Միջնադարում Ստեփանակերտի տարածքում գոյություն են ունեցել Վարարակն, Ներքին շեն, Սողոմոնի շեն, Հին և Նոր Արմենավան, Կրկժան, Փահլուլ կամ Փահլուր (Վարդուտ) հայաբնակ գյուղերը։ Այդ շրջագծի մեջ, քաղաքի հյուսիս արևմտյան կողմում էր գտնվում Վարարակն գյուղը, որը գոյություն է ունեցել մինչև 19-րդ դարի կեսերը:
Այս բնակավայրի հիմնադրումը կապվում է Հայոց Արևելից կողմանց թագավոր Վաչագան Բարեպաշտի անվան հետ: Վարարակնի՝ որպես հին բնակավայրի մասին տեղեկություններ է հաղորդում Մակար Բարխուդարյանցը: Տակավին 1841թ. Վարարակնը 31 տուն` 133 շունչ (74 արական, 59 իգական) բնակչով հիշվում է որպես առանձին գյուղ։
Վարարակն գյուղատեղիի մի հատվածում Ստեփանակերտի հյուսիսային ձորի ձախ լանջին, պահպանվել են աղբյուր, Սբ. Աստվածածին եկեղեցին, ինչպես նաև գերեզմանոցը: Որոշ աղբյուրներում Վարարակնի եկեղեցին անվանված է Սբ. Հռիփսիմե, որի մասին ականատեսը 1890թ. գրել է. «Հանիշեն/հեղ/-Խանքենդի աւանի արևմտյան կողմում, կէս վերստաչափ հեռավորութեամբ գտնւում է Վարարակն կոչուած գիւղը, որի միայն տների հետքերն են երևում այժմ: … Սակայն որպէս մի կենդանի յիշատակ այդ գիւղի այդտեղ կանգնած է մի եկեղեցի, որի վրայ, դժբախտաբար, ոչ մի արձանագրութիւն և թուական չկայ…”
Եկեղեցին մեզ է հասել հիմնովին վերանորոգված վիճակում, գտնվում է ,,Ժիվըյե ի մյորտվըե,, կոչվող ռեստորանի տարածքում։ Եկեղեցուց պահպանվել են միայն չափերն ու հատակագիծը։ Այն ունեցել է միանավ բազիլիկ սրահի հորինվածք։ Առկա են կիսաշրջան խորանը, երկու ուղղանկյուն ավանդատներով և հարավային մուտքը։ Բոլոր պատերը, սրահի կենտրոնով անցնող մույթը, երկու միանման թաղակապ սրահների ծածկերն ու երթիկները հետագա հավելումներ են։ Մուտքի մոտ տեղադրված է 12-13րդ դարերի մեկ խաչքար, որը միգուցե կարող է հիմք ծառայել հուշարձանը պայմանականորեն թվագրելու համար։
Վարարակնի բնակիչները 19-րդ դարի կեսերին հիմնականում տեղափոխվել են Շուշի։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: