ԵԽ պատգամավորը ԵՄ-ին ու ԱՄՆ-ին կոչ է անում եռապատկել ջանքերը ԼՂ-ի հայերի համար ընդունելի լուծում գտնելու ուղղությամբ

  • 18:47 31.08.2023

Եվրախորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչևը կարծում է, որ ԵՄ-ն և ԱՄՆ-ն պետք է ճնշում գործադրեն, որպեսզի Ադրբեջանը դադարեցնի  Լաչինի միջանցքի արգելափակումը և ապահովի երկկողմանի ազատ տեղաշարժը։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում եվրապատգամավորը նշել է, որ Ադրբեջանի վարած քաղաքականությունը չի նպաստում վստահության մթնոլորտի ձևավորմանը, հետևաբար նաև՝ խաղաղության պայմանագրի կյանքի կոչմանը։ Կովաչևն անընդունելի և դատապարտելի է համարում Ադրբեջանի կողմից 2020 թվականի եռակողմ հայտարարությունը չհարգելը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը փոխանակ վերադարձնի բոլոր հայ ռազմագերիներին, նոր մարդկանց է ձերբակալում։ Հայաստանի հարցերով զեկուցողն ընդգծել է՝ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ձեռք բերված երեք հիմնարար սկզբունքներից երկուսը չեն հարգվում՝ կա ուժի կիրառում և ինքնորոշման իրավունքը բոլորովին անտեսվում է։

-Պարո՛ն Կովաչև, ո՞րն է Ձեր գնահատականը Լեռնային Ղարաբաղում տիրող ներկա իրավիճակին։

-Շատ տխուր եմ Լեռնային Ղարաբաղում հայերի հումանիտար իրավիճակի վատթարացման համար և կրկին ու կրկին միջազգային ճնշման և աջակցության կոչ եմ անում: Պետք է շարունակել Ադրբեջանի վրա ճնշում բանեցնել Լաչինի միջանցքի բացման համար, որը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև միակ ուղիղ կապն է։ Պետք է նաև շարունակել աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը։ Ստեղծված իրավիճակը ակնհայտորեն խախտում է 2020 թվականի եռակողմ հայտարարությունը, որտեղ երաշխավորված էր, որ այդ միջանցքը գործելու է երկու ուղղություններով, և դրա երաշխավորը պետք է լինի այնտեղ ռուսական ռազմական ներկայությունը, բայց նրանք չեն կատարում իրենց պարտավորությունները։ Սա կրկին ցույց է տալիս, որ ռուսները ոչ մի իրավիճակում վստահելի գործընկեր չեն, և մյուս միջազգային գործընկերները, ինչպես Եվրամիությունը, և հատկապես Ֆրանսիան, ինչպես նաև ԱՄՆ-ն, պետք է կրկնապատկեն և եռապատկեն իրենց ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղի հայերի համար ընդունելի լուծում գտնելու համար։

-Արցախում հումանիտար աղետը, կարծես, այդքան էլ լուրջ չի ընդունվում ԵՄ գործադիրի կողմից ։ Ո՞րն է այս անտարբերության, խոսքից գործի չանցնելու իրական պատճառը։

-Անտարբերություն չէի ասի։ Եվրախորհրդարանը բազմիցս քվեարկել է Լեռնային Ղարաբաղի հայերի օգտին և Լաչինի միջանցքի բացման համար։ Եվրամիությունը ռազմական միություն չէ, որը կարող է ուժով իրականացնել մեր ցանկությունները Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի երաշխավորման համար։ Այնուամենայնիվ, մենք կարող ենք այնտեղ ունենալ մեր մոնիթորինգային առաքելությունը։ Կարող ենք զանգահարել Ադրբեջանի նախագահին և պահանջել, որ նախ կատարվեն 2020 թվականից ստանձնած պարտավորությունները, ապա հարգվի նաև միջազգային դատարանի որոշումը։ Դա թույլ կտա Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ունենալ նորմալ կյանք՝  ներառյալ պարենային անվտանգությունն ու բժշկական օգնությունը և կապահովի Լաչինի միջանցքի պատշաճ գործունեությունը երկու ուղղություններով։ Մեր նպատակներին հասնելու համար ճնշում գործադրելու փոխարեն մենք պետք է այս տարրերը դիտարկենք որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև համընդհանուր պայմանագրի մաս։ Այս համապարփակ խաղաղության պայմանագիրը պետք է ներառի սահմանների սահմանազատումը, երաշխիքներ Լեռնային Ղարաբաղի հայերի համար, և դա չպետք է լինի բացառապես Ադրբեջանի սահմանադրության և օրենքների հիման վրա։  Միջազգային երաշխիքներն անհրաժեշտ են հայերի առօրյան, կրթությունը, կրոնը, կարիերայի զարգացումը և սոցիալական բարեկեցությունը պաշտպանելու համար, քանի որ Լեռնային Ղարաբաղը նրանց հայրենի տունն է: Մյուս կողմից, այս բոլոր տարրերը պետք է ներառեն ենթակառուցվածքային ներդրումներ և հնարավորություն տան Ադրբեջանին մուտք գործել դեպի Նախիջևան։ Այս էական տարրերը պետք է լինեն երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի անբաժանելի մասը՝ խուսափելով ուժի կիրառումից կամ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին տառապանքներ պատճառելուց։

-Այո՛, ԵՄ-ն չունի ռազմական լծակներ, բայց ունի պատժամիջոցներ կիրառելու եւ դիվանագիտական հնարավորություններ։ Նույնիսկ միջազգային հեղինակություն ունեցող մասնագետները և կառույցներն են ահազանգում, որ տեղի ունեցողը ցեղասպանություն է ։ 21-րդ դարում, երբ քաղաքակիրթ աշխարհը փնտրում է ցեղասպանությունների կանխարգելման միջոցներ, արցախահայությունը ենթարկվում է ցեղասպանության։ Ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է ։ Որտեղ ե՞ք դուք տեսնում այդ սխալը։ 

-Ես դեռ հավատում եմ, որ ռազմական լուծումը հարցի կարգավորման ճանապարհը չէ։ Այս սարսափելի իրավիճակից խուսափելու միակ կենսունակ մոտեցումը Եվրամիության միջնորդությամբ աջակցվող բանակցությունների շարունակությունն է դեպի համապարփակ խաղաղության համաձայնագիր, որը կներառի քիչ առաջ թվարկածս բոլոր անհրաժեշտ տարրերը, երկու երկրների տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը և Ղարաբաղի հայերի համար երաշխիքների ապահովումը։ Այս տարրերը ռեզոնանսվում են այն ամենի հետ, ինչ մենք գիտենք եռակողմ հայտարարությունից, ինչպես նաև Մինսկի խմբի և դրա հիմնարար սկզբունքների հետ: Երեք հիմնարար սկզբունքները բաղկացած են տարածքային ամբողջականությունից, ժողովուրդների ինքնորոշումից և ուժի չկիրառումից։ Այդ սկզբունքներից երկուսը խախտվել են՝ եղել է ուժի կիրառում, իսկ ժողովրդի ինքնորոշման նկատմամբ հարգանքը բացակայում է։ Հետևաբար, կարևորագույն ասպեկտներից մեկը պետք է լինի Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխիքների ապահովումը։

-Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետից Ադրբեջանն առևանգել է երեք հայ ուսանողների, որոնք Հայաստան էին գնում ուսումը շարունակելու նպատակով։  Նրանք այս պահին Բաքվում կալանավորված են։ Ինչպե՞ս եք Դուք գնահատում այս իրավիճակը։

-Ենթադրում եմ, որ Ադրբեջանի իշխանությունները կպնդեն, որ այդ երիտասարդները, ըստ ադրբեջանական չափանիշների, ներգրավված են եղել անօրինական համարվող գործողություններում, ինչն էլ օգտագործում են որպես հիմնավորում: Նմանատիպ բացատրություններ են տրվել նաեւ ռազմագերիների վերաբերյալ։ Նրանք պնդում են, որ այդ անձինք ռազմագերի չեն, այլ հանցավոր գործողություններ են կատարել։ Սակայն այս դիրքորոշումը հակասում է Ստրասբուրգի միջազգային դատարանի վճիռներին և բոլոր կալանավորներին հայրենադարձելու պարտավորություններին, անկախ նրանից՝ նրանք մեղադրվում են հանցագործություններ կատարելու մեջ, թե ոչ։ Այս տեսակետն ի սկզբանե եղել է Եվրախորհրդարանի հետևողական դիրքորոշումը: Ոչ մի դեպքում ոչ մի հայ չպետք է ենթարկվի առևանգման։

-Ինչպես դուք նշեցիք, ԵԽ-ն բանաձևերով իր դիրքորոշումներն ամեն անգամ վերահաստատում է։ Ի՞նչ կարող է անել եվրախորհրդարանը բացի բանաձևեր ընդունելուց, կա՞ն արդյոք այլ լծակներ։ Ի վերջո, գործադիրը շատ հաճախ աչքաթող է անում օրենսդիրի պահանջները։

-Ցավոք, մեր լիազորությունները սահմանափակ են արտաքին հարաբերությունների հարցերում։ Մենք միայն կարող ենք եվրոպական արտաքին գործողությունների ծառայության և անդամ երկրներին կոչ անել համահունչ լինել Խորհրդարանի գործողություններին և պահանջներին: Սա ներառում է տարածաշրջանում միջնորդության և մոնիտորինգի մեր կարողությունների ընդլայնումը: Մենք նաև կոչ ենք անում Ադրբեջանին թույլ տալ մոնիտորինգ իրականացնել սահմանի ադրբեջանական կողմում։ Բացի այդ, մենք նպատակ ունենք հրավիրել անդամ պետությունների արտաքին գործունեության ուշադրությունը խաղաղության պայմանագրի հասնելու վրա: Իմ անկեղծ հույսն է, որ մենք կարող ենք արագորեն մեղմել հայերի տառապանքը՝ բացելով Լաչինի միջանցքը երկու ուղղություններով և գտնել վստահության ամրապնդման միջոցներ։ Սա չափազանց կարևոր և անհրաժեշտ է։ Ես նաև ասել եմ ադրբեջանական կողմին, որ, եթե նրանք իսկապես խաղաղության են ձգտում, պետք է հարգանք ցուցաբերեն հակառակ կողմի նկատմամբ և վստահություն զարգացնեն։ Այս մոտեցումը վճռորոշ է Հայաստանում հանրային աջակցություն ստանալու համար, ինչը հնարավորություն կտա վարչապետին հավանություն տալ այս պայմանագրին: Բացասական նորությունների անողոք հոսքը և շարունակական տառապանքը չեն նպաստի փոխադարձ լուծումներ գտնելուն և բարենպաստ միջավայրի ձևավորմանը: Միակողմանի զիջումներ պահանջելը բացարձակապես անընդունելի է։ Լեռնային Ղարաբաղի հայերը պահանջում են երաշխիքներ իրենց կյանքի և տեղական կառավարման անխափան գործունեության համար։ Ադրբեջանը պետք է հասկանա և հարգի սա։

 

f