Սեպտեմբերի 2-ին Սփյուռքի հայաշատ տասնյակ քաղաքներում բողոքի ցույցեր կանցկացվեն Արցախի շրջափակման դեմ. Գեղամ Ստեփանյան

Սեպտեմբերի 2-ին Սփյուռքի հայաշատ տասնյակ քաղաքներում բողոքի ցույցեր կանցկացվեն Արցախի շրջափակման դեմ: Այս մասին իր ֆեյսբուքյանն էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

ԱՄՆ Պետդեպի հայտարարությունն Արցախի վերաբերյալ

«ԱՄՆ-ը խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացմամբ՝ պարենի, դեղորայքի և արժանապատիվ գոյության համար անհրաժեշտ այլ ապրանքների մատակարարման շարունակական արգելափակման հետևանքով»,- 1lurer.am-ի փոխանցմամբ՝  նշված է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերի հայտարարության մեջ:

«Միացյալ Նահանգները վերջին մի քանի շաբաթվա ընթացքում շարունակաբար աշխատել է կողմերի հետ՝ ապահովելու մարդասիրական օգնության մատակարարումը Լեռնային Ղարաբաղի բնակչությանը: Մենք կրկնում ենք մեր կոչը՝ անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը հումանիտար, առևտրային և ուղևորափոխադրումների համար։

Բացի դրանից՝ Բաքվի պաշտոնատար անձինք և Ստեփանակերտի ներկայացուցիչները պետք է անհապաղ հանդիպեն, որպեսզի պայմանավորվեն Լեռնային Ղարաբաղի տղամարդկանց, կանանց և երեխաներին կենսական նշանակության սննդամթերք հասցնելու եղանակների մասին, ներառյալ՝ մատակարարման լրացուցիչ երթուղիներով  և վերսկսեն քննարկումները բոլոր չլուծված հարցերի շուրջ: Մարդասիրական օգնությունը երբեք չպետք է դառնա քաղաքական տարաձայնությունների պատանդ», նշել են ԱՄՆ պետքարտուղարությունում։

Բորելը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին ապահովել անվտանգ և ազատ տեղաշարժ Լաչինի միջանցքով

Իսպանիայում կայացած ԵՄ արտաքին գործերի նախարարների նիստի ժամանակ, ի թիվս բազմաթիվ հարցերի, քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն ու Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամը։

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ արտգործնախարարների նիստից հետո կայացած մամլո ասուլիսի ընթացքում ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել ադրբեջանական իշխանություններին ապահովել անվտանգ և ազատ տեղաշարժ Լաչինի միջանցքով։

«Մենք կոչ ենք անում ադրբեջանական իշխանություններին ապահովել անվտանգ և ազատ տեղաշարժ Լաչինի միջանցքով»,- արտգործնախարարների նիստից հետո կայացած մամլո ասուլիսի ընթացքում հայտարարել է Բորելը։

Սեպտեմբերի 1-ի գիշերը Լոս Անջելեսում՝ Ադրբեջանի հյուպատոսության դիմաց, նախատեսվում է բացել «Արցախի Հանրապետության հրապարակը»

Սեպտեմբերի 1-ի գիշերը Լոս Անջելեսում՝ Ադրբեջանի հյուպատոսության դիմաց նախատեսվում է բացել «Արցախի Հանրապետության հրապարակը»։ Նկատի ունենալով ադրբեջանցի դիվանագետների ձախողված աշխատանքը՝ հյուպատոսության աշխատակիցներին առաջարկում եմ մի քանի պարկ ալյուր դնել հյուպատոսության դարպասի դիմաց հենց այս «Արցախի Հանրապետության հրապարակի» բնակիչների համար։ @MaidenTower

Մայիսի 17-ին Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը որոշում է կայացրել Ուիլշիր բուլվարի և Գրենվիլ պողոտայի խաչմերուկն անվանել Արցախի Հանրապետության հրապարակ, հայտնում է LAist-ը։

Նման որոշումը, ըստ քաղաքային խորհրդի ղեկավար Փոլ Կրեկորյանի գրասենյակի, «լոսանջելեսցիների համերաշխության ժեստ է Արցախի ժողովրդի հետ»։

Թուրքիան կարող է շատ կառուցողական և օգտակար դեր խաղալ հայ-ազերբայդժանական հարաբերությունների կարգավորման գործում. Լավրով

Մենք կողմ ենք Թուրքիայի հետ համագործակցության խորացմանը, այդ թվում՝ Անդրկովկասում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Թուրքիայի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

«Մենք շահագրգռված ենք նպաստելու Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև այն բոլոր պայմանավորվածությունների իրականացմանը, որոնք ձեռք են բերվել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2022 թվականի նոյեմբերից ի վեր, այդ թվում՝ տրանսպորտային կապերի, հաղորդակցությունների ապաշրջափակման, ինչպես նաև հետկոնֆլիկտային վերականգնման հետ կապված։ Մենք համոզված ենք, որ Թուրքիան կարող է շատ կառուցողական և օգտակար դեր խաղալ այդ ջանքերում»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

Ակտիվիստների խոսքով՝ Ակնա տանող ճանապարհին իրավիճակը վերահսկողության տակ է

«Ակցիայի վայրում իրավիճակը համեմատաբար հանգիստ է և գտնվում է մեր վերահսկողության տակ»,- ժամը 18.50-ին ասաց «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» շարժման ներկայացուցիչ Արշակ Աբրահամյանը։

Բայց ակցիայի մասնակից ասկերանցիները կարծում են, որ անհրաժեշտ է, որ մի քանի հազար մարդ փակի ճանապարհը։

Ասկերանցի Հերմինե Խաչատրյանն առաջինը տեղում հայտնվեց, երբ լուր եկավ, որ ադրբեջանական բեռնատարները շարժվում են Ակնայից։ Այսօր նա կրկին հորդորեց ոչ թե հանգստանալ, այլ գալ Ասկերան։

«Անհրաժեշտ է, որ ակցիայի վայրում ավելի շատ մարդ լինի, քանի որ իրավիճակը մե՛կ թեժանում է, մե՛կ կայունանում է։ Մեզ հայտնի դարձավ, որ այնտեղ, որտեղ կանգնած են ադրբեջանական բեռնատարները, մարդկանց մեծ կենտրոնացում կա։ Ես կոչ եմ անում մարդկանց գալ ակցիայի վայր։ Այստեղ պետք է լինեն մի քանի տասնյակ հազարներով, ինչպես Ստեփանակերտի հրապարակում։ Մենք չպետք է թույլ տանք, որ իրավիճակը դուրս գա մեր վերահսկողությունից»։

Բայց ակցիայի մեկ այլ մասնակից՝ Վանիկ Ն.-ն ցավով նշեց, որ« նախագահի հրաժարականը մի փոքր շփոթեցրել է քաղաքացիներին, թեկուզ մենք չպետք է շեղվենք։ Տեղական իշխանությունները պետք է փորձեն վառելիք գտնել, մարդկանց ուղարկել այստեղ: Եթե ​​Ակնայից ճանապարհը բացվի, ուրեմն սա մեր վերջը կլինի՝ հայկական Արցախի հետ միասին»։

 

ԵԽ պատգամավորը ԵՄ-ին ու ԱՄՆ-ին կոչ է անում եռապատկել ջանքերը ԼՂ-ի հայերի համար ընդունելի լուծում գտնելու ուղղությամբ

Եվրախորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչևը կարծում է, որ ԵՄ-ն և ԱՄՆ-ն պետք է ճնշում գործադրեն, որպեսզի Ադրբեջանը դադարեցնի  Լաչինի միջանցքի արգելափակումը և ապահովի երկկողմանի ազատ տեղաշարժը։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում եվրապատգամավորը նշել է, որ Ադրբեջանի վարած քաղաքականությունը չի նպաստում վստահության մթնոլորտի ձևավորմանը, հետևաբար նաև՝ խաղաղության պայմանագրի կյանքի կոչմանը։ Կովաչևն անընդունելի և դատապարտելի է համարում Ադրբեջանի կողմից 2020 թվականի եռակողմ հայտարարությունը չհարգելը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը փոխանակ վերադարձնի բոլոր հայ ռազմագերիներին, նոր մարդկանց է ձերբակալում։ Հայաստանի հարցերով զեկուցողն ընդգծել է՝ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ձեռք բերված երեք հիմնարար սկզբունքներից երկուսը չեն հարգվում՝ կա ուժի կիրառում և ինքնորոշման իրավունքը բոլորովին անտեսվում է։

