Պնդումները, թե Միացյալ Նահանգները ՄԱԿ ԱԽ անդամ երկրներին ճնշում է չստորագրել բանաձև, բացարձակ կեղծիք են․ ԱՄՆ դեսպանատուն

  • 14:45 23.08.2023

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հերքել է լուրերն այն մասին, թե ԱՄՆ-ն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ երկրների վրա ճնշում է գործադրում, որպեսզի ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի վերաբերյալ քննարկումների արդյունքներով բանաձև չստորագրեն։

Միացյալ Նահանգների դեսպանատունը թեմային անդրադարձել է՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին։

Հարց․ Պատրաստվո՞ւմ է ձեր երկիրը բանաձևի նախագիծ ներկայացնել Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի օգոստոսի 16-ի հրատապ նիստից հետո։

Պատասխան․ Անցյալ չորեքշաբթի Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ, դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդի նախագահությամբ Խորհուրդը քննարկեց ընթացիկ հումանիտար իրավիճակին վերաբերող հարցերը։

Բանաձևի նախագիծ մենք չենք տեսել, և այն պնդումները, թե Միացյալ Նահանգները անդամ երկրներին ճնշում է չստորագրել բանաձև, բացարձակ կեղծիք են։

Ինչպես նշված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում մեր հայտարարության մեջ, Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակը շարունակում է մեզ խորապես մտահոգել, և մենք Ադրբեջանի կառավարությանը քաջալերում ենք շուտափույթ բացել Լաչինի միջանցքը հումանիտար, կոմերցիոն և մասնավոր փոխադրումների համար։

 

f