Այսօր՝ Հաքարի կամրջի վրա արցախցի երեք երիտասարդների առևանգումից հետո, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում բազմամարդ հանրահավաք է տեղի ունեցել․ նախագահ Արայիկ Հարությունյանը դուրս է եկել մասնակիցների մոտ և խոստացել ընդլայնված կազմով խորհրդակցություն անցկացնել, որին կորոշվեն հետագա քայլերը։
«Կարելի է ասել, որ դա վերջին կաթիլն էր: Թեեւ բավականին բարդ իրավիճակում ենք հայտնվել երկար ժամանակ, գնալով իրավիճակը վատանում է, բայց հստակ ծրագրեր չկան։ Ինչ ենք անելու, ինչ է մեզ սպասում, այս մասին կառավարությունից ոչ մի խոսք չենք լսում։ Հիմա գերխնդիրըէ մեր հայրենակիցներին վերադարձնելն է, բայց դա չի նշանակում, որ հանրահավաքի հարցերը սրանով սահմանափակվում են։ Մենք սովի շեմին ենք, բայց իշխանության քայլերը չենք տեսնում։ Նրանց գործողություններն ավելի շատ նման են իշխանությունը յուրացնելու, իշխանությանը հասնելու փորձերին։ Պահանջում ենք, որ քաղաքական ուժերը ներկայացնեն իրենց ծրագրերը, որպեսզի հասարակությունն ընտրի մեր հայրենիքում արժանապատիվ և ապահով կյանքի ճանապարհը»,- ասաց հանրահավաքի կազմակերպիչ, Հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը։
«Մեր պահանջով այսօր ժամը 9-ին տեղի կունենա բաց նիստ՝ տարբեր կուսակցությունների եւ ուժերի մասնակցությամբ։ Հոգեբանական ճնշումը կարող է հանգեցնել նրան, որ ինչ-որ պահի մենք չենք կարողանա պայքարել։ Ուստի այսօր մենք պետք է համախմբվենք և պայքարենք մեր հողի վրա ապրելու իրավունքի համար։ Ուրիշ նպատակ չկա։ Եթե գործոն դառնանք, ուրեմն մեծ շանսեր կունենանք։ Մենք առաջարկում ենք խնդրի քաղաքական լուծում, եթե ոչ, ապա զինված պայքար։ Այլ ճանապարհ չկա»,- ասաց Արթուր Օսիպյանը։