-Պարո՛ն Կովաչև, ո՞րն է Ձեր գնահատականը Լեռնային Ղարաբաղում տիրող ներկա իրավիճակին։

-Շատ տխուր եմ Լեռնային Ղարաբաղում հայերի հումանիտար իրավիճակի վատթարացման համար և կրկին ու կրկին միջազգային ճնշման և աջակցության կոչ եմ անում: Պետք է շարունակել Ադրբեջանի վրա ճնշում բանեցնել Լաչինի միջանցքի բացման համար, որը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև միակ ուղիղ կապն է։ Պետք է նաև շարունակել աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը։ Ստեղծված իրավիճակը ակնհայտորեն խախտում է 2020 թվականի եռակողմ հայտարարությունը, որտեղ երաշխավորված էր, որ այդ միջանցքը գործելու է երկու ուղղություններով, և դրա երաշխավորը պետք է լինի այնտեղ ռուսական ռազմական ներկայությունը, բայց նրանք չեն կատարում իրենց պարտավորությունները։ Սա կրկին ցույց է տալիս, որ ռուսները ոչ մի իրավիճակում վստահելի գործընկեր չեն, և մյուս միջազգային գործընկերները, ինչպես Եվրամիությունը, և հատկապես Ֆրանսիան, ինչպես նաև ԱՄՆ-ն, պետք է կրկնապատկեն և եռապատկեն իրենց ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղի հայերի համար ընդունելի լուծում գտնելու համար։

-Արցախում հումանիտար աղետը, կարծես, այդքան էլ լուրջ չի ընդունվում ԵՄ գործադիրի կողմից ։ Ո՞րն է այս անտարբերության, խոսքից գործի չանցնելու իրական պատճառը։

-Անտարբերություն չէի ասի։ Եվրախորհրդարանը բազմիցս քվեարկել է Լեռնային Ղարաբաղի հայերի օգտին և Լաչինի միջանցքի բացման համար։ Եվրամիությունը ռազմական միություն չէ, որը կարող է ուժով իրականացնել մեր ցանկությունները Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի երաշխավորման համար։ Այնուամենայնիվ, մենք կարող ենք այնտեղ ունենալ մեր մոնիթորինգային առաքելությունը։ Կարող ենք զանգահարել Ադրբեջանի նախագահին և պահանջել, որ նախ կատարվեն 2020 թվականից ստանձնած պարտավորությունները, ապա հարգվի նաև միջազգային դատարանի որոշումը։ Դա թույլ կտա Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ունենալ նորմալ կյանք՝  ներառյալ պարենային անվտանգությունն ու բժշկական օգնությունը և կապահովի Լաչինի միջանցքի պատշաճ գործունեությունը երկու ուղղություններով։ Մեր նպատակներին հասնելու համար ճնշում գործադրելու փոխարեն մենք պետք է այս տարրերը դիտարկենք որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև համընդհանուր պայմանագրի մաս։ Այս համապարփակ խաղաղության պայմանագիրը պետք է ներառի սահմանների սահմանազատումը, երաշխիքներ Լեռնային Ղարաբաղի հայերի համար, և դա չպետք է լինի բացառապես Ադրբեջանի սահմանադրության և օրենքների հիման վրա։  Միջազգային երաշխիքներն անհրաժեշտ են հայերի առօրյան, կրթությունը, կրոնը, կարիերայի զարգացումը և սոցիալական բարեկեցությունը պաշտպանելու համար, քանի որ Լեռնային Ղարաբաղը նրանց հայրենի տունն է: Մյուս կողմից, այս բոլոր տարրերը պետք է ներառեն ենթակառուցվածքային ներդրումներ և հնարավորություն տան Ադրբեջանին մուտք գործել դեպի Նախիջևան։ Այս էական տարրերը պետք է լինեն երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի անբաժանելի մասը՝ խուսափելով ուժի կիրառումից կամ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին տառապանքներ պատճառելուց։

