Մամլո հաղորդագրություն
Օգոստոսի 25-ին տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ նվիրված Արցախում տիրող իրավիճակին, բանախոսներն էին.
ՀՐԱՉՅԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ, ռազմական և ազգային անվտանգության հարցերով փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր
ԱՐՓԻ ԹՈՓՉՅԱՆ, «Բերդ» ՀԿ ներկայացուցիչ, հանրային գործիչ
ՆԻՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՑ, Հելսինկյան ասոցիացիայի ղեկավար, իրավապաշտպան
ՄԱՐԳԱՐԻՏԱ ՔԱՐԱՄՅԱՆ, «Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ ղեկավար
ԼԵՎՈՆ ՀԱՅՐԻՅԱՆ, «Հանուն Հադրութի» ՀԿ ղեկավար
Ասուլիսի արդյունքում տարածում ենք հետևյալ մամլո հաղորդագրությունը.
2020 թվականին արցախյան երկրորդ պատերազմում ռուս-թուրքական ռազմավարական դաշինքի հաղթանակը, որին աջակցում էին պետական և ոչ պետական դերակատարների լայն դաշինք, այդ թվում՝ ջիհադիստներ, հանգեցրեց Հարավային Կովկասի անվտանգության ճարտարապետության փլուզմանը։ Լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով կնքված զինադադարի հայտարարությամբ Ռուսաստանը ստանձնել է անվտանգության և պարտավորությունների կատարման երաշխավորությունը, որը սակայն չի հանգեցրել ռազմական գործողությունների ավարտին։
Ռազմական գործողությունները ձեռք են բերել հիբրիդային պատերազմի բնույթ, որը վարում են Ռուսաստանը և Թուրքիան՝ Ադրբեջանի ներգրավմամբ՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի դեմ պրոքսի պատերազմ վարելու նպատակով։
Ընդ որում,լայնորեն կիրառվում են անկանոն ռազմական գործողությունները՝ կարճատև ռազմական փոխհրաձգությունների, դիվերսիաների, խաղաղ բնակչության գնդակոծման տեսքով, ինչը հանգեցնում է զոհերի՝ զինվորականների և քաղաքացիական անձանց շրջանում։
Ավելի քան 200 օր շարունակ Արցախի շրջափակումը, չնայած միջազգային հանրության պահանջներին՝ նույնպես ռազմական գործողությունների ձև է։
Թշնամիները լայնորեն կիրառում են նաև հայ ժողովրդի և նրա պետականության դեմ տնտեսական, տեղեկատվական և հոգեբանական պատերազմի մեթոդները։ Շարունակվող ագրեսիայի հետևանքով Հայաստանի Հանրապետությունը և Արցախը շարունակում են տարածքներ կորցնել։
Հիբրիդային պատերազմի նպատակն է՝ ստիպել Հայաստանին գնալ զիջումների աշխարհաքաղաքական ասպարեզում` հանգեցնելով հայ ժողովրդի պետական ինքնիշխանության վերացմանը։
Ագրեսիային նպաստում է Երևանի և Ստեփանակերտի իշխանությունների քաղաքականությունը։ Հայաստանի Հանրապետության ներկայիս վերնախավը հրաժարվում է Արցախի անվտանգության երաշխավորի դերից՝ ձգտելով Արցախյան հիմնախնդիրը վերածել զուտ մարդասիրականի, որը հնարավոր կլինի լուծել Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա ։
Միևնույն ժամանակ, Երևանի իշխանությունները անտեսում են Հայաստանի անկախության հռչակագիրը, ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքը, որի հիման վրա Արցախի բնակչությունը կառուցեց Արցախի Հանրապետությունը, փաստացի գոյություն ունեցող պետություն, որի միջազգային կարգավիճակը պետք է որոշվի ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության շրջանակներում։
Հայաստանի Հանրապետության իշխանությունները վարում են քաղաքական գիծ, որն ուղղված է Հայաստանը Ռուսաստանի և Թուրքիայի անվերապահ ազդեցության ուղեծրում պահելուն և հայ ժողովրդի պետական ինքնիշխանության պահպանմանն ուղղված անկախ քաղաքականության և ռազմավարության ձևավորում բացառելուն։
