«Այն, որ Լաչինի ճանապարհը աշխատելու է որպես ֆիլտրացիոն գոտի, արդեն վաղուց գրում են հայ վերլուծաբանները՝ նույն «Լրագիր»-ը, մեկնաբանելով «Լաչինի միջանցքի միակողմանի բացման» մասին Փաշինյանի հայտարարությունը, Step1.am – ին տված հարցազրույցում ասել է Արցախի նախագահի կից Հանրային խորհրդի անդամ Գագիկ Ավանեսյանը:
«Ինչ վերաբերում է Աղդամին (Աղդամի ճանապարհը բացելու առաջարկին – խմբ.), ապա առաջին “վբրոսը” եղել է ռուսական ալիքներով, բայց այստեղ վերցրել ու գովազդում են։ Մենք պետք է գտնենք, թե ով է այդ գաղափարը պտտացնում: Նախ խոսեց Սամվել Բաբայանը, հիմա բոլորը միմյանց վրա են գցում։ Եւ Արայիկ Հարությունյանը պահանջ է ներկայացրել, որքան գիտեմ, որ բոլոր կողմերը հստակ ներկայացնեն իրենց դիրքորոշումները Աղդամի ճանապարհի վերաբերյալ։ Ենթադրվում էր, որ օգոստոսի 23-ին պատասխան կլինի, բայց քանի որ Հարությունյանի հայտարարություն չի եղել, նշանակում է՝ պատասխաններ չեն եղել»,- ասաց Գագիկ Ավանեսյանը։
Իր հերթին, ըստ «Ազատություն» ռադիոկայանի, Լեռնային Ղարաբաղի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը կարծում է, որ Աղդամի ճանապարհի համար նախադրյալներ են պետք։
«Լաչինի միջանցքն ամբողջությամբ բացվում է, անվտանգության երաշխիքներն ամբողջությամբ ապահովվում են, Լաչինի միջանցքով ԼՂ քաղաքացիների տեղաշարժին որևէ խոչընդոտ չի լինում, այնուհետև մենք կարող ենք քննարկել հաղորդակցությունների բացման բոլոր հնարավոր տարբերակները։ Բայց Ադրբեջանն ակնհայտորեն պատրաստ չէ դրան»,- ասաց նա:
Արդեն երրորդ ամիս սովի դատապարտված Լեռնային Ղարաբաղը, ըստ Բեգլարյանի, հակված չէ Աղդամի ճանապարհի օգտագործումը դիտարկել որպես փոխզիջումային տարբերակ։