-Այո՛, ԵՄ-ն չունի ռազմական լծակներ, բայց ունի պատժամիջոցներ կիրառելու եւ դիվանագիտական հնարավորություններ։ Նույնիսկ միջազգային հեղինակություն ունեցող մասնագետները և կառույցներն են ահազանգում, որ տեղի ունեցողը ցեղասպանություն է ։ 21-րդ դարում, երբ քաղաքակիրթ աշխարհը փնտրում է ցեղասպանությունների կանխարգելման միջոցներ, արցախահայությունը ենթարկվում է ցեղասպանության։ Ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է ։ Որտեղ ե՞ք դուք տեսնում այդ սխալը։ 

-Ես դեռ հավատում եմ, որ ռազմական լուծումը հարցի կարգավորման ճանապարհը չէ։ Այս սարսափելի իրավիճակից խուսափելու միակ կենսունակ մոտեցումը Եվրամիության միջնորդությամբ աջակցվող բանակցությունների շարունակությունն է դեպի համապարփակ խաղաղության համաձայնագիր, որը կներառի քիչ առաջ թվարկածս բոլոր անհրաժեշտ տարրերը, երկու երկրների տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը և Ղարաբաղի հայերի համար երաշխիքների ապահովումը։ Այս տարրերը ռեզոնանսվում են այն ամենի հետ, ինչ մենք գիտենք եռակողմ հայտարարությունից, ինչպես նաև Մինսկի խմբի և դրա հիմնարար սկզբունքների հետ: Երեք հիմնարար սկզբունքները բաղկացած են տարածքային ամբողջականությունից, ժողովուրդների ինքնորոշումից և ուժի չկիրառումից։ Այդ սկզբունքներից երկուսը խախտվել են՝ եղել է ուժի կիրառում, իսկ ժողովրդի ինքնորոշման նկատմամբ հարգանքը բացակայում է։ Հետևաբար, կարևորագույն ասպեկտներից մեկը պետք է լինի Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխիքների ապահովումը։

-Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետից Ադրբեջանն առևանգել է երեք հայ ուսանողների, որոնք Հայաստան էին գնում ուսումը շարունակելու նպատակով։  Նրանք այս պահին Բաքվում կալանավորված են։ Ինչպե՞ս եք Դուք գնահատում այս իրավիճակը։

-Ենթադրում եմ, որ Ադրբեջանի իշխանությունները կպնդեն, որ այդ երիտասարդները, ըստ ադրբեջանական չափանիշների, ներգրավված են եղել անօրինական համարվող գործողություններում, ինչն էլ օգտագործում են որպես հիմնավորում: Նմանատիպ բացատրություններ են տրվել նաեւ ռազմագերիների վերաբերյալ։ Նրանք պնդում են, որ այդ անձինք ռազմագերի չեն, այլ հանցավոր գործողություններ են կատարել։ Սակայն այս դիրքորոշումը հակասում է Ստրասբուրգի միջազգային դատարանի վճիռներին և բոլոր կալանավորներին հայրենադարձելու պարտավորություններին, անկախ նրանից՝ նրանք մեղադրվում են հանցագործություններ կատարելու մեջ, թե ոչ։ Այս տեսակետն ի սկզբանե եղել է Եվրախորհրդարանի հետևողական դիրքորոշումը: Ոչ մի դեպքում ոչ մի հայ չպետք է ենթարկվի առևանգման։

-Ինչպես դուք նշեցիք, ԵԽ-ն բանաձևերով իր դիրքորոշումներն ամեն անգամ վերահաստատում է։ Ի՞նչ կարող է անել եվրախորհրդարանը բացի բանաձևեր ընդունելուց, կա՞ն արդյոք այլ լծակներ։ Ի վերջո, գործադիրը շատ հաճախ աչքաթող է անում օրենսդիրի պահանջները։

