Ոչինչ ուժով չի փոխվի. Հայաստանում Իրանի դեսպանը զգուշացնում է

  • 17:55 25.08.2023

Մենք աջակցում ենք Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և մենք դեմ ենք սահմանների որևէ փոփոխության։ NEWS.am–ին տված հարցազրույցում ասել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։

-Պարո՛ն դեսպան, Երևանում ընթացող տնտեսական ցուցահանդեսի ժամանակ Դուք նշեցիք, որ Իրանը աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը և քայլեր կձեռնարկի այդ ուղղությամբ։ Ի՞նչ քայլեր նկատի ունեիք։

-Մենք արդեն սկսել ենք անել այդ քայլերը։ Մենք աջակցում ենք Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, և մենք դեմ ենք սահմանների որևէ փոփոխության։ Մենք աջակցում ենք Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն այնպես, ինչպես մենք   ճանաչում ենք բոլոր երկրների ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը։ Մենք դեմ չենք հաղորդակցության ուղիների բացմանը, մենք նման ուղիներ տրամադրեցինք նաև Ադրբեջանին։ Բայց հաղորդակցության բոլոր ուղիները պետք է լինեն այն երկրների տիրապետության տակ, որոնց տարածքում գտնվում են, հատկապես Հայաստանի դեպքում։

-Բայց եթե Ադրբեջանը փորձի ուժով բացել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը, ինչ կանի Իրանը, ի՞նչ օգնություն կարող է տրամադրել Հայաստանին։

-Ինչպես ասացի, մենք աջակցում են հաղորդակցության ուղիների բացմանը, բայց դրանք պետք է լինեն Հայաստանի կառավարության տիրապետության տակ։ Ոչինչ ուժով չի փոխվի։

-Իրանը քայլեր կձեռնարկի՞ նման զարգացում թույլ չտալու համար։

-Երբ ես ասում եմ՝ Իրանը կաջակցի Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, դրանից ամեն բան պարզ է դառնում։

NEWS.am