2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի և Արցախում Ռուսաստանի և Թուրքիայի ռազմական ներկայության ի հայտ գալու արդյունքում Ստեփանակերտի իշխանությունները մուտացիայի ենթարկվեցին՝ վերածվելով հակահայկական քաղաքականություն վարող կոլաբորացիոն ռեժիմի, որը ներկայացնում է բացառապես Ռուսաստանի և Թուրքիայի շահերըը։
2020 թվականից հետո Երևանի և Ստեփանակերտի իշխանությունների աղետալի քաղաքականությունը հանգեցրեց 1991-94 թթ․ արցախյան առաջին պատերազմի արդյունքում հաղթահարված՝ արցախահայության ֆիզիկական ոչնչացման և Մեծ Եղեռնի /ցեղասպանության/ իրագործման ռազմական սպառնալիքի վերադարձին։ Արցախի պետականության կորուստը հայ ժողովրդի թշնամիները համարում են այս քաղաքականության իրականացման կարևորագույն փուլը։
Կասկածից վեր է, որ Արցախի բնակչության ճակատագիրը պետք է դիտարկել Հայկական հարցի պրիզմայով` գործադրելով բոլոր անհրաժեշտ ջանքերը միջազգային կազմակերպություններին և ուժային կենտրոններին փոխանցելու Ռուսաստանի և Թուրքիայի մտադրությունը՝ շարունակել Մեծ Եղեռնը Արցախում։
Երևանի և Ստեփանակերտի վարած քաղաքականությունը դժվարացնում է միջազգային հանրության կողմից արցախահայությանը օգնություն ցուցաբերելը՝ միջազգային քաղաքական ասպարեզում Արցախի ազգային շահերը ներկայացնելու պատրաստ պետական դերակատարի բացակայության պատճառով։
Արցախցիների համար ամենակարևոր խնդիրն ու մարտահրավերը՝ դե ֆակտո գոյություն ունեցող պետության՝ Արցախի Հանրապետության պահպանումն է, որի շրջանակներում նա իրացրել է ինքնորոշման իր իրավունքը։ Արցախի Հանրապետության քաղաքացիները պետք է պաշտպանեն իրենց իրավունքները՝ վերադառնալու բանակցային սեղանի շուրջ՝ պաշտպանելու ազգային շահերն ու հիմնական իրավունքներն ու ազատությունները, այդ թվում՝ կյանքի, ինքնապաշտպանության, ժողովրդավարական հասարակություն կառուցելու իրավունքը։
Միաժամանակ մեծ դեր են խաղում արցախյան հասարակության ինքնակազմակերպման գործընթացները։ Հասարակական նոր ուժերի և գործիչների ի հայտ գալը, որոնք ընդունակ են դիմակայելու Ստեփանակերտում և Երևանում հայ ժողովրդի թշնամիների և նրանց համախոհների մտադրություններին՝ վերացնելու հայ ժողովրդի պետական ինքնիշխանությունը Արցախում, վճռորոշ է դառնում Արցախում գոյատևելու համար։ Նման հասարակական ուժերի աջակցությունը դառնում է հրամայական հայ ժողովրդի համար՝ որպես համաշխարհային երևույթի։
Հույժ կարևոր է նաև Հայաստանի Հանրապետության և Արցախի միջև վստահության վերականգնումը, երբ արցախյան կարգավորման հարցում հայկական երկու պետությունների քաղաքականությունն ու ռազմավարությունը կրկին համաժամանակացվեն և միավորվեն։
Արցախի Հանրապետության և Արցախի բնակչության պաշտպանության ճանապարհային քարտեզը ներառում է մի շարք փուլեր, որոնց իրականացումը պետք է տեղի ունենա զուգահեռաբար։ Այդ փուլերը ներառում են՝ Ստեփանակերտում իշխանափոխություն, ռուսական ռազմական կոնտինգենտի փոխարինում միջազգային խաղաղապահ ուժերով, միջազգային մեխանիզմների մշակում, որոնք կերաշխավորեն արցախյան հասարակության՝ արտաքին աշխարհի հետ տեղաշարժվելու և շփվելու իրավունքը, պայմանների ստեղծում՝ Արցախը միջազգային հանրութուն և նրա ասպարեզներ՝ քաղաքական, մշակութային, հումանիտար վերադարձնելու համար։ Այս խնդիրների լուծումը հնարավոր է միայն ողջ հայ ժողովրդի ներուժի ու կարողությունների ներգրավմամբ։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: