Օգոստոսի 5-ին Ռուբեն Վարդանյանի Արցախի անվտանգության և զարգացման ճակատը և երեք քաղաքական ուժերի ներկայացուցիչներ (Արցախի Դեմոկրատական կուսակցություն, Արդարություն, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտե) համագործակցության հուշագիր են ստորագրել։ Օգոստոսի 7-ին անսպասելիորեն խորհրդարանի նախագահ ընտրվեց ՀՅԴ պատգամավոր Դավիթ Իշխանյանը։ Իսկ արդեն օգոստոսի 18-19-ը Վարդանյանը կոշտ հայտարարություններ արեց՝ նախագահ Արայիկ Հարությունյանին մեղադրելով հրաժարական տալու խոստումը չկատարելու մեջ։
Հարությունյանի «հրաժարականից» հետո Դավիթ Իշխանյանը կդառնար երկրի առաջին դեմքը, ուստի հավանական «քաոսի» մասին «պրետենզիաները» ուղղված էին հենց Իշխանյանին։
Այսօր Դավիթ Իշխանյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշել է «որոշ մարդկանց կողմից ձեռնարկված անընդունելի քայլերի մասին, որոնք հրապարակային հարթակներում հանդես են եկել մեր պետականության հիմքերը քանդելուն ուղղված՝ կեղծ միավորող կոչերի քողի տակ»։
«Ազգային ժողովի նախագահի պաշտոնը ստանձնել եմ քաղաքական ուժերի կոնսենսուսի արդյունքում։ Վստահ եմ, որ այս միավորումը միս ու արյուն կտա պետականության պահպանման վեհ գաղափարին, որի օրինական ներկայացուցիչները նախագահի և Ազգային ժողովի ինստիտուտներն են»,- ասաց Իշխանյանը։
Փաստորեն, ՀՅԴ-ն հրաժարվում է Ռուբեն Վարդանյանի՝ Արցախում իշխանափոխության փորձերից։ Հետաքրքիր է, ի՞նչ է լինելու օգոստոսի 5-ին ստորագրված հուշագրի հետ։ ՀՅԴ-ն հետ կկանչի՞ իր ստորագրությունը։