Շրջափակման հարուցած դժվարություններից մեկն էլ այն է, որ Արցախի բնակչությունը գրեթե զրկվել է հանրային երթուղուց օգտվելու հնարավորությունից: Ինչ անել, եթե վառելիք չկա, իսկ ամառվա շոգը ստիպում է ուղին կարճելու մեթոդներ և հնարներ փնտրել: Որպես այլընտրանքային միջոցներ քաղաքում սկսեցին ի հայտ գալ Էլեկտրական սկուտերներ, էլեկտրոմոբիլներ, ինքնագնացներ, ինքնագլորներ, հեծանիվներ, որոնք վաճառքում այլևս չկան: Երբեմն կարելի է հանդիպել նաև բեռնավորված ձիերի ու էշերի:
Շրջափակման պայմանները ստիպել են փոխել բնակչության մեծ մասի առօրյա սովորությունները, որոնցից մեկն էլ մեքենա վարելն էր: Ստեփանակերտի 47-ամյա բնակիչ Վադիմ Բալայանը փորձում է դրական երանգ հաղորդել այդ ամենին:
Քաղաքում մաքրվել է օդը: 20 տարուց ավել է մեքենա վարել՝ դեռ ծառայության տարիներից: Ներկայումս Թումանյանի գինետան սեփականատերն է: Գինետան հետ կապված բոլոր հարցերը հեշտ չէ լուծել առանց մեքենայի՝ հատկապես խոշոր բեռնափոխադրումները: Սկզբից խնայում էր վառելիքը և օգտագործում միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Այնուհետև եղածն էլ սպառվեց և սկսեց ոտքով քայլել:
Քիչ հետո որոշեց հիշել իր պատանեկության տարիները և հեծանիվ ձեռք բերեց: Ուղղակի ուրիշ ելք չկա: Հեծանիվով ևս հնարավոր չէ խոշոր բեռնափոխադրում իրականացնել: Ինչ խոսք, այն մի քիչ հեշտացրել է տեղաշարժվելը, բայց դա միայն այն դեպքում , երբ կիզիչ արև չկա և նույն ճամփայից հնարավորություն ունես հետ չդառնալու: Մյուս դժվարությունն այն է, որ մեզ մոտ հարթ ճանապարհները քիչ են, հիմնականում ստպված ես լինում վարել զառիթափ ճամփաներով:
Հեծանիվի վրա մի զամբյուղ է ավելացրել, որպես բեռնախցիկ, որպեսզի տոպրակները չկախի հեծանիվից կամ մեջքին պայուսակ չկրի: Իր հեծանիվով նույնիսկ մի անգամ Այգեստան է գնացել՝ եռացրած կաթի հետևից: Ինչու եռացրած, քանի որ պայմանավորվել են, որ այն եռացնեն, որպեսզի մինչև հասնի Ստեփանակերտ, կաթը չփչանա: Դա տևել է մոտ 4 ժամ: Մեքենայով կտևեր մոտ 20 րոպե»-ծիծաղելով ասում է նա:
Վադիմ Բալայանը նշում է , որ իր համար հեշտ է հեծանիվ վարելը, քանի որ ժամանակին տարբեր քայլարշավներ էր կազմակերպում դեպի Արցախի տեսարժան վայրեր: Գոհ է, որ հիմա ունի լավ ֆիզիկական պատրաստվածություն և համապատասխան շնչառություն: Նրա կարծիքով հեծանիվ քշելը մեծ ֆիզիկական ծանրաբեռնվածություն է և որևէ սպորտաձևով չզբաղված մեծահասակ մարդու համար դժվար կլինի: Անգամ մտածել են հեծանիվով արշավ կազմակերպելու մասին, բայց դա էլ է խնդիր, քանի որ բոլորը չունեն հեծանիվ և այն քշելու փորձ:
Սեփանակերտում գործում է Հեծանվորդների ակումբ: Նրանք պարբերաբար արշավներ են կազմակերպում Արցախի տարբեր գյուղեր: Ժամանակակից խնդիրները ժամանակակից լուծումներ են պահանջում, իսկ արցախցիների առօրյան պտտվում է այդ լուծումները գտնելու շուրջ:
Տաթեւ Ազիզյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: