Ե՞րբ խորհրդարանը դիմեց ՄԱԿ-ին՝ միջազգային խաղաղապահների պահանջով

  • 09:16 29.08.2023

Երեկ Արցախի խորհրդարանում 6-ժամյա գիշերային նիստից հետո Արայիկ Հարությունյանը դուրս եկավ ժողովրդի մոտ, երկար խոսեց, բայց չասաց, քննարկվե՞լ են արդյոք հիմնական հարցերը, որոնք կարող են լուծել թե՛ միջանցքի, թե՛ իրավիճակի և  մարդկանց ճակատագրի հարցերը:

Այս հարցերը ակնհայտ են՝ ապօրինի անցակետի դուրսբերում և Բերձորի միջանցքի արտատարածքային կարգավիճակի իրագործում, միջազգային խաղաղապահների ներգրավում և կարգավիճակի հարցի քաղաքական լուծման միջազգային նախաձեռնություններին աջակցություն։

Հայաստանի և Արցախի իշխանությունները փորձում են այս խնդիրները փոխարինել հումանիտար խնդիրներով։ Սակայն, ականատեսների խոսքով, երբ Հարությունյանը կրկին սկսել է խոսել հացի մասին, ներկաները սկսել են վանկարկել, թե սա ստամոքսի պայքար չէ։

Արայիկ Հարությունյանը, կրկնելով Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը, ասաց, որ Լաչինով ճանապարհը բացելու են և միջանցք կտան նրանց, ովքեր ցանկանում են հեռանալ։ Անօրինական անցակետի դուրսբերում, միջանցքային ռեժիմի վերականգնում պահանջելու փոխարեն հայկական վայ-ղեկավարությունը խոսում է միակողմանի միջանցք բացելու մասին՝ Արցախից։

Երեկ, ինչպես պարզվեց, ռուսական զորքերի ուղեկցությամբ Արցախը լքել է 200 մարդ։ Սա բավականին մեծ թիվ է, և դատելով թվից՝ որոշում է կայացվել Արցախի «անարյուն» հայաթափման մասին։ Պատերազմից հետո էլ Ալիևն ասում էր, որ Արցախում 25 հազարից ավելի հայ չպետք է ապրի։

Արայիկ Հարությունյանը, ըստ ամենայնի, սրա մեջ է տեսնում իր առաքելությունը։ Նա ասաց, որ մի քանի օր առաջ ուզում էր հրաժարական տալ, հիմա էլ պատրաստ է դա անել։ Ի՞նչն է նրան հետ պահել այս քայլից, Հարությունյանը չասաց, բայց, դատելով Արցախից հայ բնակչության տարհանման ինտենսիվ տեմպերից, ռուսները թույլ չտվեցին նրան հրաժարական տալ՝ իր առաքելությունն ավարտին հասցնելու համար։ Սակայն Հարությունյանը մեղադրեց բոլորին, բացի ռուսներից։

«Մենք մենակ ենք։ Մենք ընկերներ և աջակցություն չունենք։ Մենք ձեզ հետ միասին կլուծենք բոլոր հարցերը», – ասաց Հարությունյանը։ Ինչո՞ւ «մենք մենակ ենք», նա համարո՞ւմ է, որ ռուսներն այլևս «փրկիչներ» չեն, Հարությունյանը չասաց։ Իսկ պատգամավորներից մեկը «խոստովանեց», որ մեզ ոչ ոք միջազգային խաղաղապահներ չի տա։

Իսկ դուք դիմե՞լ եք։ Ե՞րբ է Արցախի խորհրդարանը դիմել միջազգային հանրությանը միջազգային զորքեր տեղակայելու պահանջով։ Ե՞րբ է Արցախի խորհրդարանը հայտարարել, որ չի ճանաչում 2020 թվականի ահաբեկչական պատերազմի արդյունքները և նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որը կոչված է ամրապնդելու այս պատերազմի արդյունքները։ Ե՞րբ է Արցախի խորհրդարանը դիմել Հայաստանին՝ Հայաստանի և Արցախի վերամիավորման 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը կատարելու պահանջով։

Թե՞ խորհրդարանը ողջունել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնի նախաձեռնությունը, որն ըստ էության խոսում է մարդասիրական միջամտության ու հարցի քաղաքական լուծման մասին։