Չինաստանն առաջարկում է «խաղաղապահություն», Ֆրանսիան՝ «ինտերվենցիա» Հարավային Կովկասում

  • 12:07 21.08.2023

Չինաստանն առաջարկում է «խաղաղապահություն», Ֆրանսիան՝ «ինտերվենցիա» Հարավային Կովկասում

Անցյալ շաբաթ Ֆրանսիայի ԱԳ նախարար Քեթրին Կոլոնան հեռախոսազրույց է ունեցել ՉԺՀ ԱԳ նախարար Վան Իյի հետ։

Ֆրանսիայի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ նրանք քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, Ուկրաինայում և Նիգերում։ Նախարարները պայմանավորվել են շարունակել սերտ երկխոսությունը բոլոր այս հարցերի շուրջ։

Չինաստանը վերջերս Սաուդյան Արաբիայում մասնակցեց Ուկրաինայի վերաբերյալ ոչ պաշտոնական ֆորումին, որը որոշակի տարակուսանք առաջացրեց Ռուսաստանում, որին չեն հրավիրել ֆորումին։ Փորձագետները նկատել են, որ Ռուսաստանի հետ դադարել են հաշվի նստել՝ նախընտրելով ուղղակիորեն խոսել Չինաստանի հետ։

Ինչ վերաբերում է Նիգերին, ապա այս երկրում, որը համարվում է Ֆրանսիայի ազդեցության գոտի, «հակաֆրանսիական» հեղաշրջում է իրականացվել, ինչպես ասում են՝ ռուսական Վագներ ռազմական կազմակերպության  մասնակցությամբ։ Այժմ Արևմտյան Աֆրիկայի երկրները Ֆրանսիայի և ԵՄ աջակցությամբ պատրաստվում են ռազմական ինտերվենցիա իրականացնել Նիգերում՝ «սահմանադրական կարգը վերականգնելու համար»։

Այս ֆոնին օգոստոսի 17-ին Հայաստանում Չինաստանի չխոսկան դեսպան Ֆան Յոնգը հանդիպում ունեցավ լրագրողների հետ, որտեղ հայտարարեց, որ «մենք պատրաստ ենք համագործակցել Հայաստանի հետ ավանդական և ոչ ավանդական հակամարտությունները լուծելու և Հարավային Կովկասում խաղաղության հասնելու համար»։

Չինաստանը լուրջ արդյունքների է հասել անվտանգության ոլորտում և հանդիսանում է ՄԱԿ-ի երկրորդ խաղաղապահ ուժը, որը ակտիվորեն հանդես է գալիս երկխոսության օգտին։ Դիվանագետը հիշեցրել է, որ Պեկինի միջնորդությամբ Սաուդյան Արաբիան և Իրանը վերականգնել են դիվանագիտական ​​հարաբերությունները։ Նրա խոսքերով, վերը նշված բոլոր ուղղությունները ենթադրում են հարաբերությունների զարգացում  նաև Հայաստանի հետ։

Հայաստանում Չինաստանի դեսպանատան ռազմական կցորդ Ան Ցիանգը նշել է, որ Չինաստանը և Հայաստանը կարող են «համագործակցել միջազգային խաղաղապահության, հումանիտար ականազերծման, ռազմական կրթության, ռազմական բարեփոխումների և տեխնոլոգիաների ոլորտում»։

Հետաքրքիր փազլ է ի հայտ գալիս՝ Հարավային Կովկասը լքող Ռուսաստանի տեղը հավակնում են բոլորովին նոր դերակատարներ՝ Ֆրանսիան ու Չինաստանը։ Թուրքիայի հետ, որին Ռուսաստանը կցանկանար հանձնել իր տեղը, Ֆրանսիան և Չինաստանը լարված հարաբերություններ ունեն։ Չինաստանի դեպքում դա պայմանավորված է թյուրքալեզու ույղուրներով, որոնց անջատողականությանը բացահայտորեն աջակցում է Թուրքիան։ Ինչ վերաբերում է Ֆրանսիային, Նիգերում հաջող «ինտերվենցիան» կարող է էքստրապոլացնել այլ տարածաշրջաններում։

f