Step1.am-ի հարցին պատասխանում է «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լևոն Հայրիյանը․
Արցախից փախստականների իրավունքները պաշտպանող կազմակերպությունների ներկայացուցիչներն արդեն մի քանի հանդիպումներ են ունեցել Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը։ Ի՞նչ է քննարկվում այս հանդիպումներում և ի՞նչ քայլեր եք ակնկալում ԱՄՆ-ից։
Մենք մանրամասն ներկայացնում ենք ամեն ինչ, քննարկում, այդ թվում՝ տարածաշրջանին վերաբերող քաղաքական հարցեր և առաջարկում ենք կոնկրետ քայլերի ճանապարհային քարտեզ։
Քանի որ Արցախում իրավիճակը հատել է թույլատրելիի սահմանը, և այսօր արցախյան դերակատարների կողմից իրավիճակը շտկելու առաջարկներ չկան, մենք ամերիկյան կողմին առաջարկել ենք այն լուծումները, որոնք ճիշտ ենք համարում.
1․ ԱՄՆ-ն և Արևմուտքը պետք է անհապաղ մարդասիրական ինտերվենցիա իրականացնեն Արցախում՝ ցեղասպանությունը կանխելու համար։
2․ Արդեն իսկ Արցախ մտած միջազգային և օտարերկրյա կազմակերպությունները պետք է արցախյան հիմնախնդրի համապարփակ ուսումնասիրություն իրականացնեն՝ քաղաքական, իրավական և հումանիտար, որի արդյունքում պետք է ճանաչվի Արցախի ժողովրդի ինքնորոշումը։
3․ Բայց ընդհանուր առմամբ խաղաղություն ու զարգացում ապահովելու համար ԱՄՆ-ը պետք է ներկա լինի տարածաշրջանում Վիլսոնի դոկտրինով։