Աբխազիան և Հարավային Օսիան կարող են միացվել Ռուսաստանին, եթե դրա համար պատճառներ լինեն, ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
«Աբխազիայում և Հարավային Օսիայում դեռևս տարածված է Ռուսաստանին միանալու գաղափարը։ Եվ դա կարող է իրականացվել, եթե դրա համար լինեն հիմնավոր պատճառներ»,- գրել է նախկին նախագահը, ով 2008 թվականին հրահանգել էր ռուսական զորքերը մտցնել Հարավային Օսիա։
Մեդվեդևը նշել է, որ Մոսկվան գործեց ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն, և «Սահակաշվիլիի օդիոզ ռեժիմը կոշտ և արագ հակահարված ստացավ»:
Աբխազիան կողմ է Ռուսաստանի հետ սերտ և դաշնակցային հարաբերություններին, բայց միևնույն ժամանակ հանրապետությունում չկան քաղաքական ուժեր, որոնք կհայտարարեն Ռուսաստանի Դաշնությանը միանալու իրենց ցանկության մասին։ Աբխազիայի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շամբան ՏԱՍՍ-ի հետ զրույցում այսպես է մեկնաբանել Դմիտրի Մեդվեդևի հայտարարությունները։
«Հարավային Օսիան բազմիցս հանրաքվե է անցկացրել Ռուսաստանին միանալու հարցով, և դա բնական ճանապարհ է Հյուսիսային և Հարավային Օսիան՝ որպես մեկ ժողովուրդ միավորելու համար: Ինչ վերաբերում է Աբխազիային, ապա մենք ունենք մեր ուղին։ Մենք նման դիմումներ չենք ներկայացրել [Ռուսաստանի Դաշնությանը միանալու մասին], և ես Աբխազիայում չեմ տեսնում որևէ քաղաքական ուժ, որը կտեսնի մեր երկրների միջև հարաբերությունների նման ձև»,- ասել է Շամբան։
«2008 թվականին՝ օգոստոսի 26-ին, Մեդվեդևը քաղաքական սխրանք կատարեց՝ նա ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը»,- ընդգծել է Աբխազիայի Անվտանգության խորհրդի քարտուղարը։ «Ճանաչումից հետո մենք ստորագրել ենք ավելի քան 200 տարբեր պայմանագրեր և համաձայնագրեր, այդ թվում՝ ռազմական համագործակցության մասին, ինչը մեզ անվտանգության երաշխիքներ է տալիս»,- ասել է նա։
Աբխազիան ոչ միայն չի հրաժարվում իր անկախությունից, այլեւ հրաժարվում է միանալ Ռուսաստանին։ Այս 30 տարիների ընթացքում Ռուսաստանը չի կարողացել առաջ քաշել Աբխազիայում սեփականության մասին օրենքը, ըստ որի՝ Ռուսաստանի քաղաքացիները կարող էին Աբխազիայում անշարժ գույքի սեփականատեր դառնալ։ Աբխազները համառորեն հրաժարվում են ընդունել օրենքը, ավելին, երբ Մոսկվան չափազանց մեծ ճնշում էր գործադրում, տեղի էին ունենում կամ խորհրդարանի ցրում, կամ Ազգային “սխոդ”՝ նախագահի հրաժարականով, կամ ՊԱԿ-ի նախկին գործակալների մեքենաների պայթեցում։ Այժմ այս օրենքը վերանվանվել է «Ապարտամենտների մասին» օրենք, սակայն Աբխազիան նույնպես հրաժարվում է ընդունել այն։
«Ռուսաստանի քաղաքացիներն իրենց ընտանիքներով կապրեն այդ 21000 ապարտամենտներում, որոնց մասին հիմա խոսում ենք։ Աբխազները շատ անհանգստացած են, որ Ռուսաստանի Դաշնության առնվազն 60,000, իսկ գուցե 100,000 քաղաքացի կարող է մի ակնթարթում հայտնվել այնտեղ, իհարկե, նրանք կարծում են, որ դա մեծ հարված կլինի Աբխազիայի ժողովրդագրական իրավիճակին։ Ինձ դեռ թվում է, որ աբխազները ռուսներից ոչ պակաս են վախենում, քան վրացիներից, և ինչ-որ առումով նրանք նույնիսկ ընդունում են, որ վրացիները ժամանակին վտանգավոր են եղել, իսկ ռուսներն այժմ ավելի վտանգավոր են»,- ասում է վրացի իրավապաշտպան Պաատա Զաքարեիշվիլին:
Բանն, իհարկե, այն չէ, թե որ թշնամին է ավելի վտանգավոր, խոսքը բնիկ բնակչության՝ իր հողի վրա կյանքի և սեփականության իրավունքի մասին է։
Այն, որ Մոսկվան պահանջում է, որ Արցախը «կամավոր դիմի»՝ միանալ Ռուսաստանին, արդեն իսկ ասվում է Ստեփանակերտի կուլիսներում գրեթե բացահայտ։ 2020 թվականին Արցախում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի տեղակայումից անմիջապես հետո Արցախի խորհրդարանն ընդունել է լեզվի մասին օրենքում փոփոխություններ, որոնցով ռուսերենին տրվում է պաշտոնական լեզվի կարգավիճակ՝ հայերենին զուգահեռ։ Ռուսներին տրվել է Ստեփանակերտի օդանավակայանը ռազմաբազայի համար, և շատ այլ տարածքներ։ Հիմա ռուսները խոսում են ՌԴ քաղաքացիների «տարհանման» մասին՝ ակնարկելով, որ Արցախում բավականին մեծ թվով ռուսական անձնագիր ունեցողներ կան։
Աբխազիայի օրինակը ցույց է տալիս, որ բնիկ ժողովուրդը, որն իրեն համարում է իր հողի տերը, ոչ մի սպառնալիքի տակ չի կարող զիջել իր տարածքի ինքնիշխանությունը նույնիսկ նրանց, ովքեր ճանաչում են իրենց անկախությունը և երաշխավորում են անվտանգությունը։ Անգամ Աբխազիայի տարածքում գտնվող ռուսական բազաները չեն կարող ստիպել այդ մարդկանց ռուսներին իրենց պապերի հողում անշարժ գույք ունենալու իրավունք տալ։