Ազոխի քարանձավ. դեռ շատ գաղտնիքներ կբացահայտվեին

  • 12:22 21.08.2023

Ազոխի կրաքարե քարանձավը (ավելի հին անվանումը՝ Որվան, Որվանի քարանձավ) ունի շուրջ 8000 քմ տարածություն: Այդ հնագույն հուշարձանը ունեցել է մուտքեր և ելքեր վեց բավիղանման սրահներից: Խորհրդավոր քարանձավով անցնող «ուղիների» երկարությունը ոչ ամբողջական տվյալներով գերազանցում է 300մ:  Հայ պատմիչները բազմիցս են հիշատակել Ազոխի քարանձավը: Մոնղոլ-թաթարական արշավանքների ժամանակ Ամարասի տիրակալները այստեղ էին թաքցնում Արցախ աշխարհի հարստությունները:

Երկար ժամանակ քարանձավը պատված էր գաղտնիքով ու հայտնաբերվել է միայն 1960 թվականին:  Մուտքերից մեկը՝ Ազոխ 5, ենթարկվել  է ինտենսիվ պեղումների, որի ընթացքում գտնվել է հնագույն մարդու ստորին ծնոտի մի հատված: Այն համապատասխանում է ուղիղ քայլող մարդու և նեանդերթալյան մարդու դարաշրջանների միջև անցումային ժամանակաշրջանին: Այդ սկզբնական ծավալուն պեղումներից ստացված կենդանական մնացորդները և քարե գործիքները ներկայումս պահվում են Ադրբեջանում, և պետք է ասել, որ այդ առումով բավական մեծ տեղեկատվություն է կորել:

Աֆրիկայից նախապատմական գաղթերի և Ասիայի ու Եվրոպայի  գաղութաբնակեցման առումով Ազոխի քարանձավային համալիրը առանցքային դիրք է զբաղեցրել, քանի որ հնավայրը գտնվում է աշխարհագրական միջանցքում, որը հնարավոր է, անցուղի է ծառայել Աֆրիկայի, Եվրոպայի, Ասիայի միջև, ինչպես մարդու վաղ նախնիների, այնպես էլ եվրոպական և աֆրիկյան ֆաունայի այլ ներկայացուցիչների համար: Այս եզրակացությանն են  եկել քարանձավն ուսումնասիրող մասնագետները։ Իսկ Ազոխի քարանձավի ուսումնասիրման ծրագիրը վերսկսվել էր 2002 թվականին միջազգային հետազոտական արշավախմբի կողմից և շարունակվել մինչև 2019 թվականը։ Այդ ընթացքում գտնվել են բազմաթիվ գտածոներ, այդ թվում  գործիքներ և անասունների բրածոներ։ Գտածոների ուսումնասիրությամբ հնէաբանների խումբը ենթադրում է, թե մարդիկ Կովկասի շրջանում ապրել են շուրջ երկու միլիոն տարի առաջ։

Այստեղ առաջին անգամ հայտնաբերվել են բուսական և կենդանական աշխարհների բրածո մնացորդներ, նախնադարյան արվեստի հետքեր, քարե գործիքներ, որոնց տարիքը գերազանցում է 700 000 տարին:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այստեղ հանգրվանող առաջին մարդիկ ունեցել են բավականին բազմապիսի սնունդ: Սննդի մնացորդների մեջ գիտնականները հայտնաբերել են այնպիսի կենդանիների մնացորդներ, որոնք վաղուց անհետացել են:

Քարանձավի մուտքի մոտ, 7մ խորության վրա, հայտնաբերվել է նեանդերթալցու վերին ծնոտի բեկոր, մարդաբանները նշում են, որ այն իր կառուցվածքով և ատամների դասավորությամբ զգալիորեն տարբերվում է ժամանակակից մարդու ծնոտից: Իսկ մանրամասն ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ծնոտի վրա պահպանվել են իմաստնության և երկու այլ ատամների մնացորդներ:

Ազոխի քարանձավի առաջին բնակչի ծնոտի հայտնաբերումը ունի մեծ նշանակություն: Մինչ այդ նեանդերթալցու մնացորդներ հայտնաբերվել են չորս տեղերում` Սիդի Աբդուրախմանում (Մարոկկո), Շտեյնխեյմում (Գերմանիա), Սպանոկոմբում (Անգլիա) և Սեդիա-դել Դիաբոլոնում (Իտալիա): Արցախի Հադրութի շրջանում գտնված նեանդերթալցու ծնոտը գիտական գրականությունում դասվում է 5-րդ համարի տակ:

Ազոխի քարանձավը առաջնակարգ նշանակություն ունի, ոչ միայն նեանդերթալցու կազմախոսության վերականգնման տեսակետից, այլ նաև հաստատում է այն տեսակետը, որ Հայաստանի տարածքը մտնում է անտրոպոգենեզի և մարդու վաղ բնակեցման շրջանի մեջ:

Իհարկե առայժմ հայտնաբերված են ոչ բոլոր գաղտնիքները: Միլլիոնավոր տարիներ գործող այդ ընդարձակ նախնադարյան բնակավայրը նոր անակնկալներ կմատուցեր հետազոտողներին, եթե չլիներ 44 օրյա պատերազմը։ Իսկ այժմ անհայտ է քարանձավի ճակատագիրը։

Հարկ է ավելացնել նաև, որ տարիների ուսումնասիրության արդյունքում «Ազոխի քարանձավը և կովկասյան միջանցքը» մեծածավալ գիրք (անգլերեն) է հրատարակվել, որը լույս է ընծայել շվեյցարական «Շպրինգել» հանրահայտ գիտական հրատարակչությունը։ Գիրքը ներկայացնում է իրականացված ուսումնասիրությունների արդյունքները:

 

f