Ադրբեջանական բեռնատարների մուտքն Արցախի տարածք թույլ չտալու ակցիան շարունակվել է ողջ գիշեր և կշարունակվի այսօր։ Այսօր առավոտից վրան է տեղադրվել, ակտիվիստները շարունակում են փակել Ակնա-Ասկերան-Ստեփանակերտ ճանապարհը։
Step1.am-ին դեպքի վայրից ֆոտոբլոգեր Դավիթ Ղահրամանյանը հայտնեց, որ Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարը հանդիպել է ռուս խաղաղապահ զորքերի ներկայացուցիչներից մեկի հետ, ով այս պահին ադրբեջանցիների մոտ է։ Ռուսաստանի ներկայացուցիչը վստահեցրել է, որ ոչ մի դեպքում թույլ չեն տա ադրբեջանցիներին առաջ շարժվել։ «Բայց մենք մնում ենք այնտեղ, որտեղ գտնվում ենք: Շարունակում ենք փակել ճանապարհը, որպեսզի բեռնատարները չանցնեն»։
Ասկերանցի ակցիայի մասնակից Ա.Արզումանյանն ասաց, որ հազարից ավելի արցախցիներ փակել են Ակնա-Ասկերան ճանապարհը. «Մենք դեմ ենք այս ալյուրի ներկրմանը Արցախ։ Բոլորը հասկանում են, որ սա ոչ թե մարդասիրական բեռ է, այլ սադրանք։ Եթե մենք համաձայնվենք ընդունել այս բեռը, մենք խաչ կքաշենք մեր ապագայի վրա»։
Ա.Գրիգորյանը նշեց, որ այսօր կպարզվի երկու հարց՝ պատրա՞ստ են ռուս խաղաղապահները կատարել իրենց պարտականությունները նոյեմբերի եռակողմ փաստաթղթի համաձայն, և Արցախի իշխանությունները պատրա՞ստ են պայքարել հանուն հանրապետության և ժողովրդի։
Արցախի իշխանությունները դեռ պաշտոնապես չեն արձագանքել սադրանքին։ Նախագահի մամուլի քարտուղարը երեկ միայն հայտարարեց, որ ակցիան համաձայնեցված չէ Արցախի ղեկավարության հետ, և խոսքը միայն Լաչինի միջանցքի բացման մասին է։ Նախագահի խորհրդական Արտակ Բեգլարյանն այն անվանել է անընդունելի սադրանք։ Սակայն հայտարարություններ չեն եղել, որ պետական անվտանգության մարմինները թույլ չեն տա ավտոշարասյան անցումը։