պարագայում էր եղել: Սակայն բոլոր կոնֆլիկտներում էլ անմիջապես ներգրավելու անհրաժեշտություն եղել է, նաև հենց օդային մարդասիրական օգնություն ուղարկելը՝ հաղթահարելով տվյալ պետության սուվերենությունը: Հիմա փաստացի խոչընդոտը Ադրբեջանի սուվերենությունն է համարվում, սակայն երբ ամբողջությամբ արձանագրվում է, որ ցեղասպանության, սովամահության վտանգ կա, ՄԱԿ-ը իրավունք ունի շրջանցելու նույնիսկ պետության սուվերենությունը և փրկելու մարդկանց կյանքը։
Ալվարդ Գրիգորյան