Հայաստանը չի ցանկանում բանաձեւի նախագիծ ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, դա կանի Ֆրանսիան

  • 09:47 25.08.2023

Ֆրանսիան պատրաստվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին բանաձեւ ներկայացնել Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցի վերաբերյալ։ Այս մասին իր հոդվածում գրել է ֆրանսիական հեղինակավոր Le Figaro ամսագրի փոխտնօրեն, լրագրող Ժան-Քրիստոֆ Բյուսոնը։

Բացի այդ, ըստ նրա, հաջորդ շաբաթ Փարիզը և Ֆրանսիայի խոշոր շրջանները մարդասիրական ավտոշարասյուն կուղարկեն Հայաստան։

Երկու գործողությունների «զուգահեռացումը» վկայում է այն մասին, որ Ֆրանսիան մտադիր է հասնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բանաձեւի ընդունմանը եւ միջանցքի ամբողջական բացմանը, որպեսզի իր շարասյունը հասնի Արցախ։

Օգոստոսի 16-ին Բերձորի միջանցքի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստը չհանգեցրեց բանաձեւի ընդունմանը։ Ինչպես պարզվեց, ոչ ոք չներկայացրեց նախագիծը։ Հայկական լրատվամիջոցներում արտահոսքի տեսքով տեղեկություններ հայտնվեցին, որ նախագիծն իբր տորպեդահարվել է ԱՄՆ-ի կողմից։ Հայաստանում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեսպանատները անմիջապես հանդես եկան կոշտ հայտարարություններով՝ նշելով, որ ոչ մի նախագիծ չկա, ակնարկելով, որ Հայաստանը պետք է ներկայացներ նախագիծը, սակայն չի ներկայացրել։

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի դիմումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին «կարող է հակառուսական քայլ համարվել»։ Միաժամանակ, օգոստոսի 16-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստից հետո Բաքուն հայտարարեց, որ միակ երկիրը, որը պաշտպանել է Բաքվի դիրքորոշումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Ռուսաստանն էր։ Այսինքն, ըստ Փաշինյանի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղղված դիմումը կարելի է «դիտարկել որպես Բաքվի դեմ ուղղված քայլ»։

Նիստից հետո Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Երեւանն իրավունք չունի բանաձեւեր ներկայացնելու, քանի որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ չէ։ Սակայն, ինչպես ասում են միջազգային իրավունքի փորձագետները, Երեւանը, որպես հրավիրված կողմ, բոլոր իրավունքներն ուներ բանաձեւի նախագիծ ներկայացնելու։ Դա նախատեսված է ՄԱԿ-ի հատուկ կանոնակարգով։

Բայց Երեւանը չցանկացավ դա անել, ըստ երեւույթին, «խաղաղության օրակարգը» չփչացնելու համար։ Նա հիմա էլ չի պատրաստվում դա անել՝ արագացնելով «խաղաղության օրակարգի» իրականացումը։

Նիկոլ Փաշինյանը փորձում է խնդիրը «լուծել» մինչեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր նիստ. երեկ նա հայտարարեց, որ «Լաչինի միջանցքը կարող է միակողմանի բացվել, այսինքն՝ թույլ կտան միայն ելքը Արցախից»։ Ռուսաստանն իր հերթին մարդկանց խմբերով դուրս է բերում Արցախից՝ առանց վերադառնալու իրավունքի։

Բաքվում ասում են, որ Արցախում մնալու համար Ռուսաստանը հիմա պատրաստ է ամեն ինչի։ «Ի՞նչ նորություն կարող է առաջարկել Ռուսաստանը։ Ինձ թվում է, որ նրանք աստիճանաբար ընդունում են այս դիրքորոշումը. «Բաքվի բարեկամներ, դուք ուզո՞ւմ եք, որ մենք ճանաչենք, որ սա ձեր տարածքն է: Այո, սա ձեր տարածքն է։ Ուզու՞մ եք Ադրբեջանի դրոշը Խանքենդիի վրա։ Մենք կօգնենք բարձրացնել Ադրբեջանի դրոշը Խանքենդիի վրա։ Ցանկանու՞մ եք ադրբեջանցի փախստականների վերադարձը, խնդրեմ։ Ուզու՞մ եք, որ նրանք ապրեն ձեր օրենքներով։ Բարի»։ Կարծում եմ, որ խաղաղապահները մեզ կառաջարկեն ապահովել ադրբեջանցիների վերադարձածը եւ անվտանգությունը այն գյուղերում, որտեղ ապրելու են հայերը» (Ալիևի նախկին խորհրդական Էլդար Նամազովը Գելա Վասաձեի հետ հարցազրույցում):

Ֆրանսիան, փաստորեն, որոշել է ինքը ներկայացնել բանաձեւի նախագիծը եւ հույսը չդնել Հայաստանի վրա։ Հնարավոր է, որ Երեւանն անգամ չհրավիրվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին, որպեսզի չխանգարի քաղաքական որոշումների ընդունմանը։ Չնայած՝ կլինի Ռուսաստան։

f