Ի՞նչ է կատարվում Ստեփանակերտի կուլիսներում

  • 15:28 21.08.2023

«Մթերքը քիչ է, ալյուրի և մսի պաշարները սպառվել են, և նման պայմաններում երեխաներին դպրոց ուղարկելն անհնարին կլինի»,- երեկ ասել է Արցախի նախագահին առընթեր Հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը։

Նա նշեց, որ պատերազմից հետո շատերն էին սպասում, որ ինչ-որ բան կփոխվի, բայց ապարդյուն: «Վաղ թե ուշ ճանապարհը կբացվի, որոշակի թվով մարդիկ կարող են հեռանալ Արցախից, բայց կվերադառնան»,- ասաց Պետրոսյանը։ Նա չի թաքցնում, որ կան այնպիսիք, ովքեր առաջարկում են ճանապարհ բացել թեկուզ երեխաների ու  կանանց համար, նա հասկանում է այս մոտեցումը, բայց անհարիր է համարում ստեղծված իրավիճակում։

Պետրոսյանի հայտարարությունը, թե սեպտեմբերին երեխաներին դպրոց չեն ուղարկելու, դեռ պաշտոնապես չի հաստատվել։ Այնուամենայնիվ, կառավարությունը կարծես թե քննարկում է զանազան տարբերակներ:

Իրավիճակն Արցախում գնալով ավելի է սրվում, հատկապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստից հետո, որտեղ հաստատվեց, որ Բերձորի միջանցքը փակ է, այն պետք է բացվի, և դրան կհետևի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։

Սա նշանակում է, որ որոշակի «ժամանակ են» տվել, որպեսզի Արցախի բնակչությանը հասցնեն մի հոգեբանական վիճակի, երբ նրանք «կամավոր» որոշում կայացնեն՝ լքել Արցախը, ընդդիմանալ մինչև վերջ կամ ընդունել «առաջարկները»։

Հիմա բնակչությանն ու քաղաքական ուժերին «հորդորում» են ընդունել նման առաջարկները՝ բանակցություններ սկսել Եվլախում, ինչին հակված է Երևանը, կամ անցնել «Ադրբեջանի իրավասության” տակ, ինչպես Լավրովն է ասում։

Արցախի քաղաքական ինստիտուտները լռում են՝ պարարտ հող ստեղծելով քողարկված ինտրիգների համար։

«Մենք ձեզ (նկատի ունի խորհրդարանին) հանդուրժում ենք միայն այն պատճառով, որ չենք ուզում  կորցնել այդ պետական ​​ինստիտուտը, որը դուք վերածում եք ախոռի»,- ասաց Տիգրան Պետրոսյանը։

Մեկ այլ ընդդիմադիր Արթուր Օսիպյանն ասում է, որ խորհրդարանը պարզապես պարտավոր է ՄԱԿ-ին կոչ անել միջազգային խաղաղապահ զորքեր ուղարկել Արցախ, քանի որ փրկվելու այլ ճանապարհ չկա։ Խորհրդարանը, սակայն, դա չի անում՝ նախընտրելով «ներքին քաշքշուքները»։

«Ռուբեն Վարդանյան, դուք ո՞վ եք, որ որոշեք, թե ով պետք է լինի նախագահ: Դուք պարզապես մեծահարուստ եք, ով հայտարարեց, որ պատրաստ է իր կարողությունը ծառայեցնել Արցախին։ Այժմ ձեր հարստությունն ու կապերն օգտագործելու ժամանակն է: Մի՜ փորձեք կիսասոված մարդկանց քաղաքական նպատակների համար օգտագործել»,- ասում է Տիգրան Պետրոսյանը։

Նա վստահեցնում է, որ կառավարության նիստում «ինտեգրումը» քննարկելու մասին խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը։ «Ես այնտեղ էի: Այդ մասին խոսակցություն չի եղել, և չգիտեմ՝ ով է տարածում նման տեղեկություն», -ասում է Տիգրան Պետրոսյանը։