Երևանում Ռուսաստանի դեսպանատան առջև մի խումբ երիտասարդներ բողոքի ակցիա են իրականացնում, հայտնում է Արցախպրեսը։
Պատճառն այսօր Լաչինի միջանցքում տեղադրված անօրինական անցակետից արցախցի երիտասարդի առևանգումն է։ Նա ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստան էր գալիս սովորելու նպատակով։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ևս երկու երիտասարդներ չեն հատել անցակետը, նրանց հետ կապ հաստատել չի հաջողվում։ Ադրբեջանական կողմն էլ տեղեկատվություն տարածեց, թե 3 երիտասարդներ «ձերբակալվել են նախկինում Ադրբեջանի դրոշը անարգելու համար»։ Ադրբեջանի գլխավոր դատախազը նրանց մեղադրանք է առաջադրել 2 հոդվածներով։
«Ժողովո՛ւրդ, խնդրում եմ, որ անտարբեր չլինեք և 1915 թվականի տրամաբանությամբ չմտածեք։ Թուրքը մի օր էլ Երևան է մտնելու, եթե այսպես շարունակեք»,– բարձրախոսով կոչ է անում ակցիայի մասնակից երիտասարդներից մեկը` կոչ անելով անցորդներին միանալ ակցիային։
Ի նշան բողոքի երիտասարդները փակել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցի` ՌԴ դեսպանատան հարակից մասը։