Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ Արցախը չի մոռանա իրեն սատարող բարեկամներին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արայիկ Հարությունյանն այս մասին հայտարարել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի քաղաքապետի և մի շարք այլ ռեգիոնների ներկայացուցիչների հետ ուղիղ տեսակապի ժամանակ:
«Անցած տարի դեկտեմբերին եղել եմ Ֆրանսիայում, հանդիպումներ եմ ունեցել մեր բարեկամների հետ և այդ ժամանակ զգուշացրել եմ այն ամենի մասին, ինչն այսօր կատարվում է: Ցավոք, այդ կանխատեսումները արդարացան: Իհարկե, Ադրբեջանը ակնկալում է հումանիտար ճնշման միջոցով ծնկի բերել արցախցուն, Արցախին, բայց դա չի հաջողվի: Մենք հարգել գիտենք, բայց ծնկի գալ չգիտենք: Պայքարելու ենք այնքան, ինչքան հնարավորություն ունենանք։ Չնայած որևէ ակնկալիք չունենք աշխարհից, գերտերություններից, միջազգային կառույցներից, բայց մենք շարունակելու ենք: Հազարամյակներով ժառանգած արժանապատվությունը մեզ համար ավելի կարևոր է»,- նշել է Հարությունյանը:
Արցախի Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայից Արցախի համար հատկացված հումանիտար առաքելության բոլոր մասնակիցներին՝ նշելով, որ Արցախը դա երբեք չի մոռանա: