ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստն ավարտվեց առանց բանաձեւերի ու որոշումների ընդունման, սակայն, ինչպես նշում է Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը, սա միայն առաջին քայլն է։ «Ես դեռ հույս ունեմ քննարկումների արդյունքը տեսնել բանաձեւի տեսքով»,- ասում է Ստեփանյանը։ Նա նշում է, որ կարող են լինել նոր քննարկումներ, և ՄԱԿ-ը հնարավորություն ունի համախմբել զինված ուժերը՝ օգնելու շրջափակումից տուժած մարդկանց։
Ադրբեջանում, թեև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի արդյունքները գնահատեցին որպես «Բաքվի հաղթանակ», հատկապես Ադրբեջանի ներկայացուցչի ցուցադրած տորթը՝ որպես ծիծաղելի ապացույց, որ Արցախում սով չկա, սակայն չեն թաքցնում անհանգստությունը։
«ԱՄՆ-ը հերթական անգամ հիշատակել է Լեռնային Ղարաբաղը՝ առանց Ադրբեջանի տարածքի հետ կապի», «Շատ բան կախված կլինի գալիք օրերից, երբ ամեն ինչ կծավալվի, քննարկումներն ինքնին այսբերգի գագաթն է, բանակցությունների հիմնական՝ անտեսանելի մասը տեղի է ունենում լուսանցքում: Այս հանդիպումից և հնչած կարծիքներից հետո Վաշինգտոնի և Բրյուսելի ձևաչափերը մեծ կասկածի տակ են, և նրանց դերը տարածաշրջանում կախված կլինի նրանից, թե Վաշինգտոնն ու Բրյուսելը որքան հեռու կգնան իրենց մտադրություններում», «Ֆրանսուհին ցույց տվեց իր երկրի ողջ անհեթեթությունը։ Այս երկիրը պատերազմ է ուզում… արդյոք Փարիզը կարող է ներգրավել Վաշինգտոնին և Բրյուսելին տարածաշրջանում պատերազմի իր մտադրության մեջ, կախված կլինի հենց այդ երկրներից”, – Բաքվում իրականում այսպես են մեկնաբանում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը։
Միաժամանակ, Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը, մեկնաբանելով Ռուսաստանի կողմից «Ադրբեջանի կազմում Արցախի բնակչության՝ որպես ազգային փոքրամասնություն» կարգավիճակ տալու առաջարկը, ասաց, որ Արցախի ԱԳՆ-ն նման փաստաթուղթ չի ստացել պաշտոնական ուղիներով։
«Մենք հասկացրել ենք, որ սա իրականությունից կտրված տեսլական է։ …Ոչ մի միջնորդ որևէ հիմք չունի պնդելու, որ նման առաջարկները կարող են իրականացվել»,- ասաց Ղազարյանը։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում պարտադրող փաստաթղթի բացակայությունը, Արցախի կողմից Ռուսաստանի «անպարկեշտ առաջարկների» մերժումը, պաշտոնական Երևանից քաղաքական պահանջների բացակայությունը, Արցախում ինտերնետ կապի ընդհատումը և շարունակվող շրջափակումը վկայում են ուժային լոծումների ակտուալացման մասին։ Եվ խոսքը միայն Արցախի մասին չէ. Նիկոլ Փաշինյանի այցը Կապան և ԱՄՆ դեսպանի այցը Ջերմուկ կարծես թե մատնանշում են «ուժային լուծումների» կիրառման հավանական կետերը։
Այն, որ Արցախը պատրաստվում է իրադարձությունների նման ընթացքի, վկայում են Արցախի նախագահի վերջին հանդիպումները՝ կառավարության, իշխող կուսակցության, բանակի հրամանատարության և աշխարհազորի կազմակերպության անդամների հետ։
ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարական կազմի հետ հանդիպմանը քննարկվել են ԼՂ պաշտպանունակությանը վերաբերող հարցեր։ Արայիկ Հարությունյանը մի շարք հանձնարարականներ է տվել տոտալ շրջափակման պայմաններում Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունն ապահովելու համար։