Այսօր Արցախի գյուղնախարարությունը հանդես է եկել կոչով․ “Հարգելի հողօգտագործողներ, մայրաքաղաքի ալրաղացներում հացաթխման համար պահեստավորած ցորենի պաշարները սպառման եզրին են: Եթե դուք ունեք ցորենի պահեստավորված բերք, ԱՀ կառավարությունը պատրաստ է գնել այն շուկայական գնով՝ անկախ քանակից: Կոչ ենք անում բոլորիդ անմասն չմնալ, դրսևորել միասնականություն ու սրտացավություն և իրացնել ձեր կողմից պահեստավորված ցորենի պաշարները՝ մայրաքաղաքաբնակ մեր հայրենակիցներին հացով բավարարելու նպատակով: Կառավարությունը, իրացման վերաբերյալ հայտը ստանալուց հետո, ինքնուրույն և կարճ ժամկետներում կկազմակերպի ցորենի դիմաց վճարման ու տեղափոխման գործընթացները:
Հորդորում ենք համայնքների ղեկավարներին հավաքագրել և ամբողջացնել իրենց համայնքում առկա ցորենի պաշարների մասին տեղեկությունները և ներկայացնել գյուղատնտեսության նախարարություն, որպեսզի կառավարությունը հնարավորինս արագ կազմակերպի ցորենի տեղափոխման հարցը”:
Դրանից առաջ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը տեղեկացրել է, որ “պատկան մարմինների կողմից շարունակաբար գործադրվում են բոլոր ջանքերը վառելիքի եվ ցորենի ունեցած սուղ պաշարների պայմաններում բնակչության հացի կարիքը գոնե մասնակիորեն բավարարելու համար”:
“Ամենօրյա ռեժիմով հավաքագրվում են ցորենի պաշարներ և ստացված ալյուրը անմիջապես ուղղվում է հացի արտադրամասերին՝ ըստ ունեցած հնարավորությունների: Այսօր առավոտյան արդեն զգալի ծավալի ալյուր է մատակարարվել Ստեփանակերտի արտադրամասերին, իսկ մինչև օրվա վերջ կմատակարարվի այսօրվա և վաղվա հացի պահանջարկի շուրջ 70%-ի չափով ալյուր”, ասված է հաղորդագրության մեջ: