Նորահայտ ժառանգություն․ Սարսանգի խաչքարը

  • 10:58 25.08.2023

Սարսանգի ջրամբարից շուրջ 700 մ հարավ-արևմուտք գտնվող այս խաչքարը նորահայտ է և գալիս է համալրելու մեր խաչքարային արվեստի գանձարանը:

175×77×31 չափերով այս հուշարձանի մասին պատմական աղբյուրները լռում են, սակայն, համադրելով նմանատիպ այլ հուշակոթողների հետ, Սարսանգի խաչքարը/պայմանական անվանում/ կարելի  է վերագրել XIIդ. վերջերին կամ XIIIդ․ սկզբներին: Հուշարձանի շրջակայքում մոտիկ բնակավայր չկա։ Մասնագետները չեն բացառում, որ խաչքարը տեղադրվել է երբեմնի սրբավայրի վրա ու ծառայել որպես սրբատեղի։

Խաչքարը  կերտված է կրաքարից, արտաքուստ ունի մոխրագույն տեսք: Աչքի է ընկնում XII-XIII դդ. բնորոշ ուշագրավ զարդաքանդակներով: Քիվը լայն է ու սրաձև՝ բուսական ու երկրաչափական դրվագազարդումներո: Կենտրոնում  մեծադիր գեղազարդ խաչն է, ստորին մասում՝ խոյաեղջյուր, եզրամասերում՝ բուսական, հյուսկեն-մանվածո քանդակներ: Արձանագրություն չի պարունակում: Հուշարձանն ուշագրավ է նաև պատկերաքանդակներով՝ մեծադիր  խաչի ներքնամասում, որի աջ ու ձախ կողմերին առկա են մեկական փոքր չափերի խաչեր: Այն որոշակիորեն հիշեցնում  է Ասկերանի շրջանի Քարագլխի XIIIդ. զույգ  խաչքարերից աջակողմյան կոթողին, որտեղ ներկայացված են կնոջ ու տղամարդու պատկերներ և նրանց կողմից բռնած մատուցարան իր պարունակությամբ:

Ըստ  էության, կյանքի հարատևությունը խորհրդանշող գունդը (շրջանակը) այստեղ արտահայտվում է կենցաղային  մոտիվների պատկերմամբ, որն Արցախում հազվադեպ երևույթ չէ:

Արցախում անընդհատ նոր հուշարձաններ են հայտնաբերվում, որոնք ոչ միայն արվեստի գանձարանն են համալրում իրենց զարդանախշային, ճարտարապետական մոտիվներով, այլև գալիս են լրացնելու հայոց պատմության էջերը, երբեմն էլ նոր հարցեր առաջադրելու։ Եվ յուրաքանչյուր հուշարձան մի նոր կնիք է, մի նոր <<կադաստրի վկայական>>, տարածաշրջանում հայի հազարամյա լինելիության։

f