-Ցավոք, մեր լիազորությունները սահմանափակ են արտաքին հարաբերությունների հարցերում։ Մենք միայն կարող ենք եվրոպական արտաքին գործողությունների ծառայության և անդամ երկրներին կոչ անել համահունչ լինել Խորհրդարանի գործողություններին և պահանջներին: Սա ներառում է տարածաշրջանում միջնորդության և մոնիտորինգի մեր կարողությունների ընդլայնումը: Մենք նաև կոչ ենք անում Ադրբեջանին թույլ տալ մոնիտորինգ իրականացնել սահմանի ադրբեջանական կողմում։ Բացի այդ, մենք նպատակ ունենք հրավիրել անդամ պետությունների արտաքին գործունեության ուշադրությունը խաղաղության պայմանագրի հասնելու վրա: Իմ անկեղծ հույսն է, որ մենք կարող ենք արագորեն մեղմել հայերի տառապանքը՝ բացելով Լաչինի միջանցքը երկու ուղղություններով և գտնել վստահության ամրապնդման միջոցներ։ Սա չափազանց կարևոր և անհրաժեշտ է։ Ես նաև ասել եմ ադրբեջանական կողմին, որ, եթե նրանք իսկապես խաղաղության են ձգտում, պետք է հարգանք ցուցաբերեն հակառակ կողմի նկատմամբ և վստահություն զարգացնեն։ Այս մոտեցումը վճռորոշ է Հայաստանում հանրային աջակցություն ստանալու համար, ինչը հնարավորություն կտա վարչապետին հավանություն տալ այս պայմանագրին: Բացասական նորությունների անողոք հոսքը և շարունակական տառապանքը չեն նպաստի փոխադարձ լուծումներ գտնելուն և բարենպաստ միջավայրի ձևավորմանը: Միակողմանի զիջումներ պահանջելը բացարձակապես անընդունելի է։ Լեռնային Ղարաբաղի հայերը պահանջում են երաշխիքներ իրենց կյանքի և տեղական կառավարման անխափան գործունեության համար։ Ադրբեջանը պետք է հասկանա և հարգի սա։

 

ԱՄՆ մի շարք քրիստոնեական համայնքների առաջնորդներ նամակ են ուղարկել Բայդենին՝ մտահոգություն հայտնելով Արցախի շրջափակման կապակցությամբ

Ամերիկայի Միացյալ Նահանգների մի շարք քրիստոնեական համայնքների առաջնորդներ օգոստոսի 29-ին նամակ են ուղարկել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ խորը մտահոգություն հայտնելով Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման կապակցությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նամակի հեղինակները կոչ են անում ԱՄՆ նախագահին օգտագործել իր ողջ ազդեցությունը՝ վերջ դնելու Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի արգելափակմանն Ադրբեջանի կողմից, ինչպես նաև ջանքեր գործադրել՝ հասնելու հակամարտության երկարաժամկետ կարգավորմանը։

«Խնդրում ենք Ձեզ շտապ քայլեր ձեռնարկել՝ դադարեցնելու Արցախի շրջափակումը, տրամադրելու անհրաժեշտ մարդասիրական օգնություն և երաշխավորելու, որ այդ կենսական նշանակության բեռը տեղ հասնի, վերջ դնելու Արցախի ժողովրդի տառապանքներին և կանխելու սողացող ցեղասպանությունը, որի ականատեսն ենք մենք։ Հորդորում ենք անել հնարավորը՝ միջազգային գործընկերների և Ադրբեջանի ու Թուրքիայի կառավարությունների հետ համագործակցությամբ այս շարունակվող քաղաքական ճգնաժամին և հումանիտար աղետին անհապաղ դիվանագիտական լուծում գտնելու համար», – գրված է նամակում։

Փաստաթղթում հղում է արվում նաև Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի կողմից վերջերս հրապարակված զեկույցին, որում ներկայացվում է Ադրբեջանի իշխանությունների գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը և արձանագրվում, որ «հիմք կա ենթադրելու, որ ցեղասպանություն է իրագործվում»։ Նշվում է նաև, որ Արցախի շրջափակումը դատապարտել են ՄԱԿ-ի հատուկ զեկուցողները, «Human Rights Watch», «Amnesty International», «Freedom House» և «Lemkin Institute for Genocide» հեղինակավոր միջազգային կազմակերպությունները, ԱՄՆ Քրիստոնեական եկեղեցիների ազգային խորհուրդը։

 

 

ՄԻԵԴ-ը ժամանակ է տվել Ադրբեջանին՝ առևանգված երեք երիտասարդների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար

ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել Ադրբեջանին մինչև սեպտեմբերի 7-ը ժամանակ տրամադրել՝ օգոստոսի 28-ին Լաչինի միջանցքից առևանգված երեք քաղաքացիական անձանց վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի «Ֆեյսբուք»-ի Էջը, Ադրբեջանը պարտավոր է դատարանին տեղեկություններ հայտնել այդ անձանց գտնվելու վայրի, պահման պայմանների, առողջական վիճակի, ստացած բուժօգնության և վերադարձի ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին:

Արտակ Բեգլարյանն էլ հրաժարական տվեց

Պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը գրել է․ 
Սիրելի՛ հայրենակիցներ,
Տեղյակ եք Արցախի Հանրապետության պետական նախարարի փոփոխության ու նախագահի առաջիկա հրաժարականի մասին: Տեղեկացնեմ, որ իմ դիմումի համաձայն՝ այսօր ես ազատվել եմ պետնախարարի խորհրդականի պաշտոնից:
Ես ինքս իմ դիրքորոշումներն ու առաջարկներն եմ ունեցել թե՛ այսօրվա և թե՛ նախընթաց ներքին ու արտաքին զարգացումների վերաբերյալ, որոնք ներկայացրել եմ Նախագահին ու պետնախարարին՝ ընդգծելով պետական համակարգի կայունության ու արդյունավետության անընդհատ անհրաժեշտությունը:
11-ամյա հանրային ծառայության ողջ ընթացքում իմ արժեքների, սկզբունքների, գիտելիքների ու կարողությունների առավելագույն չափով նվիրվել եմ Արցախի Հանրապետությանը և Հայ ժողովրդին ծառայելու իմ առաքելությանը: Իսկ պետնախարարի խորհրդականի կարգավիճակում վերջին ամիսներին փաստացի համակարգել եմ տեղեկատվական աշխատանքները, ինչպես նաև հնարավորինս աջակցել եմ արտաքին քաղաքական և միջազգային իրավական ջանքերի կյանքի կոչմանը:
Կարծում եմ՝ ինձ ճանաչողները լավ գիտեն, որ պետական համակարգում լինեմ, թե ոչ, միևնույն է՝ ես շարունակելու եմ իմ ծառայությունը Հայրենիքիս ու Ժողովրդիս՝ դրա անառարկելի առանցքը համարելով կայուն ու զարգացող պետությունը: Հատկապես շրջափակման ու ադրբեջանական ցեղասպանական քաղաքականության հարուցած այս ծանրագույն պայմաններում առավել քան երբևէ բոլորիս ջանքերը պետք է ուղղված լինեն Արցախի Հանրապետության պետական համակարգի անսասան ու արդյունավետ գործառնությունն ապահովելուն: Ուստի, իմ պաշտոնաթողությունը համարելով քաղաքական անհրաժեշտություն՝ միաժամանակ ես երբևէ անձերով ու կարգավիճակով չեմ պայմանավորել իմ ազգային ու հանրային ծառայությունը: Հետևաբար, մշտապես պատրաստակամ եմ իմ սկզբունքների ու արժեքների շրջանակներում առավելագույնս աջակցելու ԱՀ իշխանություններին՝ թե՛ արտաքին և թե՛ ներքին բազմաբնույթ մարտահրավերների հաղթահարման գործում:
Անկախ իմ ոչ առաջնային կարգավիճակից՝ ներողություն եմ հայցում մեր բոլոր հայրենակիցներից, ում ակնկալիքները չեմ կարողացել բավարարել կամ թույլ եմ տվել տարբեր բացթողումներ: Շնորհակալություն նախագահ Հարությունյանին և պետնախարար Ներսիսյանին՝ պետությանը ծառայելու ինձ ընձեռնված հնարավորության համար, իսկ բոլոր գործընկերներիս՝ արդյունավետ համագործակցության համար:
Պատմական համբերություն և վճռականություն մեր ժողովրդին՝ պետականությունն ու Հայրենիքը պահպանելու և հաջորդ սերունդներին ժառանգելու ծանրագույն առաքելության մեջ:

