Ֆրանսիայի նախագահ Մակրոնը Le Point-ին տված հարցազրույցում ասել է, որ դիվանագիտության համար ժամանակ չի մնացել, և Ֆրանսիան ամեն ինչ կանի Արցախ մարդասիրական օգնություն հասցնելու համար։ Դա տեղի է ունեցել Բելգիայի արտաքին գործերի նախարարի՝ Երևան և Բաքու կատարած այցից հետո, որին Բաքվում չընդունեց Ալիևը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի կողմից Լաչինի միջանցքի մուտքը ստուգելուց գետո, երբ նրան թույլ չեն տվել գնալ Բաքու։ Ճնշման դիվանագիտական միջոցները մոտենում են ավարտին, և աշխարհը մտածում է այլ ձևերի մասին։
Ի՞նչ է նշանակում «ոչ դիվանագիտական ճանապարհով» մարդասիրական օգնություն հասցնել Արցախ։
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների միության (CCAF) խնդրանքով Փարիզի քաղաքապետը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ կոչ անելով Ֆրանսիայի տարածաշրջանային համայնքներին կազմակերպել մարդասիրական ավտոշարասյուն դեպի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։ Այս մասին հայտարարեց Մուրադ Փափազյանը։
Փարիզի, Ստրասբուրգի և այլ քաղաքների քաղաքապետեր Անն Իդալգոն, Քսավյե Բերտրանը, Բրունո Ռետայոն, Ժաննա Բարսեղյանը, ինչպես նաև Պատրիկ Քարամն ու Միշել Ռուբիրոլան որոշել են ֆիզիկապես ուղեկցել այս ավտոշարասյունը, որը Լաչինի միջանցք կհասնի օգոստոսի 30-ի կեսօրին։
Ի՞նչ կլինի, երբ ֆրանսիական ավտոշարասյունը հասնի Կոռնիձոր, որտեղ արդեն կայանված են Հայաստանից մարդասիրական օգնություններով բեռնատարները։ Ինչպե՞ս են Ֆրանսիայի իշխանությունները մտադիր ապահովել դրա առաջմղումը։
Բերձորի միջանցքի բացումը առանցքային քայլ է իրադարձությունների հետագա զարգացման համար։ Եթե միջանցքը ֆիզիկապես բացվի, Արցախը կվերահաստատի կապերը Հայաստանի հետ և կմնա հայկական՝ տարածք թողնելով հետագա ինքնորոշման և քաղաքական որոշումների համար։ Եթե միջանցքը փակ մնա, կճանաչվեն ահաբեկչական պատերազմի արդյունքները, կսկսվեն էթնիկ զտումները, գաղթը և Արցախի հայաթափումը։ Այս մասին Արցախը խոսում է բաց տեքստով։ Հենց այս հիմքով էլ Արթուր Օսիպյանը պնդում է միջանցքի «խաղաղ» բացումը երթի միջոցով։
«Մենք միշտ ասել ենք, որ կողմ ենք ժողովրդի ինքնիշխանությանը։ Լեռնային Ղարաբաղի հարցը բարդ է, այդ թվում՝ ժողովուրդների հավասարության առումով։ Ես չեմ կարող անդրադառնալ այս թեմայի ամենասուր կողմերին: Ֆրանսիան հստակորեն դատապարտեց 2020 թվականի պատերազմը և մի քանի մարդասիրական օգնություն կազմակերպեց։ Այսօր մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվի տևական խաղաղություն և պաշտպանված լինեն ժողովուրդներն ու մշակույթները: Այս խաղաղության պայմանագիրն անհրաժեշտություն է, բայց այն պետք է համապատասխանի միջազգային իրավունքին», -ասել է Մակրոնը։
Միաժամանակ Figaro թերթը հայտնել է, որ Ֆրանսիան մտադիր է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին բանաձև ներկայացնել Լաչինի միջանցքի վերաբերյալ։ Ելնելով Մակրոնի տրամաբանությունից՝ բանաձևը կարող է պարունակել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի առաջարկ՝ «մարդասիրական ինտերվենցիա» կիրառման համար։ Հիշեցնենք, որ միջազգային իրավունքը թույլ է տալիս նման ինտերվենցիա, եթե կա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թույլտվություն:
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: