Օգոստոսի վերջ է՝ մի քանի օրից արդեն սեպտեմբեր և նոր ուսումնական տարվա մեկնարկ է, որի կապակցությամբ ամեն տարի Արցախում յուրօրինակ ուրախությամբ եռուզեռ էր, նամանավանդ Ստեփանակերտի կենտրոնական փողոցում, որտեղ գտնում էր մայրաքաղաքի ամենահայտնի գրենական պիտույքների՝ «Կանցլեր»-ի տոնավաճառը:
Տոնավաճառը ոչ միայն մայրաքաղաքի բնակիչների համար էր, այլև Արցախի բոլոր դպրոցականների: Այդ օրերին Արցախի տարբեր գյուղերից ընտանիքներով գալիս էին Ստեփանակերտ, որպեսզի գնեն և՛ շորեր, և՛ գրենական պիտույքներ ամբողջ ուսումնական տարվա համար: Նամանավանդ դժվար էր դպրոցական պայուսակի ընտրությունը, որը պետք էր ընտրվեր այնպես, որ ամբողջ տարի ծառայեր:
Այդ հարցը իհարկե հայրիկներին էր վստահվում, որոնք մի հատ լավ ուսումասիրում էին պայուսակը, քաշում էին վերևից, ներքևից և ի վերջո, եթե պայուսակը անցնում էր որակի «թեստը», ընտրությունը կարող էին համարել փակված:
Թե՛ տոնավաճառը, թե՛ ընտանիքով նոր ուսումնական տարվան պատրաստվելը փոքրիկ ավանդույթ էր, որը մտել է մեր՝ արցախցիներիս կյանքը: Սակայն այս տարի շրջափակման պատճառով արցախցիները զրկվել են նաև այս ավանդույթից․ ո՛չ գյուղերից են գալիս, ո՛չ էլ գրենական պիտույքներ են առկա: Դպրոցականները և նրանց ծնողները մեծ դժվարությամբ են կարողանում որոշ գրենական պիտույքներ գտնել՝ այն էլ՝ հիմնականում օգտագործված:
Լ.Գ-ն սովորում է ավագ դասարանում, ասում է, որ անցած տարվա տետրերն է օգտագործելու, չնայած որ դրանք օգտագործված են արդեն, ուղղակի պոկելու է էջերը: Ուրախ է նաև, որ փոքր եղբայրը դեռ հաջորդ տարի է դպրոց հաճախելու, քանի որ խնդիրներն ավելի լուրջ կլինեին՝ պայուսակ, հատուկ տետրեր, նկարչության համար պարագաներ, որոնք անհնար է այս պայմաններում ձեռք բերել:
Քրիստինա Ալահվերդյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: