Անուշը կենսուրախ աղջիկ է՝ բարի սրտով։ Նրան, ինչպես հայկական հայտնի օպերայի գլխավոր հերոսին, ծանր ճակատագիր է բաժին հասել. նա ծնվել է 2003 թվականին՝ ուղեղային կաթված ախտորոշմամբ։ Գրեթե ամբողջ մանկությունը ծնողների հետ անցկացրել է Երևանի և Ստեփանակերտի հիվանդանոցներում՝ բուժման մեթոդների որոնման մեջ։ 2007 թվականին նրանց խորհուրդ են տվել դիմել Ստեփանակերտի վերականգնողական կենտրոն։
Այստեղ նա անցել է վերականգնողական կուրսեր, որոնք տվել են դրական արդյունքներ։ Բայց որպեսզի Անուշիկը թողնի անվասայլակն ու սովորի քայլել, անհրաժեշտ է վիրահատություն, որը պատրաստ են անել երեւանյան կլինիկաներից մեկում։ Սակայն շրջափակման պատճառով հնարավոր չէ գնալ Երեւան, իսկ Ստեփանակերտում հնարավոր չէ նման վիրահատություն իրականացնել։
Անուշիկն աչքի է ընկնում ինտելեկտով։ Նա շատ հետաքրքրասեր է։ Վերականգնողական կենտրոնում նա ակտիվորեն մասնակցում էր բոլոր խմբակներին։ Մասնակցել է կենտրոնում կազմակերպված բոլոր միջոցառումներին։
Նա ապրում է Ասկերանի շրջանի Վարդաձոր գյուղում, վառելիքի ու հասարակական տրանսպորտի բացակայության պատճառով տեւական ժամանակ է՝ չի կարողանում այցելել Կենտրոն։
Ընտանիքում կա նաև սննդի և հիգիենայի պարագաների սուր պակաս։ Հատկապես սուր է ալյուրի ու հացի հարցը։
Անուշիկն ապագայի հետ կապված մեծ ծրագրեր ունի. նրա նվիրական երազանքն է՝ ոտքի կանգնել, խաղաղ ապրել և օգնել ծնողներին ամեն ինչում։
Արսեն Աղաջանյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: