Այսօր ՀՀ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է Արցախում ստեղծված իրավիճակը։
«Իրավիճակի միակ փոփոխությունն այն է, որ Կարմիր խաչի և Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորքերի միջոցով Լեռնային Ղարաբաղում սկսվել է բուժման կարիք ունեցող և այլ քաղաքացիների որոշակի տեղաշարժ Լաչինի միջանցքով։ Միաժամանակ ստացանք հավաստի տեղեկատվություն, որ Լաչինի միջանցքի միակողմանի բացման ծրագրեր են մշակվում, այն է՝ թույլ տալ ելքը Լեռնային Ղարաբաղից և կանխել մուտքը»,- ասաց Փաշինյանը։
Նա հիշեցրեց, որ Լեռնային Ղարաբաղի բազմաթիվ բնակիչներ ներկայումս գտնվում են Հայաստանի Հանրապետությունում և չեն կարող վերադառնալ Լեռնային Ղարաբաղ։
Մոտ 5000-ը մնացել է Հայաստանում Բերձորի միջանցքի ապօրինի փակման պատճառով, մոտ 30000-ը՝ 2020 թվականին իրենց բնակության վայրերի օկուպացիայի պատճառով։
«Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը մնում է նույնը, Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներին ու անվտանգությանը վերաբերող հարցերը պետք է լուծվեն Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով՝ միջազգային մեխանիզմի շրջանակներում»,- ընդգծել է Փաշինյանը։
Նա անհրաժեշտ է համարում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետի կատարումը, որը նախատեսում է փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի տարածք, այլև հարակից շրջաններ։ «Սա նշանակում է, որ ոչ միայն Մարտակերտի, Հադրութի, Մարտունու մի շարք գյուղերի, այլ նաև Գետաշենի, Մարտունաշենի, Շահումյանի և այլ շրջանների հայերը պետք է կարողանան արժանապատվորեն և ապահով վերադառնալ իրենց տները»,- ասաց Փաշինյանը։
«Ուզում եմ ընդգծել Հայաստանի Հանրապետության հավատարմությունը խաղաղության օրակարգին։ Պետք է տեղեկացնեմ, որ մենք ադրբեջանական կողմին ենք փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման մեր նոր առաջարկները»,- ասաց նա։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: