ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստից հետո, երբ պարզվեց, որ Հայաստանը կարող էր, բայց չի ներկայացրել բանաձևի նախագիծ, որ բոլոր երկրները, բացառությամբ Ռուսաստանի, պահանջում են բացել Բերձորի միջանցքը, Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հայտարարեց, որ կներկայացնի նոր բանաձև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին։ Բացի այդ, օգոստոսի 30-ին Կոռնիձորում կլինի մարդասիրական ավտոշարասյունը՝ Ֆրանսիայի քաղաքների, այդ թվում՝ Փարիզի և Ստրասբուրգի քաղաքապետերի ուղեկցությամբ։ Խոսում են «մարդասիրական ինտերվենցիայի» հավանականության մասին, որը նախատեսված է ՄԱԿ-ի կանոնադրությամբ։
Այս ֆոնին Բաքուն և Մոսկվան ակտիվացրել են ջանքերը մինչև հավանական հումանիտար ինտերվենցիա Արցախը կոտրելու, բնակչության մեծ մասին արտաքսելու, «ադրբեջանցի փախստականներին» “ազատված” տներում տեղավորելու և մնացած հայերին ֆիլտրումից հետո «ինտեգրելու» ուղղությամբ։
Խնդիրն այն է, թե ինչպես կարելի է Արցախի հասարակությանը բաժանել նրանց, ում կարելի է տարհանել, եւ նրանց, ով պիտի մնա։
Սկզբում հին ձայնասկավառակը հանեցին՝ «հայրենակիցների» և ռուսական աշխարհի մասին։ Սակայն ծրագիրը բախվել է ընտանիքների բաժանման խնդրին, շատերը հրաժարվել են «տարհանվել» նույնիսկ եթե ունեն ռուսական անձնագիր: Ավելին, ինչպես ասում են, շատերը չեն կարող իրենց դա թույլ տալ. ռուսները «քթից» պահանջում են 2,2 հազար դոլար և թույլ են տալիս վերցնել միայն երկու ուղեբեռ։ Իսկ այսօր, օգոստոսի 29-ին, Ստեփանակերտում տեղի կունենա «հայրենակիցների» հանդիպում, որտեղ կքննարկվեն բաժանման հարցերը։
Կա «պլան Բ»՝ տարհանել կանանց, երեխաներին ու ծերերին։ Ինչ-որ տեղ ինչ-որ մեկը նույնիսկ հերթ է կազմում։ Բայց այս ծրագիրը նույնպես բախվեց անհաղթահարելի խոչընդոտի` ընտանիքին և իրենց նախնիների երկրում ապրելու իրավունքին:
Ռուսները թեև հնարավորություն ունեն ալյուր ներկրել, բայց դա դիտմամբ չեն անում՝ մարդկանց քաղցած հիստերիայի մեջ գցելով։
Ստեփանակերտի բնակիչ, փաստաբան Ժաննա Արզումանյանը կոչով դիմեց հանրությանը` հորդորելով օգոստոսի 29-ի երեկոյան գալ Վերածննդի հրապարակ՝ փրկելու երեխաներին։ «Արդեն պարզ է, որ մենք ինքներս պետք է բացենք միջանցքը՝ մեր պահանջներով ու գործողություններով։ Առաջարկում եմ հավաքվել և իշխանություններից պահանջել անհապաղ լուծել մեր երեխաների անվտանգության և բարեկեցության հարցերը։ Իսկ մենք՝ հանուն երեխաների, պետք է ամեն ինչ անենք, որ միջանցքն ապաշրջափակվի։ Եվ դրա համար մենք բոլորս պետք է միասին լինենք»,- ասաց նա: Արզումանյանը դիմեց քաղաքական ուժերի, ճակատների ու շարժումների, ճամբարների՝ դադարեցնելու «պետական պաշտոնների համար պատերազմը»։
Սոցցանցերի օգտատեր Գոհար Հայրապետյանը գրում է. “Կանանց, երեխաներին և հիվանդներին ու մեծերին տարհանելու կոչեր անողներ, զգույշ արտահայտվեք, հետագայում դուք այլևս չեք տեսնելու ձեր տղամարդկանց: Այդ կոչերի իրականացման հնարավորությունը տեսնող իշխանության ներկայացուցիչներ, կորեք գրողի ծոցը: Ընտանիքները կամ միասին պետք է դուրս գան, կամ պետք է մնան այստեղ մինչև հարցի հանգուցալուծումը”:
Օգտատեր Նունե Առաքելյան. «Սիրելի՛ արցախցի կանայք և երեխաներ։ Հիշեցնեմ, որ երեք տարի առաջ մենք մի անգամ թողեցինք մեր տղամարդկանց։ Եվ հիշեցնեմ, թե ինչպես դա ավարտվեց, հիշեցնեմ նաև, որ 1991-92 թվականներին մենք չթողեցինք մեր մարդկանց։ Իսկ թե ինչպես ավարտվեց, ես լավ հիշում եմ։ Եզրակացություններ արեք և ոչ մեկին մի լսեք, հատկապես վախկոտներին և սադրիչներին։ Մենք մեր տղամարդկանց ուժն ու ոգեշնչումն ենք: Որտեղ մենք, այնտեղ նրանք, որտեղ նրանք, այնտեղ մենք ենք, հենց որ մեզ դուրս հանեն, Ալիևը մնացած տղամարդկանց ահաբեկիչ կհայտարարի, ռազմական պաշտպանություն կսկսի և կսպանի մեր մարդկանց։ Արդյո՞ք սա բացատրության կարիք ունի»:
Օգտատեր Անի Մաթևոսյան․«Տուք հասկանումը՞ք հինչըք անում, տուք գոնե պատկերացնումը՞ք հինչ հետևանքների կարե պերե ծեր պահանջը։ Էս պահին Արցախում բոլորն էլ՝ անկախ սեռից, համարվումն խոցելի, բոլորս նույն վիճակումննք։ Հարցը մենակ սովըչի, նույն վտանգն էլ կա ցեղասպանության դեպքում։ Իմ կլխումս տեղավորվումչի՝ տուք իրոք պատրաստըք ծեր եղբայրներին, ամուսիններին, հայրերին, տարիքավ մեծ տղա խոխորցը թողիք քինա՞ք…
Հասկանումը՞ք, վեր Աստված չանե ծեր պահանջնեն իրականացնին, մնացողներին դատապարտելուվք ցեղասպանության։ Ադրբեջանին էլ հենց էտա պետք, ասելուվա ռազմական հանցագործնեյն, իմ տարածքում ապօրինի զինված կազմավորումա։
Վիճակը ծանրա ու ստի էրկան կարելչի շարունակվե։ Իհարկե տուք օնիք պահանջնե ներկայացնելի բոլոր իրավունքները, բայց սխալ պահանջնեն էս պահին ճակատագրականա ինելուվ։ Ծեր միակ պահանջը պիտի ինե՝ Արցախի հարցի լուծումը, առաջին հերթին, առանց նախապայմանների ճանապարհի (Լաչինի միջանցքի) բացումը, մարդկանց ազատ տեղաշարժի վերականգնումը։ Իշխանություններից պահանջեցիք՝ ամենասեղմ ժամկետներում հարցին լուծում տան ու տա ըրեցիք միասնական»։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: