Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը հարցազրույց է տվել Le Point-ին, որում խոսել է նաեւ Արցախի մասին։ Նախօրեին ֆրանսիական Ֆիգարոն գրել էր, որ Ֆրանսիան պատրաստվում է բանաձեւ ներկայացնել ՄԱԿ Աանվտանգության խորհուրդ՝ «օգնելու Բաքվի շրջափակման պատճառով սովամահության եզրին կանգնած Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակիչներին»։ Ֆրանսիական մի շարք քաղաքներ պատրաստվում են մարդասիրական շարասյուն ուղարկել Արցախ, քաղաքապետերն անձամբ են ուղեկցելու շարասյուները։
Խոսելով Արցախի շրջափակումից՝ Ֆրանսիայի նախագահը հայտարարել է՝ այլևս դիվանագիտության ժամանակը չէ․ «Մենք ունենք հումանիտար իրավիճակ, որն անընդունելի է հատկապես Լաչինի միջանցքի փակման հետեւանքով։ Ֆրանսիայի դերը հումանիտար հասանելիության հարցում ճնշում գործադրելն է, եւ մենք շարունակում ենք մեր բոլոր ջանքերը դրան հասնելու համար: Մասնավորապես, մենք շարունակում ենք միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու համար սննդամթերքի եւ դեղորայքի առաքումը եւ Լեռնային Ղարաբաղ ազատ մուտքի պահպանումը»։
Լրագրողը հիշեցրել է Մակրոնի՝ 2020-ին արած հայտարարությունը, ըստ որի «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի վերանվաճումն անթույլատրելի է»։ Ի պատասխան Մակրոնն ասել է․ «Մենք միշտ ասել ենք, որ կողմ ենք ժողովրդի ինքնիշխանությանը։ Լեռնային Ղարաբաղի հարցը բարդ է, այդ թվում՝ ժողովուրդների հավասարության առումով։ Ես չեմ կարող անդրադառնալ այս թեմայի ամենասուր կողմերին: Ֆրանսիան հստակորեն դատապարտեց 2020 թվականի պատերազմը եւ մի քանի մարդասիրական օգնություն կազմակերպեց։ Այսօր մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատվի տեւական խաղաղություն եւ պաշտպանված լինեն ժողովուրդներն ու մշակույթները: Այս խաղաղության պայմանագիրն անհրաժեշտություն է, բայց այն պետք է համապատասխանի միջազգային իրավունքին»։
Մակրոնն, այսպիսով, օրակարգում պահում է Արցախի ինքնորոշման խնդիրը։ Նա «ինքնորոշման իրավունք եւ ժողովուրդների հավասարություն» բանաձեւի երկրորդ մասն է օգտագործում, որն ընդամենը շեշտում է առաջին մասը՝ ինքնորոշման իրավունքը։ Այս համատեքստում է պետք դիտարկել խաղաղության պայմանագրի՝ միջազգային իրավունքին համապատասխանության պնդումը։
Ավելի վաղ, հայ համայնքի հետ հանդիպմանը Մակրոնը հայտարարել էր, որ օրակարգում է պահում Արցախի խնդիրը, եւ այս հարցում գրեթե մենակ է մնացել միջազգային համայնքում։ Հանդիպմանը ներկաների փոխանցմամբ, նա ասել էր, որ «հարցը Նիկոլ Փաշինյանն է»։ Եղիշեյան պալատը դա չէր հերքել։
Շարունակությունը՝ այստեղ