Ադրբեջանցիները իրավունք չունեին անցնելու Արցախի տարածք, ոստիկանությունը պետք է վերջնագիր ներկայացնի ռուսներին

Ի՞նչ իրավունքով են ադրբեջանական բեռնատարներն անցել Արցախի տարածք։ Նրանք իրավունք չունեին անցնելու մեր կողմը։ Ադրբեջանցիները պետք է վերադառնան, ոչ թե դիվանագետների հետ անօրինական հավաքներ կազմակերպեն,- Step1.am-ի հետ զրույցում ասաց բլոգեր, հասարակական գործիչ Լևոն Կասպարյանը։

Նա հավելեց, որ «Արցախը պետք է պատասխան պահանջի ռուս խաղաղապահներից, թե ինչո՞ւ են թույլ տվել ադրբեջանական բեռնատարներին անցնել Արցախի տարածք։ Այս հարցը մեզ անհանգստացնում էր շրջափակման սկզբից, երբ «կեղծ էկոակտիվիստները» փակեցին ճանապարհը։ Միգուցե այս անգամ պատասխան ստանա՞նք։

«Ամեն դեպքում, մեր ոստիկանությունը պարտավոր է արձանագրել ապօրինի մուտքը՝ հարց բարձրացնելով, թե ինչպե՞ս են ադրբեջանցիները կարողացել անցնել ռուս խաղաղապահների անցակետով։ Եվ ինչպես արդեն ասվեց, պահանջեն և ժամանակ տան, որպեսզի ադրբեջանցիները վերադառնան այնտեղ, որտեղ ենթադրվում է»։

Գերմանիայի ԱԳ նախարար․ ԵՄ-ն ԱՄՆ-ի հետ քննարկում է, ինչպես անել, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ստանա մարդասիրական օգնություն

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքն ընդգծել է Լաչինի միջանցքի բացման կարևորությունը և հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը ներառված է օգոստոսի 31-ին Իսպանիայում անցկացվող ԵՄ արտգործնախարարների հանդիպման օրակարգում։ Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ТАСС-ի հրապարակումը։

«Ես և իմ ֆրանսիացի գործընկերը (խմբ․՝ Կատրին Կոլոննան) օրակարգում նաև ներառել ենք իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Այնտեղ մարդկանց վիճակն աղետալի է», – ասել է Բերբոքը Տոլեդո քաղաքում ԵՄ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը ժամանելիս:

Գերմանիայի ԱԳ նախարարը հիշեցրել է նաև Արցախում էլեկտրամատակարարման խափանումների մասին՝ շեշտելով մարդկանց բնականոն կյանքի համար Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը։

«Եվ այդ իսկ պատճառով մենք վճռական կոչով դիմում ենք Ադրբեջանին և Ռուսաստանին՝ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն, ի վերջո, պետք է ստանա այն, ինչ հարկավոր է կյանքի համար: Լաչինի միջանցքը պետք է ազատ լինի մարդասիրական օգնության համար», – ընդգծել է Անալենա Բերբոքը։

Բերբոքը նաև նշել է, որ արդեն մի քանի օր է, ինչ կարծիքների փոխանակում է տեղի ունենում ամերիկացի գործընկերների հետ՝ երաշխավորելու, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը վերջապես ստանա մարդասիրական օգնություն։