«Ղարաբաղյան արքունիքի գաղտնիքները». թեստ Հարությունյանի և Վարդանյանի համար

  • 10:54 20.08.2023

Երեկ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Հակոբավանքից կոշտ հայտարարություն է արել՝ ասելով, որ Արայիկ Հարությունյանը սխալվում է՝ կարծելով, թե ամեն ինչ որոշվում է փողով և պաշտոնով (հիշենք, որ ինքը՝ Վարդանյանը, գործնականում դոլարային միլիարդատեր է)։

«Դուք բազմիցս ասել եք, որ հրաժարական եք տալու, հետո հետ եք վերցրել ձեր խոսքերը։ Ամեն անգամ մարդիկ մտածում են՝ միգուցե հիմա դուք ճիշտն եք ասում, բայց այս անգամ էլ ձեր խոսքի տերը չեղաք»,- ասաց Վարդանյանը։

Մի քանի օր առաջ իսկապես լուրեր էին տարածվել, որ Արայիկ Հարությունյանը պատրաստվում է հրաժարական տալ։ Բայց հետո Հարությունյանը մի քանի հանդիպումներ է ունեցել՝ իր կուսակցության, կառավարության, բանակի հրամանատարության և Աշխարհազորի միության հետ։ Ասում են, որ հանդիպումներից մեկի ժամանակ մի խումբ սպաներ մտել են դահլիճ և պահանջել Հարությունյանի հրաժարականը։ Դրանից հետո Հարությունյանը հայտարարեց, որ հրաժարական չի լինելու։

«Այն, ինչ արեց աշխարհազորը, որը զոռով մտավ դահլիճ, չգիտեմ՝ ով է պատվիրել: Դուք գիտեի՞ք, թե ձեր տեղակալները: Ամեն դեպքում, սա անընդունելի է, քանի որ դուք քանդում եք մի պետություն, որը դուք չեք կառուցել»,- ասաց Վարդանյանը։

«Ղարաբաղյան արքունիքում» լուրջ կրքեր են բորբոքվում, բայց դա ոչ թե Հարությունյանի, Վարդանյանի և մյուսների հակասություններն են, այլ Արցախի ապագայի քաղաքական տարբերակների կռիվ։ Կա միայն երկու տարբերակ՝ կա՛մ դիմադրություն՝ դեպի Հայաստան մուտքով, կա՛մ «ինտեգրում»՝ անկախ նրանից, թե ում հետ։

Վարդանյանն ասում է, որ մենք հրաշալի ազգ ունենք՝ պատրաստ անձնազոհության, որ իրենց երեխաները մեծանան Արցախում, «և դուք կոտրում եք նրանց հավատն ու հույսը»։ «Այո՛, ես գիտեմ, որ դուք ցանկանում եք, որ զոհեր չլինեն, ուզում եք համաձայնության գալ: Երևի դուք դա անում եք անկեղծորեն», -ասաց նա։

Վարդանյանը, փաստորեն, ակնարկում է, որ Արայիկ Հարությունյանը հանդիպումների ժամանակ խոսում է փոխզիջումների անհրաժեշտության մասին, ընդհանրապես, տանում է այն գիծն, որը իրեն թելադրում է Երևանյան իշխանությունը՝ «Արցախը Ադրբեջանի կազմում» ճանաչելու համատեքստով։

Իսկ ի՞նչ է առաջարկում ինքը՝ Վարդանյանը։ Ըստ «Ստեփանակերտ-Բաքու-Մոսկվա բանակցությունների» (այսինքն՝ առանց Հայաստանի), օդային միջանցքի բացման (կրկին առանց Հայաստանի հետ ցամաքային կապի) մասին կցկտուր հայտարարությունների՝ կարելի է դատել, որ նա առաջարկում է «բանակցել Ռուսաստանի հետ»՝ ընդհուպ մինչև միութենական պետությանը միանալու։ Հասկանալի է, որ եթե ռուսները օդային միջանցք բացեն, ապա դա Հայաստանի հետ չի լինի։

Ինքը՝ Արայիկ Հարությունյանը, մե՛կ խոսում է դիմադրության մասին, մե՛կ պնդում, որ Արցախին այլ բան չի մնացել, քան «երկխոսությունը»։ Բայց կոնկրետ ոչինչ չի ասում Հայաստանի հետ ֆիզիկական և քաղաքական կապերի վերականգնման մասին։

«Հայաստանի հետ ֆիզիկական և քաղաքական կապը» լակմուսի թուղթ է «ղարաբաղյան արքունիքին» հավակնողների համար։

Դեռևս 2020 թվականի գարնանը, երբ Արցախում կորոնավիրուսի պայմաններում բառացիորեն «զոռով» ընտրություններ են անցկացվել, ժամանած ռուս քաղտեխնոլոգներն ասում էին՝ «ինչ ասեք, բայց ոչ միացում»։ (Մասիս Մայիլյանը, ով խոսում էր հենց միացումի մասին, դրա համար «տուժեց». դա անընդունելի էր Երևանի և Մոսկվայի համար):

Հարությունյանի առաջին որոշումներից մեկը՝ արդեն նախագահի պաշտոնում, եթե հիշում եք, Հայաստանի «սահմանին» Արցախի հետ անցակետերի տեղադրումն էր՝ իբր համաճարակաբանական պայքարի շրջանակներում, թեև ոչ ոքի մտքով չէր անցնում անցակետեր տեղադրել Հայաստանի մարզերի միջև. Այսինքն՝ Արցախը կտրված էր Հայաստանից դեռ մինչև սեպտեմբերի 27-ը, երբ սկսվեց պատերազմը։

Փաստորեն, Ղարաբաղի արքունիքի նկուղներում այժմ պայքար է ընթանում, թե «ում հանձնվել»՝ Բաքվի՞ն, թե՞ Մոսկվային։ Բայց, փառք Աստծո, Արցախում բնակչությունը, սպաները դեռ սթափ են մտածում և կարիք ունեն միայն նորմալ ղեկավարի, ով կարող է դիմադրություն կազմակերպել և վերականգնել կապերը Հայաստանի հետ։ Հայաստանը Փաշինյանը կամ մյուսները չեն, Հայաստանը ազգային պետություն է, որի անբաժան մասն է Արցախը։

Նաիրա Հայրումյան