Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերությունը խախտում է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման հիմնարար սկզբունքները: Այս մասին հայտարարություն է տարածել Հայկական Կարմիր խաչի ընկերությունն՝ արձագանքելով օգոստոսի 22-ին Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերության հայտարարությանը:
«Կարմիր մահիկի ընկերությունը խախտում է նախ և առաջ չեզոքության սկզբունքը, և ներգրավվում է քաղաքական գործընթացում՝ բարձրաձայնելով իր կառավարության դիրքորոշումը, այն է՝ փակ պահել Լաչինի միջանցքը (այդ թվում, այսպես կոչված, այլընտրանքային ուղիներ առաջարկելու միջոցով)։
Ադրբեջանի Կարմիր մահիկին քաղաքական գործընթացներում ներքաշումը հակասում է Կարմիր խաչի միջազգային շարժման հիմնարար սկզբունքներին՝ վերջինս չունի քաղաքական հայտարարություններ անելու և քաղաքական օրակարգին ծառայելու մանդատ։
Սա կոպիտ խախտում է և համահունչ չէ Շարժման սկզբունքներին և արժեքներին, ինչպես նաև մարդասիրական օրակարգին։
Ներկա պահին Ադրբեջանը նաև օգտագործելով Կարմիր մահիկի ընկերությունը՝ փորձում է խոչընդոտել ԿԽՄԿ որպես միակ մարդասիրական միջազգային կազմակերպության գործունեությունը Լեռնային Ղարաբաղում։ Դրա վառ վկայությունն է Վագիֆ Խաչատրյանի առևանգումը անցակետում ԿԽՄԿ ուղեկցությամբ Հայաստան՝ վիրահատության նպատակով տեղափոխվելու ճանապարհին։ Վերջինս առևանգվեց, երբ գտնվում էր միջազգային մարդասիրական իրավունքի պաշտպանության ներքո։
2023 թվականի հուլիսի 26-ից Հայաստանից ուղարկված մարդասիրական բեռը կանգնած է Հակարի կամրջի մոտ։ Ադրբեջանի Կարմիր մահիկը կարող էր օգտագործել իր «մարդասիրական ներուժը»՝ համոզելու Լաչինի միջանցքը փակած և մարդասիրական աղետ առաջացրած կողմին բացելու այն՝ հարգելով մարդասիրական սկզբունքները»,- նշված է Հայկական Կարմիր Խաչի հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ հիշեցվում է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հուլիսի 25-ի իր հայտարարությամբ միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար իրավիճակի վրա, ինչը ներկայացվել է նաև Անվտանգության խորհրդում ՄԱԿ Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակի (OCHA) ներկայացուցչի կողմից:
«Այսպիսով, ավելի քան հրատապ է դառնում ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումների անհապաղ իրականացումը։
Մենք կոչ ենք անում Կարմիր խաչի միջազգային շարժման բաղկացուցիչներին՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիային և Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերությանը անշեղորեն հետևել և հավատարիմ մնալ Շարժման սկզբունքներին՝ տանելու իրենց մանդատների շրջանակներում փոխլրացնող դերը՝ ի նպաստ մարդասիրական առաքելության արդյունավետ իրականացման։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: