Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը փակ պահելու հստակ որոշում կա․ այնտեղ Արցախի ՆԳՆ անցակետ կա

  • 12:45 30.08.2023

Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը փակ պահելու և այն չօգտագործելու հստակ որոշում կա։ Այս մասին օգոստոսի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Արցախի խորհրդարանի նախագահ Դավիթ Իշխանյանը։

Նրա խոսքով՝ այնտեղ կա և՛ ռուս խաղաղապահների, և՛ Արցախի ՆԳՆ ուժերի անցակետ։

«Մենք ունենք մեկ ճանապարհ՝ Լաչինի միջանցքը։ Արցախից Հայաստան և հակառակ ճանապարհով պետք է վերականգնվի և ապահովվի անխափան երթեւեկությունը։ Այս մասին նշված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ։ Մենք ունենք Լաչինի միջանցք հասկացությունը, և մենք չպետք է երկրորդ միջանցք ֆիքսենք»,- ասաց պաշտոնյան։

Նա պարզաբանեց, որ վերջին երեք շաբաթվա ընթացքում Արցախում քննարկումներ են եղել, որոնց արդյունքում իշխանությունները եկել են այն եզրակացության, որ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի շահագործումը մի շարք պատճառներով անընդունելի է։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը քաղաքական նպատակներ է հետապնդում՝ ցանկանալով ցույց տալ, որ դա, իբր, իրենց ներքին խնդիրն է, և Արցախի հումանիտար ճգնաժամը չի կարող վերաբերվել արտաքին աշխարհին, թեև այդ խնդիրը հասել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին։ Բացի այդ, կան հեղինակավոր փորձագետների կարծիքներ՝ Բաքվի կողմից ցեղասպանության քաղաքականության վարման վերաբերյալ։

«Ադրբեջանը 2020 թվականի պատերազմից հետո բոլոր ջանքերը գործադրում է՝ հասնելու, որպեսզի ԿԽՄԿ ներկայացուցչությունը դուրս բերվի Ստեփանակերտից և տեղակայվի Շուշիում կամ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող մեկ այլ բնակավայրում։ ԿԽՄԿ-ի ներկայությունը, որը հաշվետու է Ժնևի գրասենյակին, մեզ համար առավելություն և հնարավորություն է:

Ի վերջո, Ադրբեջանում կա ԿԽՄԿ գրասենյակ, և Բաքուն նույնը կարող էր անել Կարմիր խաչի միջոցով՝ կապ ապահովելով Ստեփանակերտի հետ։ Ընդ որում, և այդ դեպքում մեր մոտեցումները չէին փոխվի։ Այս ամենը միայն ամրագրում է այն փաստը, որ Բաքուն չի թաքցնում իր մտադրությունները»,- հավելել է նա։

f