Արցախցիները հրաժարվում են ընդունել Ադրբեջանի «օգնությունը»

  • 20:56 29.08.2023

Ասկերանի և Արցախի այլ բնակավայրերի բնակիչները փակել են Ակնա (Ագդամ)-Ասկերան-Ստեփանակերտ ճանապարհը՝ Ադրբեջանի կողմից որպես «օգնություն» ուղարկված ալյուրով ադրբեջանական բեռնատարների մուտքը կանխելու համար։ Նրանց են միացել «Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ» հասարակական շարժման անդամները։

Հիշեցնենք, որ հուլիսին Ճակատը ցույց էր կազմակերպել ընդդեմ Ակնա-Ասկերան ճանապարհի օգտագործման՝ բետոնե բլոկներ տեղադրելով և փակելով անցումը։ Ճակատի ներկայացուցիչ Արշակ Աբրահամյանի խոսքով, ակտիվիստները ճանապարհը փակ են պահելու այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, և ոչ մի ադրբեջանական բեռնատար չի անցնի։

Ժամը 20.50-ին նա գրեց. «Ժողովուրդ, համացանցում շրջանառվող լուրերը, թե ադրբեջանական բեռնատարներ են անցել, իրականությանը չեն համապատասխանում։ Մենք այս պահին այստեղ ենք և ձեզ կտեղեկացնենք, երբ իրավիճակը փոխվի»:

Նշենք, որ երեկ Արցախի խորհրդարանում 6 ժամ տեւած հանդիպումից հետո նախագահ Արայիկ Հարությունյանը դուրս էր եկել ցուցարարների մոտ եւ վստահեցրել, որ գործելու է միայն մեկ ճանապարհ՝ Լաչինի միջանցքը։ Մարդիկ հավատացին նրան և հայտարարեցին, որ չեն ընդունի ոչ մի մարդասիրական օգնություն Ադրբեջանից՝ չնայած մոտալուտ սովին, դեղորայքի և վառելիքի պակասին։