Այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի է ունեցել հերթական համաժողովրդական հավաքը, որի արդյունքները Step1.am-ին տված հարցազրույցում մեկնաբանել է հավաքի նախաձեռնող, Արցախի «Հեղափոխական կուսակցության» նախագահ Արթուր Օսիպյանը։
«Այսօրվա հանդիպումը շտաբային աշխատանքի մի մասն է, ժողովրդին պետք է անընդհատ բացատրենք մեր նպատակներն ու դրանց հասնելու ուղիները։ Խնդիրն այն է, որ բոլորը պետք է ոտքի կանգնեն այս հարցը լուծելու համար, այդ դեպքում այն կլուծվի»,- ասաց Օսիպյանը։
Այսօրվա հանդիպումը բավականին մարդաշատ էր։
«Ակտիվությունն ամեն անգամ տարբեր է և կապված է ներկա իրավիճակի հետ։ Մենք գիտենք, որ վաղ թե ուշ ժողովուրդը ոտքի է կանգնելու, բայց չէինք ուզենա, որ իրավիճակը հասներ աղետի, և միայն դրանից հետո արձագանքենք։ Փորձում ենք կանխատեսել և կանխարգելել անախորժությունները»,- ասաց Արթուր Օսիպյանը։
Աղդամի ճանապարհի և Լաչինի միջանցքի հավանական «միակողմանի» բացումը կարելի՞ է համարել աղետալի իրավիճակ։
Այն, ինչ ասում են միջանցքը միակողմանի բացելու մասին, ուղղակի խոսակցություն է։ «Լաչինի միջանցքի բացումը ոչ նոյեմբերի 9-ի հայտարարության համապատասխան, այսինքն՝ առանց 5 կիլոմետրանոց գոտու պահպանման, աղետ է»,- ասաց նա։
«Մենք ամեն գնով պետք է հասնենք միջանցքի բացմանը՝ նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն»,- նշել է Արթուր Օսիպյանը։